Շատ քիչ երկրներ կան, որ միայն զենքով կարող են ապահովել իրենց անվտանգությունը, այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով, որ անվտանգությունն ապահովում են նաև տնտեսությունն և կոմունիկացիները զարգացնելով։
Փաշինյանը շեշտեց, որ իր ներկայացրած «Խաղաղության խաչմերուկը» հենց դրա մասին է։ Ինչպես անցած ամիս Թբլիսիում հենց ինքն էր պարզաբանել՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է։
Ազգային ժողով- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետն ընդգծեց՝ նախկինում կիրառված անվտանգային մոդելի պատճառով Հայաստանը խնդիրներ է ունեցել։
«Ձեր մոդելը գիտե՞ք որն է՝ աջ ենք պտտվել, մատ ենք թափ տվել, ձախ ենք պտտվել, մատ ենք թափ տվել, ուղիղ ենք նայել, մատ ենք թափ տվել, շրջել ենք, մատ ենք թափ տվել, մեզ հարցրել են՝ ինչի՞ հաշվին եք տենց մատ թափ տալիս, ասել ենք՝ չգիտե՞ք ով է մեր մեջքին կանգնած, հետո երբ պահը եկել է, որ պետք է դա արտահայտվեր, ասել են՝ ոնց որ թե էսօր մենք զանգի ենք սպասում, չենք կարա ձեզ ոչ մի բան ասենք: Էս ընկալման փոփոխությունը շատ կարևոր է: Էսօր աշխարհի շատ քիչ զարգացած երկրներ կան, որ միայն զենքով իրենց անվտանգությունը կարան ապահովեն», - ասաց վարչապետը:
Հարցուպատասխանի ժամանակ ոչ մի պատգամավոր վարչապետին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրից հարց չտվեց։