Մատչելիության հղումներ

ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ


ԵՊՀ-ում տեղի ունեցած առերևույթ պայթյունի և դրա հետևանքով մեկ անձի մահվան և 3 անձանց տուժելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, փոխանցում է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածներով՝ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության ապահովման ու հրդեհային անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։

Կատարվում է նախաքննություն։

Այսօր առավոտյան հաղորդվեց, որ ԵՊՀ-ի 1-ին մասնաշենքի նկուղում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով, կա մեկ զոհ, երեք վիրավոր։

Քննչականը նշում է, որ «ծխահարված» ախտորոշմամբ Համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել ոստիկանության մեկ ծառայող, իսկ երկու անձինք՝ որոնցից մեկը 70 տարեկան, մյուսը՝ 66 տարեկան, «պոլիտրավմա, քիմիական այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Այրվածքաբանական ազգային կենտրոն։ Իսկ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում, հայտնաբերվել է 73-ամյա Ժ․ Խ․-ի դին՝ այրվածքներով։

Ըստ ՆԳՆ-ի՝ սենյակը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, նախատեսված է պոմպակայանի համար, որը ծառայում է նաև որպես աշխատակիցների հանդերձարան։ Կից սենյակը քիմիական նյութերի պահեստն է, որտեղ հրդեհ չի եղել: Հաղորդվում է, որ քիմիկների կողմից տեղում իրականացվել է հետախուզում. օդում վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել։

XS
SM
MD
LG