Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ալ-Շիֆա հիվանդանոցից տարհանված 31 նորածիններից 11-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում. - «Այս նորածինները Ալ-Շիֆա համալիրում գտնվելու ընթացքում ենթարկվել են լուրջ տառապանքների»։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ այս պահին ավելի քան 250 հիվանդ և 20 բուժաշխատող շարունակում են մնալ Ալ-Շիֆայում, ընդծելով, որ նրանց անհրաժեշտ է անհապաղ տարհանել։
Մինչ այդ, իսրայելական տանկերն այսօր ռազմական գործողություններ են իրականացրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող մեկ այլ հիվանդանոցի շրջակայքում, որտեղ, ըստ պաղեստինյան կողմի, զոհվել է մոտ մեկ տասնյակ մարդ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաղեստինյան աղբյուրների պնդմամբ՝ Իսրայելը շրջապատել է հյուսիսային Գազայի վերջին աշխատող հիվանդանոցըԻսրայելի բանակը շարունակում է պնդել, թե պատերազմում է միայն Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի դեմ։ Աշխարհի տարբեր երկրներ, սակայն, հորդորում են Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունները:
Չինաստանը, մասնավորապես, հայտարարել է, որ անհրաժեշտ է «սառեցնել իրավիճակը Գազայի հատվածում»: «Միջազգային հանրությունը պետք է շտապ քայլեր ձեռնարկի Գազայի հատվածում հումանիտար աղետը դադարեցնելու համար», - Պեկինում հավաքված մերձավորարևելյան դիվանագետների պատվիրակությանն ասել է Չինաստանի արտգործնախարարը։
«Մենք պատրաստ ենք համագործակցել արաբական-մահմեդական երկրներում գտնվող մեր եղբայրների և քույրերի հետ՝ անդադար ջանքեր գործադրելու Գազայում պատերազմը հնարավորինս արագ ճնշելու, հումանիտար ճգնաժամը մեղմելու և պաղեստինյան հարցի համապարփակ, արդար և տևական լուծմանը նպաստելու համար», - հայտարարել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Գազայում հումանիտար ճգնաժամի մասին ահազանգում է նաև Ֆրանսիան: Նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ զրույցում ասել է, որ «Համաս»-ի հետ պատերազմում «չափազանց շատ քաղաքացիական զոհեր կան»: «Անհրաժեշտ է տարբերել ահաբեկիչներին բնակչությունից», - ընդգծել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ պաղեստինցիների, Գազայի հատվածում սպանվել է ավելի քան 13 հազար բնակիչԻսրայելի իշխանությունները երեկ ևս մեկ տեսանյութ են հրապարակել, պնդելով, թե Գազայի ամենամեծ հիվանդանոցի՝ Ալ-Շիֆայի տակ 55 մետր երկարությամբ թունել են հայտնաբերել, որը տանում է դեպի հսկայական, պայթյունից պաշտպանված դուռ. - «Այս տեսակի դռներն օգտագործվում են «Համաս» ահաբեկչական կազմակերպության կողմից՝ արգելափակելու իսրայելական ուժերի մուտքը «Համաս»-ի հրամանատարական կենտրոններ և ստորգետնյա օբյեկտներ»:
«Համաս»-ը, խոստովանելով, որ խմբավորումն ունի հարյուրավոր կիլոմետրանոց գաղտնի ստորգետնյա թունելների, բունկերների և ականների ցանց Գազայի հատվածում, հերքում է, թե դրանք գտնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ հիվանդանոցների շենքերի տակ, փոխանցում է Reuters-ը։ Բժշկական կենտրոնի աշխատակիցները նույնպես նշում են, որ Ալ-Շիֆայի տակ «Համաս»-ի կառույցներ չկան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի բանակը գործողություն է իրականացնում Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցումԲռնությունների ալիքը տարածվել է նաև Իսրայելի կողմից օկուպացված Հորդանան գետի Արևմտյան ափում, վերջին տվյալներով՝ այստեղ վերջին շաբաթների ընթացքում ավելի քան 200 պաղեստինցի է զոհվել:
Հոկտեմբերի 7-ից՝ Իսրայելի և «Համաս»-ի պատերազմի մեկնարկից ի վեր, ըստ ՄԱԿ-ի տվյալների, մոտ 1,7 միլիոն մարդ՝ Գազայի բնակչության գրեթե երեք քառորդը, տեղահանվել է, իսկ 900 հազարը ապաստանել է ՄԱԿ-ի կողմից ղեկավարվող մարդաշատ ապաստարաններում:
Your browser doesn’t support HTML5