Այս պահին պարզ չէ՝ Ադրբեջանը համաձայն է երեք սկզբունքների հիման վրա Հայաստանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, թե հրաժարվում է դրանցից, այսօր հայտարարեց վարչապետ Փաշինյանը, ով կեսօրից մի քանի ժամ շարունակ ուղիղ եթերում պատասխանում է հայաստանցիների ու սփյուռքահայերի տեսահարցերին։
Փաշինյանը նորից թվարկեց 3 սկզբունքները, որոնք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո Երևանը, մասնավորապես, շեշտադրում է։ Վարչապետի խոսքով, դրանք նաև համաձայնեցվել են Եվրոպական խորհրդի նախագահի հետ եռակողմ բանակցությունների ընթացքում՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց՝ 29.800 ու 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, կոմունիկացիաները բացվում են երկրների սուվերենության հարգմամբ։ Ըստ վարչապետի՝ ըմբռնում է եղել նաև դելիմիտացիայի հարցում, որ պետք է օգտագործվեն 1974-1990 թվի ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր շտաբի քարտեզներ։
«Չենք կարող վստահաբար պնդել, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ երեք սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքել, բայց նաև չենք կարող վստահ ասել, որ Ադրբեջանը վերահաստատում է իր հավատարմությունը այդ երեք սկզբունքներին», - նշեց Հայաստանի կառավարության ղեկավարը:
Փաշինյանն էլ հաստատեց՝ նոյեմբերի 30-ին սահմանազատման հարցերով հայ-ադրբեջանական հանդիպման անցկացումը. - «Նաև առաջիկայում այդպիսի քննարկում գոնե քարտեզների և սահմանների մասով նախատեսված է սահմանագծման հանձնաժողովների ֆորմատով, և այդ քննարկումներից նաև մենք հետևություններ կանենք, և եթե այլ բանակցություններ լինեն, այլ բանակցություններից: Եվ այս հարցերի պարզաբանումը առաջիկա բանակցային գործընթացների հիմնական խնդիրն է, որ մենք պետք է փորձենք լուծել»:
Արցախի դեմ ադրբեջանական հարձակումից հետո հայ ու ադրբեջանցի պաշտոնյաների շփումներ եղել են, բայց պաշտոնական բանակցություններ՝ ոչ։ Բաքուն արդեն երեք անգամ բոյկոտել է արևմտյան հարթակներում հանդիպում-քննարկումները, առաջ է քաշել ուղիղ՝ առանց միջնորդների բանակցություններ անցկացնելու օրակարգ։ Այս պահին, երեկ Հայաստանի փոխարտգործնախարարն էր ասել՝ թե՛ ղեկավարների, թե՛ արտգործնախարարների նոր հանդիպման պայմանավորվածություն չկա։
Փաշինյան. հայ - ադրբեջանական բանակցություններում կա անկլավ-էքսկլավների հարց
«Երբ որ մենք Արծվաշենի հարցը բարձրացնում ենք, բնականաբար, Ադրբեջանն էլ իր հերթին բարձրացնում է էն անկլավների հարցը, որն իր բնութագրմամբ և Խորհրդային միության քարտեզներով ու որոշումներով դե յուրե հիմնավորված գոյություն են ունեցել», - ընդգծեց վարչապետը:
Փաշինյանն այսօր ասաց՝ հայ - ադրբեջանական բանակցություններում կա անկլավ-էքսկլավների հարց, բայց համաձայնություն չկա։ Երկու տարի առաջ վարչապետն ասում էր՝ խիստ կասկածում է, որ Ադրբեջանի բարձրացրած անկլավների հարցը իրավական հիմք ունի, այսօր արդեն արձանագրված իրավական որոշումներից էր խոսում։ Կրկին ասաց, որ հարցի լուծման մի քանի տարբերակն կա, Հայաստանը Արծվաշենի նկատմամբ է իր ինքնիշխանությունը հաստատում, Ադրբեջանը նույնն անում է գոյություն ունեցած անկլավների նկատմամբ։ Կամ՝ եղած իրավիճակն է պահպանվում։
