Մատչելիության հղումներ

Ադրբեջանը դատապարտում է Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունները


Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն, Բաքու:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն, Բաքու:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն դատապարտել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սուբհանիի հայտարարությունները «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում:

«Նման կարծիքները վնասում են Ադրբեջանի և Իրանի հարաբերություններին, որոնք հիմնված են միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա, դրանք նաև հակասում են Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահի հնչեցրած խոսքերին: 2023 թվականի նոյեմբերի 9-ին Տաշքենդում Էբրահիմ Ռայիսին ուրախությամբ նշել է, որ Ադրբեջանը երկար տարիներ անց ապահովել է տարածքային ամբողջականությունը, և որ Ղարաբաղը վերադարձել է Ադրբեջանին»,- ընդգծել է ԱԳՆ խոսնակը։

Հաջիզադեն նշել է, որ Բաքուն Հայաստանում Իրանի դեսպանի կարծիքը համարում է սադրանք։

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, մասնավորապես, ասել է. -«Միջանցքի մասին պետք է նշեմ, որ միջազգային գրականության մեջ դա նշանակում է հաղորդակցության ուղի, բայց երբ այն առնչվում է Հայաստանին, հատուկ իրավական իմաստ է ստանում։ Նրանք, ովքեր կրկնում են այդ բառը, հատուկ իմաստով են այն օգտագործում, և նրանք իրենց հայտարարությունների հետևում թաքնված մտքեր ունեն»։

«Մենք ակնկալում ենք, որ Իրանը կկանխի մեր հարաբերությունների ոգուն չհամապատասխանող նման քայլերը, ինչպես նաև համապատասխան միջոցներ կձեռնարկի դեսպանի արտահայտած կարծիքի կապակցությամբ»,- հավելել է Հաջիզադեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG