Միրզոյանը հանդիպել է Եվրամիության և ԵՄ երկրների դեսպանների հետ

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն օրակարգի հարցերի շուրջ մտքեր են փոխանակվել Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և ԵՄ միջև քաղաքական երկխոսության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերին, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության առավել զարգացման հեռանկարներին, ասված է Արտգործնախարարության լրատվական վարչության հաղորդագրությունում:

Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել օրեր առաջ Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստի անցկացմանը, Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությանը, ինչպես նաև Հայաստանում բարեփոխումների օրակարգին և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը ԵՄ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությանը՝ ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հոկտեմբերի 5-ի համատեղ հայտարարությանը համահունչ:

ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման և մարդկանց միջև շփումների ակտիվացման համատեքստում Միրզոյանը կարևորել է մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի ուղղությամբ առկա դրական դինամիկան վերջնական որոշման կայացմանն ուղղորդելու կարևորությունը:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատման հարցում Հայաստանի տեսլականը: Նախարարն ընդգծել է, որ այն հիմնված է այն հիմնական սկզբունքների վրա, որոնք իրենց արտացոլումն են գտել նաև հոկտեմբերին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում կայացած քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ և վերաբերում են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, սահմանազատմանն ու տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«ԵՄ-ն Հայաստանի կողքին է»․ Լայենը հանդիպել է Փաշինյանի հետ, համատեղ հայտարարություն է ընդունվելԳրանադայում հնգակողմի փոխարեն կայացավ քառակողմ հանդիպում, ընդունվեց հայտարարություն

Նախարարը ԵՄ դեսպաններին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմքում դրված՝ տարածաշրջանում կապուղիների արդյունավետ ապաշրջափակման և շահավետ փոխկապակցվածության ձևավորման տեսլականը, ինչը կարող է նաև խաղաղության երաշխիք դառնալ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը Թբիլիսում ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և խաղաղության օրակարգը

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ սեպտեմբերին իրականացված լայնածավալ ռազմական հարձակմանը և դրա հետևանքով ԼՂ լիակատար էթնիկ զտմանը՝ Միրզոյանը մասնավորապես նշել է Հայաստան բռնի տեղահանված ԼՂ հայության կարիքների և իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ իրականացվող քայլերը, ասված է հաղորդագրությունում: