Ռուսաստանը խնդիր է դրել լուծարել Հայաստանը. Արամ Սարգսյան

Հայաստանն այսօր դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, թե դուրս չգա, Ռուսաստանը շարունակելու է բաժանել Հայաստանը, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Զրույցից մի հատված ստորև.

Արամ Սարգսյան. - Մենք այս առավելությունը, որ Արևմուտքը Հայաստանի իշխանություններին դրական է նայում, սրանից պետք է օգտվենք. Հայաստանի իշխանությունները պիտի հասկանան, որ դրանից պետք է օգտվել, որ այն վերաբերմունքը, ինչ իրենք ունեն, գին ունի, այդ գինը պիտի վաճառես։ Վաճառելու ամենաբարձր գինը ՀԱՊԿ-ից դուրս գալն է։ Դու ասում ես՝ մենք դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից ու դրա դիմաց պահանջում ես սպառազինություն։

«Ազատություն». - Բայց չեն ասում, պարո՛ն Սարգսյան, ըստ էության բավարարվում են միայն բոյկոտով։

Արամ Սարգսյան. - Շատ վատ է, որ չեն ասում, ու դրա համար ես քննադատում եմ իշխանություններին, ու դրանով է, որ մենք տարբերվում ենք մյուս ընդդիմադիր ուժերից, որոնք գտնում են, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների պարագայում է, որ կարող է խնդիրներ լուծվեն, ու նոր պատերազմ չլիներ։

Այս ենթատեքստը գալիս է դեռ 2020 թվականից, այսինքն՝ եթե Ռուսաստանի հետ լավ լինեինք, նոր պատերազմ չէր լինի, և դա ասում են լուրջ մարդիկ, ասենք՝ ՀՀ երրորդ նախագահը։

Մենք ուղիղ ասում ենք, որ մեր ուղին դեպի Արևմուտքն է՝ դեպի այն հովանոցը, որ մեր անվտանգությունը, մեր ինքնիշխանությունը մեր երկրի ներսում մեր ճանապարհները սպասարկելու տեր է կանգնում, ով ասում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, ով ասում է՝ ուժով կամ ուժի սպառնալիքով խնդիրների լուծում չի կարելի, և այդ առումով որոշակի քայլեր է անում։ Լա՞վ է անում, ամբողջակա՞ն է անում, իհարկե, ոչ, ես էլ եմ դժգոհ։ Իհարկե, բազմաթիվ քայլեր կան, որ անկախ նրանից՝ Հայաստանի, թե Արցախի իշխանություններն անում էին, թե չէ, իրենք պիտի անեին։

«Ազատություն». - Այդ կտրուկ քայլը կարող է գին ունենալ։ Դուք գիտեք՝ ռուսներն ինչ մեթոդներ ունեն՝ գազը կթանկացնեն, դրամական փոխանցումները կարգելեն, Լարսը, արդեն տեսնում եք, ինչ են անում։

Արամ Սարգսյան. - Իհարկե, գին ունենալու է։ Մենք ի՞նչ ենք ուզում, մենք ուզում ենք անկախ պետություն լինել, ունենալ անկախություն և մեր սերունդներին, մեր զավակներին զարգացող, բարգավաճող, իր տեսակով աչքի ընկնող պետություն թողնել, թե՞ մենք ուզում ենք տեղավորվել «մի քիչ գազը չթանկանա… հենց չարություն կանենք, Լարսը կփակեն» սկզբունքի վրա։ Մենք Լեռնային Ղարաբաղում էլ այդպես մտածեցինք, թխվածքաբլիթներով ռուսական զորքերին էինք դիմավորում, Պուտինի մեծադիր նկարն էին հանում Z նշանի հետ, այդպես մտածում էինք, որ մեզ կպաշտպանեն։ Դա արեցի՞ն։ Իրենց աչքի առաջ վռնդեցին հայերին իրենց հայրենիքից, նրանք կանգնած նայեցին, թե ինչպես են Լեռնային Ղարաբաղի տարածք ներխուժում ադրբեջանցիներ և իրենց ներկայությամբ իրենք իրենց ձեռքով Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որոնք այդքան տարի իրենց խորհրդանիշն են եղել, հանձնեցին Ադրբեջանին։

Այդ Ռուսաստանը ոչ ընկեր, ոչ բարեկամ, ոչ մի բան է իրենց համար, իրենք դա չեն գնահատում։ Մենք այդ քայլն անենք, թե չանենք, մենք այսօր դուրս գանք ՀԱՊԿ-ից, թե դուրս չգանք, իրենք շարունակելու են բաժանել Հայաստանը։ Ի սկզբանե, որոշում են ունեցել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պիտի ունենա ազգային փոքրամասնության կարգավիճակ Ադրբեջանի կազմում՝ Ադրբեջանի անձնագրով, Հայաստանի Հանրապետության քաղաքացին էլ պիտի ունենա ազգային փոքրամասնության կարգավիճակ Ռուսաստանի կազմում՝ Ռուսաստանի անձնագրով։ Պատահական չէր, որ այստեղ Թաթարստանից էին խոսում, պատահական չէր, որ ասում էին՝ Հայաստանը Թաթարստանի կարգավիճակ ունենա, իրենք մեզ նույնիսկ միութենական չէին ուզում։