Ազատի հրդեհի գործով դատարանում ցուցմունք է տալիս տուժող վկա զինծառայողը

Զինվորների հրդեհված կացարանը Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում, 19-ը հունվարի, 2023թ.

Ոչ հետաքրքրվել են, թե զինծառայողները սառը ձմռանն ինչպես են տաքանում, ոչ էլ նրանց սովորեցրել են, թե ինչ պետք է անել հրդեհների, պայթյունների, կամ, ասենք, հարձակման ժամանակ. Սևանի ընդհանուր իրավասության դատարանում դատախազի և տուժող կողմի հարցերին պատասխանելիս այդ մասին հայտարարեց հունվարին 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով տուժող վկա Լևոն Խառատյանը, որը ողջ մնացած ծառայողներից մեկն է:

«Լսել ե՞ք երբևէ, որ ավելի բարձր օղակներում հետաքրքրություն լինի, թե էդ տունը զինծառայողները ինչով են տաքացնում», - այս հարցին Խառատյանն արձագանքեց. - «Չէ, չեմ հիշում տենց բան, որ ինչ-որ բարձր տեղից ասեն, օրինակ, տանը էս պլիտան խի՞ ա ստեղ դրած, էլի, օրինակ, կամ խի՞ շատ պլիտա չունեք, չգիտեմ: Շատ բան չէինք, էլի, անում, մենք մեր համար տենց հարմարվել էինք, ամեն մեկս ոնց որ արդեն մեր համար ստեղծում էինք, հարմար էր»:

Դատարանում այսօր շարունակվեց գործի քննությունը: Պաշտոնական վարկածով՝ հրդեհի պատճառը բենզինի հետ վարվելու կանոնները խախտելն է:

Այսօր առաջին անգամ դատարանում ցուցմունք տվեց պատահարի ժամանակ այնտեղ գտնվող զինծառայողներից մեկը: Նա սկզբում պատասխանեց դատախազության հարցերին, հետո էլ՝ տուժող կողմի ներկայացուցչի փաստաբան Նորայր Նորիկյանի հարցերին:

Նորիկյան. - Իսկ երբևէ ձեր ծառայության ընթացքում որևէ վերադաս հրամանատարության կողմից երբևէ ձեզ սովորեցրե՞լ են, թե դուք ինչ պետք է անեք կոնկրետ հրդեհի դեպքում:

Խառատյան. - Չէ:

Նորիկյան. - Էդ կացարանը ուներ որոշակի առանձնահատկություններ: Ձեզ սովորեցրե՞լ են, թե դուք ինչ պետք է անեիք հնարավոր հարձակման դեպքում հակառակորդի կողմից:

Խառատյան. - Չէ:

Նորիկյան. - Հնարավոր պայթյունի դեպքում դուք ի՞նչ պետք է անեիք:

Խառատյան. - Չէ, տենց բաներ...

Նորիկյան. - Այսինքն՝ ձեզ չեն սովորեցրե՞լ, թե ենթադրեք՝ ձեր կացարանը ենթարկվում է հարձակման, դուք ի՞նչ պետք է անեիք: Չե՞ն սովորեցրել:

Հարցաքննությունը, սակայն, ավարտին չհասավ: Աշխատանքային օրվա ավարտից շուրջ մեկ ժամ առաջ դատարանում մթնոլորտը կրկին լարվեց:

Սևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող այս գործում տուժող կողմը պարբերաբար դժգոհություն է հայտնում ընդհանրապես նախաքննության ամբողջ ընթացքից: Ասում են, որ դեպքին հաջորդող այս ամբողջ ժամանակահատվածում իրավապահ համակարգը պատշաճ քննություն չի իրականացրել, ամեն ինչ չի արվել դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար, և հայտարարում են, որ այս լարվածության, միջադեպերի, պարբերաբար կրկնվող բախումների պատճառներից մեկը հենց այդ անվստահությունն է նախաքննության նկատմամբ:

Լևոն Խառատյանը տուժող կողմի և արդեն մեղադրյալների հարցերին կպատասխանի հաջորդ դատական նիստին:

Այս գործով հինգ մեղադրյալ կա, նրանցից գլխավորը Եղիշե Հակոբյանն է՝ կապիտանը, որն, ըստ քրեական գործի, բենզին է լցրել վառարանի մեջ: Հակոբյանը և ևս երկու զինվորական, որոնք այդ ժամանակ պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել, կալանավորված են, ևս երկուսը, ովքեր նույնպես պատասխանատուներ էին, ազատության մեջ են:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զինվորական կացարանի հրդեհի գործով նիստը կրկին լարված անցավ. այն մի քանի անգամ ընդհատվեց