Առաջիկա շաբաթները որոշիչ կլինեն հայ-ադրբեջանական բանակցություններում, երեկ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարեց պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը, ով օրեր առաջ Փարիզում հանդիպել էր Հայաստանի վարչապետի հետ։
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը նշեց՝ «կողմերը պետք է այո, կամ ոչ ասեն», չհստակեցնելով, սակայն, երբ և որտեղ։
«Առաջիկա շաբաթները ծայրահեղ կարևոր կլինեն՝ փորձելու՝ որքանով են կողմերը պատրաստ լավ մտադրություններից էլ ավելի առաջ գնալ ու ասել՝ այո։ Որովհետև, ինչպես գիտենք, այո ասելն ամենաբարդն է բանակցություններում», - ասաց Օ՛Բրայանը։
Թե կոնկրետ ինչ համաձայնություններ են սեղանին՝ պետքարտուղարի օգնականը չասաց, միայն ընդգծեց, որ Վաշինգտոնն ակտիվ կապերի մեջ է կողմերի հետ և դիվանագիտությանը զուգահեռ նաև մտրակի քաղաքականություն է բանեցնում Ադրբեջանի հանդեպ։
«Մենք հստակ ասել ենք, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները սեպտեմբերի 19-ից հետո նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չենք տեսել խաղաղության շուրջ բանակցություններում։ Այդ պատճառով չեղարկել ենք մի քանի բարձրաստիճան այցեր, դատապարտել ենք Բաքվի գործողությունները։ Ադրբեջանին ռազմական աջակցությունն արգելող 907-րդ լրացումն էլ կմնա ուժի մեջ, քանի դեռ իրավիճակը չի բարելավվել», - ասաց պետքարտուղարի օգնականը։
«Բաքուն հիմա ուժի դիրքերից է խոսում»
«Բաքուն հիմա ուժի դիրքերից է խոսում բանակցություններում, սակայն, նույնիսկ հաղթող կողմը պետք է իմանա՝ երբ է պետք կանգ առնել և գործարք կնքել՝ առավել շահավետ առաջարկի սպասելու փոխարեն»,- հայտարարեց պետքարտուղարի օգնականը։
Այդ ուղերձը Ալիևին փոխանցելու համար, ըստ Բրայանի, միջնորդներն այժմ Թուրքիայի հետ են նաև աշխատում։
«Մենք փորձում ենք ճանապարհ հարթել, որը հստակ ցույց է տալիս՝ ինչ առավելություններ կլինեն խաղաղության գնալիս, և թե ինչ գին պետք կլինի վճարել դրանից խուսափելու դեպքում», - ասաց բարձրաստիճան դիվանագետը։
Խաղաղությունը, Օ՛Բրայանի խոսքով, հնարավորություն կտա Հայաստանին ու Ադրբեջանին կրճատել Ռուսաստանի ու Իրանի ազդեցությունը տարածաշրջանում, մյուս կողմից՝ մեծացնել համագործակցությունը արևմուտքի հետ։ «Ակնկալում ենք, որ առաջիկա շաբաթներին առավել բարձրաստիճան մակարդակի շփումներ կունենանք այս թեմայով», - ասաց պետքարտուղարի օգնականը՝ հավելելով՝ «Երևանն ու Բաքուն է, որ պետք է որոշում կայացնեն»։
«Հիմա նրանք պետք է ընտրություն անեն՝ ուզո՞ւմ են ապագա, որը խարսխված է Ռուսաստան-Իրան բևեռի վրա՝ որպես տարածաշրջանի անվտանգության հիմնական երաշխավոր։ Նրանք նաև ա՛յլ տարբերակ ընտրելու հնարավորություն ունեն», - նշեց Օ՛Բրայանը։
«Ճանապարհների ապաշրջափակումը հսկայական օգուտներ կբերի»
Մոտ մեկ ժամ շարունակված քննարկման ընթացքում պետքարտուղարի օգնականը մի քանի անգամ նաև խաղաղության տնտեսական առավելություններից խոսեց, ընդգծեց՝ ճանապարհների ապաշրջափակումը հսկայական օգուտներ կբերի, ընդ որում՝ ոչ միայն տարածաշրջանի երկրներին։
«Կենտրոնական Ասիայի երկրները այժմ նոր ուղի են փնտրում իրենց ապրանքները շուկա հասցնելու համար։ Այդ ճանապարհը կարող է անցնել Ադրբեջանից Վրաստան, կամ՝ Հայաստանով՝ Թուրքիա։ Մենք ասել ենք՝ Հայաստանի համաձայնությամբ ու մասնակցությամբ կառուցված տարանցիկ ուղին կարող է ահռելի թափ հաղորդել տարածաշրջանի երկրներին ու համաշխարհային շուկաներին», - ասաց պաշտոնյան։
44-օրյա պատերազմից հետո Բաքուն շուրջ երեք տարի Հայաստանից «Զանգեզուրի միջանցք» էր պահանջում, սպառնում՝ եթե Հայաստանը չհամաձայնի՝ ուժով կբացեն։ Վերջին ամիսներին Ալիևի սպառնալիքները այլ բնույթ են ստացել՝ «Հայաստանը չի ուզում, Իրանի տարածքով կկապվեն Նախիջանի ու Թուրքիայի հետ»։ Պետքարտուղարի օգնականը, սակայն, երեկ ընդգծեց՝ «երկու տարբերակն էլ անընդունելի է Վաշինգտոնի համար»։
