Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շարունակում է հանդիպումներ ունենալ Սկոպյեում։
Երեկ Շվեդիայի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգին՝ ընդգծելով ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված հայ-շվեդական հարաբերությունները խորացնելու երկուստեք պատրաստակամությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնվող օրակարգի առանցքային թեմաների շուրջ՝ երկուստեք կարևորելով Եվրոպական միության հետ մոտարկման միջոցով ՀՀ քաղաքացիների և հասարակության համար շոշափելի արդյունքների ապահովումը։
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի միջոցով ընձեռնվող հնարավորությունները՝ կարևորելով դրա կյանքի կոչման ուղղությամբ միջազգային գործընկերների գործուն ներգրավածությունը, ներդրումների խրախուսումը։
«Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրել է նաև նույնը օրը կայացած՝ Դանիայի ԱԳ նախարար Լարս Լոկե Ռասմուսենի և Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Այդի հետ հանդիպումների ժամանակ:
Ռասմուսենը և Միրզոյանը Հարավային Կովկասում և դրա շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակի համատեքստում կարևորել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների պահպանմամբ և բացառապես երկխոսության և բանակցային գործընթացի միջոցով առկա հարցերի հանգուցալուծումը: Հայաստանի ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել հոկտեմբերին Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ արտացոլված սկզբունքները՝ նշելով, որ դրանք նոր չեն քաղաքակիրթ աշխարհի համար, և դրանց նկատմամբ բոլոր ներգրաված կողմերի ամուր հանձնառությունը թույլ կտա Հարավային Կովկասում ապահովել կայունություն։
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրմանը, ասված է ՀՀ ԱԳՆ լրատվական վարչության հաղորդագրությունում:
Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների համագործակցության թեմաներ՝ երկուստեք արձանագրելով հարաբերությունների թե՛ զարգացման գոհացուցիչ դինամիկան, թե՛ խորացման պատրաստակամությունը։ Մտքեր են փոխանակվել թիրախային, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև գործարար շրջանակների համար գրավիչ ուղղություններով համագործակցության ընդլայնման շուրջ։
Մալթայի արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ Արարատ Միրզոյանը քննարկել է Հայաստանի և Մալթայի միջև քաղաքական երկխոսության օրակարգային թեմաներ՝ ի շարունակություն մարտին ՀՀ ԱԳ նախարարի՝ Մալթա կատարած պաշտոնական այցի և դրան հաջորդած՝ նաև բազմակողմ հարթակներում արդյունավետ քննարկումների։
Միրզոյանը Սկոպյեում է ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը Մալթայի նախագահին է ներկայացրել հայ - ադրբեջանական գործընթացի վերջին զարգացումներըԱնդրադառնալով ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերի՝ Միրզոյանն Բորջին հաջողություն է մաղթել ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելիս՝ հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգության հարցերում կազմակերպության առջև ծառացած լուրջ մարտահրավերները։
Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հարավային Կովկասում վերջին զարգացումների շուրջ, Միրզոյանն ընդգծել է, որ աղետալի էր առերեսվել Լեռնային Ղարաբաղում փաստացի էթնիկ զտմանը, ինչը տեղի ունեցավ ի հեճուկս միջազգային գործընկերների թիրախային կոչերի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել շուրջ 100 հազար 632 անձ․ ՀՀ կառավարություն ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանից բռնի տեղահանված ու էթնիկ զտումների հետևանքով փախստական դարձած հայերի թիվը 500 հազար է. վարչապետ