Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա


Բրյուսելյան եռակողմ հանդիպումներից, արխիվ
Բրյուսելյան եռակողմ հանդիպումներից, արխիվ

Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների՝ մինչև հոկտեմբերի վերջ Բրյուսելում ծրագրված հանդիպումը չի կայանա, այսօր հայտարարեց Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Եվրոպացի դիվանագետը պնդեց՝ ժամանակի սղությունն է պատճառը, չեն հասցրել կազմակերպել։

«Հավատում եմ, որ փոքր-ինչ ուշացման խնդիր է, այլ ոչ թե այլ բան», - հավելեց նա:

Կլաարը, սակայն, չհստակեցրեց, թե առաջնորդներից ով ժամանակ չգտավ Բրյուսել մեկնելու։

Ժամեր անց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Ազատության» հարցին ի պատասխան բացեց փակագծերը. - «Ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը, որովհետև մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը: Հուսամ իսկապես խնդիրը կոնկրետ ժամկետներն են ու առաջիկայում հնարավոր կլինի նոր հանդիպման մասին նոր ժամկետներ պայմանավորվել, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այդ հանդիպմանը մասնակցել»:

Ավելի ուշ էլ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ եվրոպացի գործընկերից պարզաբանումներ պետք է ստանա։

«Բայց նաև կան աշխատանքային մանրամասներ, որոնք մենք առաջիկա օրերին Եվրամիության գործընկերներից կփորձենք պարզաբանումներ ստանալ և հասկանալ հետագա անելիքները»,- ասաց Փաշինյանը։

Հոկտեմբերի սկզբին էլ Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր մեկնել Գրանադա՝ Փաշինյանի ու Եվրամիության առաջնորդների հետ հանդիպման։

«Գրանադայի հանդիպման մեջ էլ նոր բան չկար, սա այն նույն սկզբունքներն էին կրկին արձանագրում, գուցե մի փոքր ավելի մանրամասն, նույն սկզբունքները, որոնք արդեն իսկ հնչել էին Շառլ Միշելի կողմից եռակողմ հայտարարության արդյունքներով հուլիսի 15-ին, և այդ սկզբունքներին այդ հայտարարությունից հետո առարկող հայտարարություն չէին արել ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը: Այսինքն, մեքն խոսում ենք նույն սկզբունքների մասին և շարունակում ենք հավատացած լինել, որ հենց այդ սկզբունքներն են, որ պիտի ընկնեն խաղաղության հիմքում», - նշեց Միրզոյանը:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը այս պահին իրավիճակը ծանր գնահատեց, սակայն ոչ անհույս՝ վստահեցնելով՝ շարունակում են փորձերը Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու համար։ Հստակ ժամկետներ, սակայն, Կլաարը չնշեց՝ օգտագործելով միայն «մոտ ժամանակներս» ձևակերպումը։

«Բայցևայնպես պետք է շեշտեմ, որ չնայած դանդաղ ենք շարժվում, ոչ այնքան արագ, որքան կցանկանայինք, բայց ճիշտ ուղղությամբ ենք գնում», - ասաց Կլաարը:

թեև մի շարք վերլուծաբաններ պնդում էին, թե թեհրանում օրերս կայացած «3+3» բանակցությունները շեղում են հայաստանին արևմտյան օրակարգից, Եվրամիության բարձրաստիճան դիվանագետը պնդեց՝ այդ ձևաչափերի միջև հակասություն չկա։

«Մի քանի օր առաջ Թեհրանում տեղի ունեցած քննարկումները [«3+3» ձևաչափ. - խմբ.] օգտակար են այս համատեքստում։ Մեր տեսանկյունից՝ այն, ինչ հիմա սեղանին է դրված, ճշգրտորեն այն առաջնահերթություններն են, որոնք վարչապետ Փաշինյանն ընդգծեց Եվրոպական խորհրդարանի իր վերջին ելույթում՝ ո՛չ՝ նոր ուժի կիրառմանը, տարածքային ամբողջականության ճանաչում, քարտեզների ճանաչում և ընդունում՝ սահմանագծման և սահմանազատման համար, տրանսպորտային ապաշրջափակում, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, որն ավելի լայն իմաստով կբերի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը», - ասաց Կլաարը:

Ավելին, Եվրամիության դիվանագետը պնդեց, թե Բրյուսելը Կովկասում Ռուսաստանի դերակատարումը նվազեցնելու նպատակ չունի, մյուս կողմից ընդգծեց՝ Երևանն ու Բաքուն պետք է որոշեն՝ ում հետ և ինչպես գործակցել։

«Մենք այս գործում այդ նպատակով չենք։ Մոսկվայից ժամանակ առ ժամանակ հնչող հռետորաբանությունը սխալ է։ Այնպես չէ, որ Ռուսաստանը ժառանգական իրավունք ունի լինել այստեղ միակ արտաքին դերակատարը։ Իհարկե, Ռուսաստանը շահեր ունի, մեծ երկիր է ինչպես և ԵՄ-ն ու այլոք։ Ի վերջո, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որոշեն՝ ում հրավիրեն, ում աջակցությունը ստանալ հարաբերությունների կարգավորման հարցում», - ասաց Կլաարը:

Վերահաստատելով ԵՄ դիրքորոշումը՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծեց՝ պետք է ստեղծվեն պայմաններ, որպեսզի ցանկության դեպքում արցախահայերը կարողանան անվտանգ տուն վերադառնալ։ Ղարաբաղ միջազգային առաքելություն գործուղելու հարցում, սակայն, որևէ առաջընթաց չկա, չնայած պաշտոնական Երևանը շարունակ դնում է նման պահանջ։

Եվրոպացի պաշտոնյան խուսափեց ուղիղ պատասխանել հարցին՝ եթե նոր հարձակում լինի Հայաստանի վրա, Բրյուսելն ինչպե՞ս կարձագանքի, պնդեց՝ «տեսական հարցերը վտանգավոր են»: Իսկ ինչո՞ւ 30 տարվա դիվանագիտությունը Արցախի հարցում ձախողվեց՝ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը նախ պնդեց, թե Բրյուսելը առանցքային դերակատարում չի ունեցել ընդհուպ մինչև 2021 թվական, հետո անկեղծացավ՝ դա մեծ հարց է, որին պատասխանն ինքն էլ չունի։

Տոյվո Կլաարը հեռավար էր Երևանին միացել՝ մասնակցելու «ԱՊՐԻ Արմենիա»-ի «Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» խորհրդաժողովին։

XS
SM
MD
LG