Երևանի ու Անկարայի հատուկ ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին քննարկում այս պահին չկա, առանց այլ մանրամասների «Ազատության»-ը փոխանցեց հայկական կողմի բանակցող, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը մինչ օրս պաշտոնական չորս հանդիպում են ունեցել, վերջինը շուրջ մեկուկես տարի առաջ Վիեննայում: Հենց այդ հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Իրականացման հարցում, սակայն, առաջընթաց չկա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բանագնացների վերջին հանդիպումից ավելի քան 1 տարի անց ոչ մի առաջընթաց հայ-թուրքական հարաբերություններում չկաՕրերս ԵԱՀԿ նախարարական հավաքին մասնակցած Հայաստանի արտգործնախարարը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացնելիս կարևորել էր Հայաստան-Թուրքիա սահմանի բացումն ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը:
«Ինչպես տեղյակ եք, մենք համաձայնություն ենք ձեռք բերել բացել ցամաքային սահմանը 3-րդ երկրների և դիվանագիտական անձնագրեր կրող՝ Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար, ինչը վերահաստատվել է նախարար Ֆիդանի կողմից հոկտեմբերի 23-ի մեր երկկողմ հանդիպման ժամանակ: Եվ նույնիսկ հստակ ժամկետներ են նշվել՝ նկատի ունենալով առաջիկա շաբաթները, և հուսով ենք, որ մոտ ապագայում մենք կյանքի կկոչենք այս առաջին, սակայն բավականին շոշափելի քայլը», - նշել է Միրզոյանը։
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Թեհրանում «3+3» հարթակի շրջանակներում տեղի ունեցած այդ հանդիպումից անցել է ավելի քան մեկ ամիս: Լռությունն այսօր խախտեց պաշտոնական Երևանը՝ հայտնելով, որ հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման:
«Հայկական կողմն ակնկալում է թուրքական կողմից ևս դրական ազդակներ ստանալ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ», - «Ազատության»-ը փոխանցեցին Արտաքին գործերի նախարարությունից:
Պայմանավորվածությունների իրականացման շուրջ կա՞ն արդյոք հստակ սահմանված ժամկետներ, արտաքին քաղաքական գերատեսչությունից ասացին՝ նախարար Միրզոյանի ելույթին ավելացնելու ոչինչ չունեն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նախկին պայմանավորվածությունների մասով մոտ ապագայում գուցե լավ նորություն կունենանք»․ Միրզոյանը՝ հայ-թուրքական հարաբերություններիցՀոկտեմբերի վերջին խորհրդարանում հայ-թուրքական հարաբերությունների մասին լավատեսական հայտարարություն էր արել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ նաև հույս հայտնել, որ առաջիկայում մենք կունենանք հատուկ ներկայացուցիչների քննարկումների, բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում, որը վերաբերում է հետևյալին՝ Հայաստան-Թուրքիա սահմանն այս փուլում բացվում է երրորդ երկրների քաղաքացիների համար և դիվանագիտական անձնագիր կրողների համար», - նշել է վարչապետը:
Այդ օրը Փաշինյանը նաև հայտնեց, որ հայկական կողմը Մարգարայի կամրջի սահմանային հատվածում վերազինման և վերականգնման էական աշխատանք է իրականացրել: Այդ կամուրջը փակ է 1993 թվականից: Հայաստանը Թուրքիային կապող ամենակարճ ավտոճանապարհը մի քանի ժամով բացվեց փետրվարին, երբ հայկական բեռնատարները օգնություն էին տանում երկրաշարժից տուժած աղետի գոտի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը 100 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԹուրքիաՔաղաքական մեկնաբանի կարծիքով՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններն կարգավորման հարցերը փոխկապակցված
Հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու աշխատանքներին նոր թափ հաղորդելու մի հայտարարություն էլ այդ օրերին էր հնչել, սակայն դա էլ իրականություն չդարձավ: Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ եթե անգամ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, միևնույն է, դրանք էական նշանակություն չեն ունենա. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցն ուղիղ կապ ունի հայ-ադրբեջանականի հետ:
«Երբ նման լավատեսական կարծիքներ են հնչում, ապա պետք է ենթադրել, որ հայ-ադրբեջանական կարգավորման կամ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում ինչ-որ լուրջ առաջընթացի հեռանկարներ են ի հայտ եկել: Դրանք փոխկապակցված են ու դա ընդամենը կատալիզատոր է, որը ցույց է տալիս, թե ինչ վիճակում է իրականում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը», - նշեց Բաղդասարյանը:
Արցախի անկումից հետո խաղաղության պայմանագրի շուրջ Երևան-Բաքու բանակցություններ տեղի չեն ունեցել: Ու թեև Երևանն ու Անկարան ի սկզբանե հայտարարում էին, թե գնում են առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման, Թուրքիայի իշխանությունները չեն թաքցնում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական գործընթացները պետք է զուգահեռաբար ընթանան:
Այս ֆոնին սահմանի մասնակի բացումը սիմվոլիկ բնույթ է կրելու, որն ամեն պահի Անկարան կարող է չեղարկել, ասում է քաղաքական մեկնաբանը՝ հիշեցնելով Թուրքիայի արձագանքը Երևանում հայ վիրաժառուների «Նեմեսիս» արձանի տեղադրմանը: Երբ Թուրքիան, քննադատելով Երևանին, որոշ ժամանակով փակեց օդային տարածքը Հայաստանի համար: Հաշտեցման նախկին՝ տապալված փորձերը հաշվի առնելով՝ Բաղդասարյանը գրեթե բացառում է, որ առանց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավոր է Թուրքիայի հետ առաջընթացի հասնել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարան հայկական օդանավերի համար տարածքը փակել է «Նեմեսիս»-ի բացման պատճառով. Փաշինյանն արձագանքել է«Եթե անգամ տեսականորեն այդպիսի հնարավորություն ստեղծվի, կարծում եմ, Թուրքիան բավականին բարձր գին կպահանջի դրա համար, այսինքն, դա չի լինի սոսկ դիվանագիտական հարաբերությունների հաստատում կամ հարաբերությունների կարգավորում, այլ դա կլինի ամբողջական ինչ-որ փաթեթ, որի դիմաց Հայաստանից կպահանջվեն շատ էական զիջումներ, օրինակ, միջազգային որևէ ատյանում Ցեղասպանության հարցի արծարծումից հրաժարվելը, բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այդ հարցը կբարձրացնեն, դրանց գործունեությունը կասեցնելը Հայաստանի տարածքում և այլն», - նշեց քաղաքական մեկնաբանը:
Անկարայից առայժմ չեն արձագանքել «Մարգարայի» անցակետի մասին Երևանի թափանցիկ ակնարկին։