«Տարանցիկ միջանցքը, որը կբացվի ուժով , կամ՝ այլ ճանապարհով՝ Իրանի ներգրավմամբ, շատ կոշտ արձագանքի կարժանանա»։
Սա միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարց չէ․ «ճանապարհների ապաշրջափակումը՝ ինքնիշխանության սկզբունքով, կնպաստի նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրարկմանը», - ասաց պետքարտուղարի օգնականը։
Օ՛Բրայանը, պարզաբանեց՝ Հայաստանի կառավարությունը գործիքներ է մշակել, որոնք հնարավորություն են տալիս պարզել՝ որ ընկերություններն են պատժամիջոցները շրջանցող առևտրով զբաղվում և օգնում Ռուսաստանին։ Սակայն, կան սողանցքներ, որոնք վերահսկողությունից դուրս են մնում։
«2020-ի հրադադարից հետո Ռուսաստանի զորքերը փաստացի երկու կարևոր սահմանակետ են վերահսկում Հայաստանից ռուսաստան ճանապարհին։ Մեկը՝ օդանավակայանում, մյուսը՝ ցամաքային անցումը Հայաստանից Ադրբեջան։ Այս կետերով անցնող բեռների վրա Հայաստանը որևէ վերահսկողություն չունի, ուստի մենք պետք է գտնենք առավել կայուն ճանապարհ, որ Հայաստանն ինքն իրեն կառավարի, և ռուս խաղաղապահները հեռանան, երբ նրանց 5-ամյա ժամկետը ավարտվի։ Դա հնարավոր է միայն, եթե մենք ակտիվորեն ներգրավված լինենք խաղաղության գործընթացում, իսկ եթե դուրս մնանք՝ Ռուսաստա՛նը կշարունակի վերահսկել սահմանը», - ասաց պետքարտուղարի օգնականը։
«Վաշինգտոնն աշխատում է Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ»
«Հայաստանի դեպքում, դիմադրողականությունը բարձրացնելու, Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար Վաշինգտոնը աշխատում է մի շարք ոլորտներում՝ էներգետիկայից մինչև գյուղատնտեսություն», - կոնգրեսականներին ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Ալեքսանդր Սոկոլովսկին։
Ըստ դիվանագետի՝ Նահանգները փորձում է այլընտրանքներ ստեղծել ռուսական մենաշնորհներին։
«Դրանց շարքում են առևտուրը, էներգետիկան ու կենսական կարևորության ենթակառուցվածքնեըը, ինֆորմացիոն համակարգերը, անգամ՝ գյուղատնտեսությունը։ Մենք աշխատում ենք Պետդեպարտամենտի գործընկերների հետ՝ Հայաստանի կառավարության հետ սկսելու քննարկումներ, թե ինչ կարող են անել, օրինակ, ռուսական ցորենից ու ալյուրից կախվածությունը նվազեցնելու համար», - ասաց Սոկոլովսկին։
Ի դեպ, ըստ ամերիկացի դիվանագետների, առաջիկայում զարգացումներ են սպասում նաև հայ-թուրքական հարաբերություններում։ «Տարածաշրջանում ստեղծված հնարավորություններից նաև Անկարան է ուզում օգտվել»,- ասաց պետքարտուղարի օգնականը։
«Տնտեսական այս միջանցքը, որը քննարկում ենք, սկսվելու է Կենտրոնական Ասիայից դեպի Ադրբեջան, Հայաստան ու Թուրքիա։ Այնպես որ, Թուրքիայի համար հստակ տնտեսական շահ կա՝ լինել այս ճանապարհի վերջնակետը։ Սա մի տարր է, որ անցյալում՝ խաղաղության բանակցություններում չի եղել, և մենք ուզում ենք, որ այն առանցքային լինի բոլորի հաշվարկներում», - ասաց Օ՛Բրայաը։
Թեև կոնգրեսական լսումները նվիրված էին Լեռնային Ղարաբաղի ապագային, այդ հարցին հստակ անդրադարձ չեղավ։ Պետքարտուղարի օգնականը միայն նշեց, թե արցախահայերը պետք է անարգել տուն վերադառնալու իրավունք ունենան, նրանց սեփականությունն ու մշակույթը՝ պահպանվի, Ադրբեջանն էլ համարժեք տեղեկություններ ներկայացնի Ղարաբաղի հայերի համար ստեղծված պայմանների մասին, որպեսզի մարդիկ որոշում կայացնեն՝ որտեղ են ուզում ապրել։
Բացի այդ, Օ՛բրայանը նշեց, թե պետքարտուղարի հանձնարարությամբ, Պետդեպարտամենտը քննություն է սկսել՝ պարզելու ինչպես է Արցախը հայաթափվել, ով ինչ է արել, ընդ որում՝ ոչ միայն սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակման օրը, այլև դրանից ամիսներ առաջ։ Թե երբ կավարտվի այդ քննությունը, և եզրակացությունների դեպքում ինչ քայլեր կանի Վաինգտոնը՝ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը չհստակեցրեց։