Զոհված զինվորների ծնողներին Եռաբլուրում բերման ենթարկած ոստիկանների արարքում ՔԿ-ն հանցակազմ չի գտել

Եռաբլուրի իրադարձությունները, 21-ը սեպտեմբերի, 2022թ.

Ավելի քան մեկ տարվա քննությունից հետո Քննչական կոմիտեն հանցակազմ չի գտել այն ոստիկանների գործողություններում, որոնք Անկախության օրը բիրտ ուժով բերման էին ենթարկել պատերազմում զոհված զինվորների ծնողներին։ Որդեկորույս ծնողներն այդ օրը ի նշան բողոքի փորձել էին փակել վարչապետ Փաշինյանի ճանապարհը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Քննչականից «Ազատությանն» ասացին՝ քննիչը Դատախազությանն առաջարկել է ոստիկանների դեմ հետապնդում չհարուցել։

«Կանանց ձեռք ու ոտքը բռնած քարշ էին տալիս, ձեռքերը ցավեցնում, այդտեղ հանցակազմ չկա՞ր: Կասկած էլ չունեի, որ կկարճեին էդ գործը», - ասում է նախորդ տարի այդ օրը բերման ենթարկված ծնողներից Վահիդ Սահակյանն ու շարունակում՝ չի բողոքարկելու, հոգնել է իրավապահների դռները թակելուց:

«Որոշումը սպասելի էր, քանի որ իրավապահ համակարգը էսօր ղեկավարվում է մի կետից, իսկ էդ կետը գիտեք, որ հենց ինքը Նիկոլ Փաշինյանն է՝ վարչապետն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սահակյանը՝ հավելելով. - «Արդեն հոգնել ենք էս բողոքարկումներից, ամբողջ օրը դատական պրոցեսների մեջ ենք: Մեր ցավը թողած՝ ընկել ենք, եսիմ, չեմ էլ իմանում, էլի, ցավին ցավ պատճառելով: Մարդ ուժասպառ է լինում էդ ամեն ինչից»:

Անցած տարի այդ միջադեպից հետո երեք տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ միացել ու ոստիկանապետ Վահե Ղազարյանի պաշտոնանկությունն էին պահանջել, ընդգծելով՝ եթե նա չազատվի աշխատանքից, ապա ամբողջ պատասխանատվությունն ընկնում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա: Հայտարարությունը ստորագրողներից մեկն էլ Իրազեկ քաղաքացիների միավորումն էր, որի ղեկավար Դանիել Իոաննիսյանն այսօր էլ պնդեց՝ պահանջն ուժի մեջ է:

«Ոստիկանների այդ օրվա արարքում կար քրեորեն պատժելի արարք, հանցակազմն ակնհայտ էր, բայց նրանք չպատժվեցին», - ընդգծեց Իոաննիսյանը։

«Հայաստանում որևիցե ոստիկան, որը որ ցուցարարի նկատմամբ բռնություններ է գործադրել, բաժիններում քաղաքացիներին խոշտանգող ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվում: Դա գլոբալ խնդիր է, և ըստ էության՝ նաև այն, որ Եռաբլուրի դեպքերից հետո ոստիկանապետը ոչ միայն պաշտոնանկ չարվեց, այլև նշանակվեց ներքին գործերի նախարար, նաև քաղաքական ուղերձ էր ամբողջ ոստիկանական համակարգին, որ այս մեթոդը ընդունելի է», - ասաց Դանիել Իոաննիսյանը:

Վահե Ղազարյանի պաշտոնանկությունը պահանջողներից է նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Արթուր Սաքունցն ասում է՝ որդեկորույս ծնողներին Եռաբլուրից ուժով հեռացնելու կադրերը մեկնաբանության կարիք չունեն: Իրավապաշտպանը խայտառակություն է որակում այն, որ Քննչականը նրանց արարքներում հանցակազմ չի գտել:

«Եթե պատասխանատվության չեն ենթարկվում, ապա այդ բռնությունները անխուսափելիորեն շարունակվելու են: Եվ հիմա Ոստիկանությունը, Ներքին գործերի նախարարությունը քարտ բլանշ է ստանում այն իմաստով, որ «կարող եք, շարքային ոստիկաններ, բռնություններ գործադրել, մնալ անպատիժ», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Սաքունցը:

Պատասխանատվությունը, ըստ իրավապաշտպանի, «մնում է անձամբ վարչապետի վրա, որովհետև խոստումները ժողովրդավարության մասին, իրավական պետության մասին առնվազն հիմքեր չունեն հենց այս դեպքի փաստով, որովհետև սա արդեն ոչ թե շարքային դեպքերից մեկն է, որը կատարվել է ինչ-որ շարքային ոստիկանի կողմից, այլ՝ բարձրաստիճան ոստիկանների անմիջական հսկողությամբ և մասնակցությամբ է տեղի ունեցել»:

Վահիդ Սահակյանն, իր հերթին, ընդգծում է՝ Վարչական դատարանը մերժել է Ոստիկանության հայցը, որում պնդել էին, թե ծնողները ոստիկանի օրինական պահանջին չեն ենթարկվել: «Դատարանը համարեց, որ ոստիկանների պահանջն օրինական չի եղել», - ասում է ու տարակուսում՝ հիմա այդ նույն ոստիկաններն անմեղ ե՞ն դուրս եկել:

«Ամենաամոթալի էջն էր Ոստիկանության համակարգի համար», - նշեց Սահակյանը:

Իշխանական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Գևորգ Պապոյանն ասացին՝ իրավական գործընթաց է, չեն մեկնաբանի, բայց քաղաքական գնահատական կտան:

«Նախկինում դուք երբեք անգամ գործի քննության մանրամասներին չէիք կարող տեղյակ լինել», - նշեց Հովհաննիսյանը:

«Եթե դուք գտնում եք, որ ոստիկանության ներկայացուցիչները Հայաստանի Հանրապետության քաղաքացուն գրկելով Ա կետից տեղափոխում են Բ կետ, և էդտեղ կա հանցակազմ, ես առաջարկում եմ, որ անպայման դիմեք իրավապահ մարմիններին՝ նորից քննություն անցկացնել և եթե կան նոր հանգամանքներ՝ էդ հանգամանքների շուրջ: Որովհետև մենք որևէ խնդիր չունենք այս կամ այն հարցի շուրջ խորանալու», - ասաց Պապոյանը:

Այդ կադրերը բոլորս ենք տեսել՝ կարճ արձագանքեց այդ օրը Եռաբլուրից բերման ենթարկված Վահիդ Սահակյանը, դա գրկե՞լ էր, հարցնում է նա. - «Նման բան չի եղել, իհարկե, կարելի էր շատ կուլտուրական ձևի երկուսով թևանցիկ մտնեին, հանգիստ տանեին, եթե պիտի տանեին, այլ ոչ թե չորս հոգով տանեին ու շպրտեին...»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Եռաբլուր»-ի միջադեպի գործով ոստիկանների գործողություններում իրավապահները հանցակազմ չեն գտել