«Էս թեմայի հետ կապված շատ ապոկալիպիկ վարկածներ են քննարկվում, որ եթե այսպես լինի, աղետալի հետևանքներ կլինեն և այլն՝ սկսած լոգիստիկ հարցերից այդպիսի լուծման որևէ տարբերակ չկա, որից բխող զուգահեռ լուծումները տեղում հնարավոր և մտածված, պլանավորված չլինեն», - ասաց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ութ գյուղերը վերադարձնելու խոստում չի տվել. արձագանքում են իշխող ուժիցԵրևանը պատրաստ է հայ գերիների հետ փոխանակել Հայաստանում եղած ադրբեջանցիներին
Երևանը պատրաստ է հայ գերիների հետ փոխանակել Հայաստանում եղած ադրբեջանցիներին՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով, հայտարարեց վարչապետը՝ պատասխանելով հարցին՝ կառավարությունն ի՞նչ է անում նրանց վերադարձնելու համար։
Սեպտեմբերյան ադրբեջանական հարձակումից հետո նաև մի շարք արցախցի պաշտոնյաներ են ադրբեջանական գերության մեջ հայտնվել, նրանց թվում՝ 3 նախկին նախագահները. Հայաստանում երկու ադրբեջանցիներ կան, նրանցից մեկը սպանության համար 20 տարվա, մյուսը՝ սահմանն ապօրինի հատելու, ռազմամթերք տեղափոխելու համար՝ 11.5 տարվա ազատազրկման են դատապարտված։
«Այդ աշխատանքը բավարար համարվել չի կարող, քանի դեռ մեր գերեվարված եղբայրները չեն վերադարձել Հայաստանի Հանրապետություն և մենք այդ ուղղությամբ շարունակելու ենք բոլոր ջանքերը գործադրել», - նշեց վարչապետը:
Փաշինյանն այսօրվա դրությամբ իրատեսական չի համարում 100 հազարից ավելի արցախահայերի վերադարձը հայրենիք, չնայած, հավաստիացնում էր՝ թեման քննարկվում է նաև միջազգային հարթակներում. - «Իրավիճակը, որը Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին ստիպեց հեռանալ Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտման այդ միջավայրն ու քաղաքականությունը չի փոխվել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հակառակ Եվրոպայից և Ռուսաստանից հնչող հայտարարություններին՝ Ադրբեջանի բանտերում հայերի թիվն աճում էՎարչապետը հաստատեց՝ Ռուսաստանը չի մատակարարում սպառազինությունը, որի դիմաց Հայաստանը վճարել է
Վարչապետը հաստատեց՝ Ռուսաստանը չի մատակարարում սպառազինությունը, որի դիմաց Հայաստանը վճարել է։ Հիմա փորձում են մի լուծում գտնել։ Կոնկրետ թիվ, սակայն, Փաշինյանը չնշեց, ոչ էլ ժամկետներ՝ երբ են փոխանցվել գումարները։
Նրա ղեկավարած ուժի ներկայացուցիչները բազմիցս են հայտարարել՝ 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանից Հայաստան զենք չի մտել։
«Տեղի են ունենում քննարկումներ, թե ինչ մեխանիզմներով խնդիրը լուծել: Օրինակ՝ տարբերակներից մեկը կարող է լինել վճարված գումարների չափով Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի Հանրապետության ունեցած պարտքից նվազեցումը», - ընդգծեց ՀՀ կառավարության ղեկավարը:
Ֆինանսների նախարարությունից «Ազատությանը» միայն փոխանցեցին՝ այս պահին Հայաստանի պարտքը Ռուսաստանին 280.9 միլիոն դոլար է, իսկ թե ինչքան գումար է Հայաստանը զենքի համար վճարել, ասացին՝ հարցի հասցեատերը Պաշտպանության նախարարությունն է, դիմել ենք դեռ պատասխան չենք ստացել։
Փաշինյանի թիմակից պատգամավորները ավելի վաղ չէին հերքել, թե Ռուսաստանին 400 միլիոն դոլար են վճարել զենքի համար։
Վարչապետի հարցազրույցը Հանրայինի ուղիղ եթերում է հեռարձակվում՝ արդեն 6-րդ ժամն է, երկու անգամ ընդմիջում է եղել, բայց հետո Փաշինյանը էլի շարունակել է պատասխանել հարցերին, որոնց մեծ մասը սոցիալական բնույթի էին։ Հայտարարվեց, որ շուրջ 500 հարց է եղել, ըստ թեմաների խմբավորել են, խոստանում էին՝ այն հարցերը, որոնք չեն հնչի ուղիղ եթերում, մեկ է՝ արձագանք կունենան։
Your browser doesn’t support HTML5