Ամիսներ առաջ «Եռաբլուրում» կարմիր բերետավորների կողմից բռնության ենթարկված ծնողներին այսօր ավարտեցին իրենց բողոքի ակցիան։ 24 ժամվա ընթացքում Քննչական կոմիտեից որևէ պաշտոնյա այդպես էլ չմոտեցավ նրանց՝ պարզաբանելու՝ ինչու ավելի քան կես տարի անց որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։
Այս հարցի պատասխանը ստանալու համար էին 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները երեկ որոշել մնալ տարածքում։ Նրանք ժամեր շարունակ փակ էին պահում Մամիկոնյանց փողոցի մի հատվածը, որտեղ Քննչական կոմիտեն է։ Ծնողների մի մասը փողոցում է գիշերել։
«Մենք երեկ՝ ժամը 2։30-ից մինչև այս պահն այստեղ ենք, այստեղ ենք գիշերել՝ անքուն, ցուրտ, բայց դա մեզ չի վախեցնում, չի հիասթափեցնում», - ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը, ով տուժող ճանաչված ծնողներից է։
Սեպտեմբերի 21-ին նրան էլ են ոստիկանները ուժով հեռացրել Եռաբլուրից, որ բացվի վարչապետի ու թիմակիցների ճանապարհը։ Իշխանություններին պատերազմի կորուստների համար քննադատող ծնողներն այդ օրը գիշերվանից էին գնացել «Եռաբլուր», որ արգելեին վարչապետին հասնել իրենց որդիների շիրիմներին։ Որդեկորույս մայրն ասում է՝ առերեսման ժամանակ ոստիկանները ընդունել են, որ սխալ են, ներողություն են խնդրել։ Տիկին Գայանեն ու մյուս ծնողները, սակայն, ցանկանում են, որ ուժ կիրառած ոստիկանները պատասխանատվություն կրեն. - «Իրենք իրենց սխալը զգում են, ճիշտ է, հարյուր անգամ ներողություն են խնդրում, բայց դա մեզ ոչինչ չի տալիս, մենք պիտի տեսնենք իրենց պատժված իրենց համապատասխան արած գործին, ու մենք գնալու ենք մինչև վերջ, պահանջելու ենք ինչքան, որ պետք լինի։
Ոչ թե առաջնահերթ մարմնական վնասվածքն է, մեզ ավելի հոգեկան ու բարոյական վնասվածքներ են պատճառել, որի համար պիտի պատասխան տան, հենց դրա համար էլ ենք այսօր այստեղ»։
Զոհվածների ու անհետ կորածների ծնողների նկատմամբ կարմիր բերետավորների արարքը բռնություն էր որակել 35 իրավապաշտպան հասարակական կազմակերպություն ու պահանջել այն ժամանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրաժարականը։ Ծառայողական քննություն սկսվեց, սակայն մինչ օրս որևէ ոստիկան չի պատժվել։
«Եթե մարդիկ, առավել ևս մամաները ստացել են մարմնական վնասվածքներ, բիրտ ուժով նրանց բերման են ենթարկել երկու, երեք, չորս ոստիկանի միջոցով, մեղադրանք չառաջադրե՞ն, ասեն՝ ճի՞շտ եք արել, ճի՞շտ են արել, որ այդպիսի վերաբերմունք են ցուցաբերել։ Եթե այսօր Վլադիմիր Վարդանյանը, որը ինչ-որ հանձնաժողովի նախագահ է, պատգամավոր է ԱԺ-ի, մեկ ուրիշ պատգամավոր հարված է հասցնում, անձեռնմխելիությունից զրկում են, ու քրեական գործ են հարուցում», - շեշտեց Վահե Սահակյանը՝ պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը։
«Այն, ինչ որ իրենք արել են մինչ այս պահը, բոլորը ծնողների միջամտության արդյունք է, և նկարներն ենք մենք բերել, տվել, և տեսաերիզներն ենք մենք տվել, և միջնորդություն ենք ներկայացրել լրագրողներին, այսինքն՝ իրենք ինքնուրույն որևէ քայլ չեն արել, դրանից հետո մենք մեր հույսը ամբողջ իրավական համակարգի նկատմամբ կորցրել ենք, որևէ ակնկալիք չունենք, ինչպես ակնկալիք չունենք դատական համակարգից», - հավելեց
Արա Ռոստոմյանը՝ զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը։
Հարազատների պահանջը ոստիկաներին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ Քննչական կոմիտեն անընդունելի է համարում։ Գերատեսչությունից հայտարարում են, թե նման պահանջները չեն բխում անաչառ և համակողմանի քննություն ապահովելու շահերից և հակաօրինական են։
«ՀՀ քննչական կոմիտեն վերահաստատում է փոխադարձ հարգանքի, ըմբռնողականության մթնոլորտում, առանց ոչ իրավաչափ պահանջներ առաջադրելու փորձերի, վարույթի շրջանակում տուժող ճանաչված անձանց հետ գրավոր հաղորդակցություն ծավալելու պատրաստակամությունը՝ հիշեցնելով, որ տուժողները զրկված չեն նաև վարույթի շրջանակներում իրենց դատավարական իրավունքներն իրացնելու հնարավորությունից», - նշում են կառույցից։
Քննչական կոմիտեից հայտնում են նաև՝ ծնողներին ընդունելության փոխարեն հորդորել են իրենց հարցերով գրություն գրել, քանի որ նախորդ ընդունելությունների ժամանակ, որոշ ծնողներներ, ըստ Քննչական կոմիտեի, իրենց թույլ են տվել էմոցիոնալ հայտարարություններ, վիրավորական արտահայտություններ են հնչեցրել ՔԿ ներկայացուցիչների հասցեին, փաստացի խաթարել հանդիպման բնականոն ընթացքը։
Բայց ծնողները չեն ընդունում Քննչական կոմիտեի մեղադրանքները։ Վստահ են՝ այլ պատճառով են նախաքննական մարմնից հրաժարվում իրենց հետ հանդիպել։
«Իրենք ուղղակի ասելու բան չունեն, բոլոր պատրվակները կգտնեն, որպեսզի ոնց այսօրվա իշխանությունն է ամեն ինչը բարդում ուրիշների վրա, չի ուզում որևէ պատասխանատվություն իր վրա վերցնի, բոլորը մեղավոր են, բացի իրենցից։ Նույն ոճը, պարզ երևում է, որ այդ ձեռագիրը վերևից հրահանգված, որ իրենք այս գործը փակեն, ծածկեն, և դրա համար Քննչականի քննիչն ու համապատասխան վարչության պետը չեն կարողանում գալ, մեզ մոտ կանգնեն և որևէ բան ասեն», - ասաց Արա Ռոստոմյանը։
Ծնողներն, այսօր ավարտելով իրենց բողոքի ակցիան, հայտարարեցին՝ իրենց հետագա անելիքների մասին կտեղեկացնեն երկուշաբթի օրը։