Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը ամենօրյա ճեպազրույցում զուսպ է արձագանքել Բաքվի երեկվա հայտարարությանը, որ հրաժարվում է մասնակցել նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպմանը։
«Ինչպես նախկինում ասել ենք, մենք շարունակում ենք աջակցել խաղաղ բանակցություններին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրների լուծման համար։ Լինի դա այստեղ, թե որևէ այլ տեղ, մենք երկու կողմերին խրախուսում ենք մասնակցել այդ բանակցություններին։ Դա մնում է մեր քաղաքականությունը», - ասել է Միլլերը՝ չանդրադառնալով Վաշինգտոնի հասցեին Բաքվի մեղադրանքներին։
Ադրբեջանի արտգործնախարարությունը երեկ հայտարարելով վաշինգտոնյան հանդիպումից հրաժարվելու մասին՝ ԱՄՆ-ին մեղադրել է միակողմանի մոտեցման համար, որի հետևանքով այդ երկիրը կարող է կորցնել միջնորդի իր դերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն հրաժարվում է Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումիցԱվելի վաղ ու ավելի հաճախ Բաքուն Մինսկի խմբի մեկ այլ անդամի՝ Ֆրանսիային է մեղադրում միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման համար՝ վերջին շրջանում փաստացի բոյկոտելով բանակցային բոլոր այն հանդիպումները, որոնց մասնակցելու էր Ֆրանսիայի նախագահը։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը X սոցցանցում գրառում է արել, ակնարկելով, որ Միացյալ Նահանգները առաքելությունը ձախողած Մինսկի խմբի համանախագահներից մեկն է։
Նա գրել է, որ «Ադրբեջանը ձգտում է խաղաղության և Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման, և Ադրբեջանը մոդել է ստեղծել՝ լուծելու Եվրասիական լայն քարտեզի վրա ամենաերկարատև հակամարտություններից մեկը»։
ԵԱՀԿ-ն չի կարողացել կարգավորել հակամարտությունը, Մինսկի խումբը անհաջողության է մատնվել, պնդել է Հաջիևը: Նրա կարծիքով՝ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը անհաջողության է մատնվել, որովհետև այդ ինստիտուտի առաքելությունը կայանում էր Ադրբեջանի դեմ Հայաստանի օկուպացիայի շարունակությունը պաշտպանելու մեջ։ Փակագծերում նա նշել է՝ ի դեպ, Միացյալ Նահանգները ևս համանախագահ երկրներից մեկն էր։
Հիքմեթ Հաջիևի խոսքով՝ ռազմական օկուպացիայի ու անարդարության էջը փակված է, Ադրբեջանի օրակարգը հիմա ուղղված է խաղաղության հաստատմանը ու Երևանի և Բաքվի միջև երկկողմ հարաբերությունների նորմալացմանը․ բայց, շարունակել է՝ ցանկացած փոխգործակցություն պահանջում է, որ երկու երկրները խաղան իրնեց դերը և Հայաստանը նույնպես պետք է կատարի իր դերը ու բարի կամք դրսևորի։
Ըստ Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով օգնականի՝ հիմա տարածաշրջանում ստեղծվել են նոր իրողություններ ու ստատուս-քվո, որոնք «հիմնված են արդարության, օրինականության և լեգիտիմության վրա»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում երեկ հայտարարել էր. - «Առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեր քաղաքական կամքը մնում է անսասան, իհարկե այն արձանագրմամբ, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող այդ պայմանագիրը ստորագրել միայնակ, և սրա համար անհրաժեշտ է նաև Ադրբեջանի ստորագրությունը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում կողմերի անվստահության պատճառով»․ ՓաշինյանԱդրբեջանի նախագահի օգնականը՝ Հաջիևը, մեկ այլ գրառմամբ անդրադարձել է 907 բանաձևի արգելքը վերականգնելու Սենատի որոշմանը, նա նշել, որ դա բացասական ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների վրա, բայց հազիվ թե ազդեցություն ունենա Ադրբեջանի կարողությունների վրա, այդ թվում՝ ռազմական։
Ադրբեջանին ԱՄՆ-ի կառավարության ռազմական օգնության տրամադրումն արգելող՝ «Ազատության աջակցության ակտի» 907 բանաձևն ԱՄՆ-ն ընդունել է 1992 թվականի աշնանը։ Բայց սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի վրա ահաբեկչական հարձակումից հետո 2001 թվականի հոկտեմբերին նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը կասեցրեց բանաձևի արգելքը, որպեսզի Ադրբեջանի լոգիստիկ հնարավորությունները օգտագործվեն Աֆղանստանի գործողությունների մատակարարումների համար։ Դրանից հետո յուրաքանչյուր տարի 907 բանաձևի արգելքը կասեցվում է, բայց երեկ ԱՄՆ Սենատը որոշեց վերականգնել արգելքը։ Որոշումը ուժի մեջ մտնելու համար այն պետք է հաստատվի Ներկայացուցիչների տանը և ստորագրվի նախագահ Ջո Բայդենի կողմից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ Սենատն ընդունել է «Հայաստանի պաշտպանության 2023 թվականի օրենքը»