Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած հրդեհից զոհվել է ԵՊՀ տնտեսական բաժնի 73-ամյա աշխատակիցը։ Երեք տուժածներից երկուսը ևս այդ բաժնից են, մյուսը՝ ոստիկանության աշխատակից է։ Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, վերակենդանացման բաժանմունքում է։ Քննչականի փոխանցմամբ՝ վիրավորներից մեկը ծխահարվել է, մյուս երկուսը պոլիտրավմա, քիմիական այրվածքներ են ստացել։
Առավոտյան՝ 9:30-ի սահմաններում բռնկված հրդեհից շուրջ երկու ժամ անց Ներքին գործերի նախարարությունը հայտնեց՝ Քիմիայի ֆակուլտետի նկուղում պայթյուն է եղել՝ հրդեհի բռնկումով։ Սենյակը, որտեղ էլ եղել է պատահարը, պոմպակայանի համար է նախատեսված, նաև որպես աշխատակիցների հանդերձարան է ծառայել։ Կողքին քիմիական նյութերի պահեստն է, այստեղ, ըստ ոստիկանների, հրդեհ չի եղել, մասնագետներն օդում վտանգավոր գազեր չեն հայտնաբերել։
Այդ աշխատանքներին մասնակցած մասնաշենքի պարեկ Էռնեստ Թովմասյանը պատմեց. - «Հասցրինք երկուսին օգնեցինք, երրորդին արդե խեղդվում էինք»:
Այդ դեպքում ինչպե՞ս են տուժածները քիմիական այրվածք ստացել, պատասխանատու մարմինները դեռ չեն պարզաբանում։
Տուժածները «Արմենիա» ԲԿ են տեղափոխվել. վիրաբուժության գծով տնօրենի տեղակալն ասում է՝ մասնագիտական տեսանկյունից դեռ վաղ է հստակ գնահատական տալ, թե ինչ այրվածքներ են ստացել տուժածները։ Վիրաբույժի կարծիքով՝ իրավապահները գուցե, դեպքի վերաբերյալ կոնկրետ փաստ ունենալով են վնասվածները քիմիական բնորոշել։
Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել աշխատանքի անվտանգության և հակահրդեհային կանոնները խախտելու հոդվածներով։ Նախաքննություն է սկսվել։ Իրավապահ մարմինը տեղի ունեցածի պատճառների մասին առայժմ ոչինչ չի հայտնել։
Երևանի պետական համալսարանից, սակայն, դեպքից կարճ ժամանակ անց հայտարարեցին՝ նախնական վարկածով հոսանքի տատանումն էր պատճառը։ Ժամեր հետո արդեն պաշտոնական գրառմամբ ընդգծեցին՝ պատճառը դեռևս հայտնի չէ:
Պատահարի ժամանակ դասերն արդեն սկսվել էին, ուսանողներին տարհանել են, դասերն այդ մասնաշենքում դադարեցրել, պատմում է Քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը:
«Ինձ էլ են տարհանել, չեն թողել մնամ, մեր ուսանողներից մի քանի հոգի շատ լուրջ օգնություն ցուցաբերեցին: Դա եղել է հանդերձարան կանաչապատման բանվորների համար, որ իրենց գործիքները տեղադրեն, շորերը փոխեն, քիմիական պահեստ չի եղել», - ասաց Ղոչիկյանը:
Արդյո՞ք համալսարանում հակահրդեհային անվտանգության ապահովումը ստուգել են, երբ են վերջին անգամ տեսուչները մայր բուհ եկել։ Հրդեհային անվտանգության տեսչական մարմնից խոստացան «Ազատության» հարցերին ավելի ուշ պատասխանել։