Մատչելիության հղումներ

Միրզոյանը Մալթայի նախագահին է ներկայացրել հայ - ադրբեջանական գործընթացի վերջին զարգացումները


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Միջպետական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանից Մալթա առաջին երկկողմ պաշտոնական բարձրաստիճան այցն են կարևորել այդ երկրի նախագահ Ջորջ Վելլան և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Վալետայում կայացած հանդիպման ժամանակ: Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը:

Հայաստանի արտգործնախարարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են նաև բազմակողմ հարթակներում Հայաստանի և Մալթայի միջև փոխգործակցության հարցեր: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ ընդլայնվող գործընկերությանը: Միրզոյանն ընդգծել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացման ուղղությամբ ԵՄ շարունակական աջակցությունը:

Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը: ՀՀ ԱԳ նախարարը Մալթայի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի առանց նախապայմանների վերաբացման կարևորությունը, Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության և սադրանքների փոխարեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգությանը վերաբերող առանցքային հարցերի շուրջ կառուցողական մոտեցման ցուցաբերումը և հանձնառությունների իրագործումը, ասված է հաղորդագրությունում:

Նույն օրը կայացել է նաև Հայաստանի և Մալթայի արտգործնախարարների հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG