Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում շաբաթավերջին հանդիպել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ, քննարկել «բրյուսելյան եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր», այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Եվրամիության մայրաքաղաքում, որտեղ Գրիգորյանը մասնակցում էր հայաստանյան քաղհասարակության կազմակերպած համաժողովին, նա ևս մեկ անգամ հաստատել է՝ Հայաստանը պատրաստ է Բրյուսելի առաջարկած ձևաչափով շարունակել բանակցությունները։
«Հայաստանը պատրաստ է եռակողմ հանդիպմանը Բրյուսելում: Դա նախկինում էլ ենք ասել, հիմա էլ ենք ասում, որ Հայաստանը պատրաստ է, և երբ որ հնարավոր լինի, այսինքն՝ երեք կողմ է պետք համաձայն լինեն, առնվազն Հայաստանը միանշանակ համաձայն է սրան, երբ որ համաձայնություն լինի, ապա այդ հանդիպումը տեղի կունենա», - ասել է ԱԽ քարտուղարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գրիգորյան. Երևանը դիմել է ԵՄ-ին գործակցությունն ընդլայնելու համար՝ նաև անվտանգության ուղղությամբԵվրամիության բարձրաստիճան պաշտոնյա անանուն աղբյուրն «Ազատությանն» ավելի վաղ հայտնել էր, որ Բրյուսելն այժմ Հայաստանի ու Ադրբեջանի հետ առանձին-առանձին բանակցություններ է վարում՝ Փաշինյանի, Ալիևի ու Միշելի միջև եռակողմ հանդիպում կազմակերպելու համար, սակայն առայժմ կոնկրետ արդյունքներ չկան, բայց հնարավոր է, որ բանակցությունները տեղի ունենան դեկտեմբերին։
Կկայանա արդյոք առաջնորդների հանդիպումն առաջիկայում, թե՝ ոչ, պարզ չէ, քանի Ալիևն անցած ամիս երկու անգամ մերժել է Եվրամիության միջնորդությամբ Հայաստանի հետ հանդիպելու առաջարկները։
Ըստ նույն աղբյուրի, Բրյուսելն այժմ աշխատում է Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին տեղակայված դիտորդական առաքելությունն ընդարձակելու ուղղությամբ, և շատ մոտ ապագայում այդ առաջարկը կներկայացնի Հայաստանին։ Այս տեղեկությունը նաև պաշտոնական Երևանն է հաստատել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հնարավոր է՝ Միշել-Փաշինյան-Ալիև բանակցությունները տեղի ունենան դեկտեմբերին«Հայաստանի՝ Եվրոպային ինտեգրվելու հեռանկարը ռազմավարական է»
Մինչ այդ, Բրյուսելում ամփոփել են հայաստանյան քաղհասարակության նախաձեռնած «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» համաժողովը, որից հետո ընդունված հռչակագրով մասնակիցները հայտարարեցին՝ «Հայաստանի՝ Եվրոպային ինտեգրվելու հեռանկարը ռազմավարական է», հայտնեցին իրենց աջակցությունը այդ ճանապարհին ու խոստացան հետամուտ լինել, որ «Հայաստանի իշխանությունները շարունակեն եվրաինտեգրմանը միտված քաղաքականությունը»։
Այնուամենայնիվ, վարչապետն անցյալ ամիս հայտարարել էր՝ Հայաստանն արտաքին քաղաքական ոչ մի վեկտոր չի փոխում։
Համաժողովի մասնակից ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի խոսքով, առնվազն իր ընկալմամբ՝ Հայաստանի հնարավոր եվրաինտեգրացիան չի նշանակում գնալ ռազմավարական շրջադարձի, այլ երկիրը ձգտում է նախ դառնալ ոչ-բլոկային պետություն. - «Որը կարող է իհարկե դիտարկվել նաև որպես նախապատրաստական փուլ: Որովհետև եթե դու ուզում ես, օրինակ, դառնալ Եվրոպական միության անդամ, դու պետք է առաջինը քո տանը կատարես քո տնային աշխատանքը: Եվ, իհարկե, ոչ միայն Եվրոպական միության, այլ նաև այլ կառույցների առումով»:
«Սա իմ անձնական կարծիքն է, մենք այնտեղ այս հարցում, բնականաբար, ունեցել ենք տարատեսակ մոտեցումներ, որ այսօր չափազանց ոգևորիչ է, չափազանց կարևոր է, որ այդքան ազնիվ և բաց մթնոլորտում էին տեղի ունենում քննարկումները», - «Ազատության» հետ զրույցում նշեց փորձագետը:
Մարգարյանի խոսքով՝ համաժողովի եվրոպացի հյուրերի հորդորն էր, որ Հայաստանն ակտիվ աշխատի Եվրամիության անդամ առանձին երկրների հետ. - «Իսկ սա, իրոք, շատ կարևոր է ընդգծելը, որովհետև մեզանում Եվրոպական միությունը ընկալվում է որպես մեկ առանձին կառույց, այնինչ դա բաղկացած է տարատեսակ անդամ-պետություններից, որոնք ունեն իրենց շահերը: Եվ նույն Եվրոպառլամենտի ներկայացուցիչներից մեկը, ով ուզում է Հայաստանի ձայնը այնտեղ լսելի դարձնել, մեծ ջանքեր է գործադրում, որովհետև մեր հարցի վերաբերյալ բոլոր անդամ-պետությունները, բնականաբար, չունեն համանման կարծիք»:
Չնայած Եվրամիությունից չկան ուղիղ հայտարարություններ այն մասին, որ Բրյուսելում ցանկանում են, որ Հայաստանը շարժվի Վրաստանի ուղով, որը շուտով կարող է դառնալ ԵՄ անդամության թեկնածու, այնուամենայնիվ, համաժողովի մասնակիցները Հայաստանի ապագայի ոչ-եվրոպական այլընտրանք չեն տեսնում ու պահանջում են նաև՝ «Հայաստանը լքի ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի երկրների շարքերը, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակի բացառապես երկկողմ ձևաչափով»։
Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հեռանկարներին, հոկտեմբերին վարչապետը Ստասբուրգում նշել էր՝ «պատրաստ են զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ այնքան, որքան Եվրամիությունը հնարավոր կհամարի», իսկ ուրբաթ օրը Բրյուսելում Գրիգորյանն ասաց, որ Երևանը դիմել է Բրյուսելին տարբեր, այդ թվում՝ անվտանգության ուղղությամբ համագործակցությունն ընդլայնելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել. ՓաշինյանՆոյեմբերի սկզբին Հայաստանում էր Եվրամիության առանցքային անդամներից մեկի՝ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը, որն, իր հերթին, Երևանում հայտարարեց՝ իրենք ցանկանում են ավելի ուժեղ ու խորը հարաբերություններ, սակայն այդ ամենը «կարող է տեղի ունենալ ավելի անվտանգ ու խաղաղ միջավայրում», ավելացնելով, որ «գերմանական ներդրումների համար Հայաստանը գրավիչ կդառնա խաղաղության պայմանագրի կնքումից հետո»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ցանկանում ենք պայմաններ ստեղծել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար. Անալենա Բերբոք