Ադրբեջանի արտգործնախարարությունը պաշտոնական բողոք է ներկայացրել Թեհրանին՝ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի վերջին հայտարարությունների առիթով։
«Մենք վճռականորեն բողոքում ենք այն անհիմն և սադրիչ հայտարարությունների դեմ, որոնք հնչել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի՝ CivilNet հարթակին տված հարցազրույցում», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն։
Ադրբեջանցի դիվանագետի խոսքով՝ «Սոբհանիի հայտարարությունները միտված են Ադրբեջանի և Իրանի՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա հիմնված հարաբերությունների խաթարմանը»։
Հաջիզադեի պնդմամբ, դեսպանի հայտարարությունները «սադրանք են՝ իրականացված ադրբեջանա-իրանական երկկողմ հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին»։
CivilNet-ի հետ զրույցում Իրանի դեսպանը նշել էր, որ Բաքուն պետք է հարգի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները, իսկ Հայաստանի հարավում արտատարածքային միջանցքների ստեղծմանը Թեհրանը կտրականապես դեմ է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը դատապարտում է Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունները