Երևանի պետական համալսարանում հրդեհից երկու տուժածներն ու զոհը «Ազատության» տեղեկություններով, ԵՊՀ տնտեսական բաժնի աշխատակիցներ են, երրորդ տուժածը՝ Պարեկային ծառայությունից է:
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը՝ բավարար:
«Հերացի» համալսարանական հիվանդանոցից հաղորդում են, որ մեկ տուժած (ոստիկան) տեղափոխվել է «Հերացի», վիճակը գնահատվում է բավարար:
Այսօր ավելի վաղ ԵՊՀ-ից հաղորդեցին, որ համալսարանի 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։
Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից, կա մեկ զոհ և երեք վիրավոր։
Ավելի ուշ Ներքին գործերի նախարարությունը մանրամասնեց՝ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում (100 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով, աշխատակիցներից մեկը զոհվել է տեղում։
Ըստ հաղորդման՝ սենյակը նախատեսված է պոմպակայանի համար, որը ծառայում է նաև որպես աշխատակիցների հանդերձարան։ Կից սենյակը քիմիական նյութերի պահեստն է, որտեղ հրդեհ չի եղել: ՆԳՆ նշում է, որ քիմիկների կողմից տեղում իրականացվել է հետախուզում. օդում վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել։