44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները Քննչական կոմիտեի դիմաց են։ Նրանք նստացույց են անում, հայտարարեցին, որ 24 ժամ այստեղ են լինելու։
Զոհված զինծառայողների ծնողները, հարազատները սպասում էին, որ որևէ պաշտոնյա իրենց մոտենա, պարզաբանում տա նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանության ծառայողներին պատասխանատվության չենթարկելու վերաբերյալ, սակայն ոչ մեկը չմոտեցավ։
Տարածքում ավելի վաղ մեծ թվով ոստիկաններ կային։ Այնինչ, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի՝ շենքից հեռանալուց հետո նաև ոստիկանների թիվը նվազեց։
Ծնողներն ամիսներ առաջ կրկին Քննչական կոմիտե էին գնացել իրենց բռնության ենթարկած ոստիկանների նկարներով, իրավապահները, սակայն, հայտարարում են՝ մեղադրյալ չկա, քննությունն էլ շարունակվում է, գործով տուժող է ճանաչվել 19 ծնող։
Եռաբլուրի միջադեպից հետո իրավապաշտպանները դատապարտեցին ոստիկանությանը՝ բռնություն որակելով կատարվածը և պահանջեցին ոստիկանապետի հրաժարականը։
«Եթե ոստիկանապետը պաշտոնանկ չարվի, զոհված զինծառայողների հարազատների նկատմամբ ապօրինի բռնությունների պատասխանատվությունը կրելու է անձամբ վարչապետ Փաշինյանը», - հայտարարեցին նրանք։
Ամիսներ անց, սակայն, Փաշինյանը Վահե Ղազարյանին ներքին գործերի նախարար նշանակեց։ Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, պանթեոնից բերման էր ենթարկվել զոհված զինծառայողների շուրջ չորս տասնյակ հարազատ։