Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր են քննարկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը երեկ Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ:
Միրզոյանը և Բորելը հանգամանալից անդրադարձել են այդ ուղղությամբ առկա հեռանկարներին ու գործադրվող ջանքերին՝ ի նպաստ ՀՀ-ԵՄ առավել մերձեցման և քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովման։
Արտգործնախարարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ անդրադարձ է կատարվել Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանում և Բրյուսելում վերջին շրջանում կայացած արդյունավետ քննարկումներին՝ արձանագրելով ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում կողմերի ունեցած պատրաստակամությունը, իրականացվող քայլերը։
Ի շարունակություն հոկտեմբերին Գրանադայում կայացած հանդիպման՝ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ բարձր ներկայացուցիչը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության հարցեր, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Միրզոյանն ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ նկրտումների զսպման, տարածաշրջանային ներառական ծրագրերի իրագործման և հարատև կայունության հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերի կարևորությունը։ Այս համատեքստում նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերին, այդ թվում՝ միջազգային գործընկերների կայոուն ներգրավածությամբ, ասված է հաղորդագրությունում: