Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ իշխանությունն իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացնում

Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության անդամ, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի համոզմամբ՝ իշխանությունն իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացնում՝ փորձելով լռեցնել իրեն։

«Ես կարծում եմ՝ իշխանություններն իրենց արշինով են փորձում չափել ընդդիմախոսներին, այդ թվում նաև ինձ և մտածում են, որ նմանօրինակ ճղճիմ անհանգստություններ ինձ պատճառելով կարողանալու են լռեցնել, որը ծիծաղելի է», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Նախօրեին ընդդիմադիր պատգամավորը Քննչական կոմիտեից ծանուցում է ստացել և որպես վկա հրավիրվել հարցաքննության՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի հատկանիշներով նախաձեռնված վարույթի շրջանակներում։ Ըստ Հայկ Մամիջանյանի՝ վարույթի համար հիմք են հանդիսացել այս տարվա սեպտեմբերի 12 -ին Ազգային ժողովում իր ճեպազրույցի շրջանակներում արված հայտարարությունները։ Այդ օրը ընդդիմադիր պատգամավորը ներկայացրել էր Արցախի և Հայաստանի ապագայի վերաբերյալ իր տեսլականը։

«Այսինքն՝ եթե կարճ, ապա Արցախը դիմանա, մինչև Երևանը փոխվի. այլ տարբերակ երկու հայկական պետությունների գոյության, իմ համեստ կարծիքով, գոյություն չունի։ Երևանը փոխվելու է մեր բոլորիս՝ իմ, ձեր, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի, նաև արյամբ: Մենք ինչ որ պարտավոր են անել քաղաքական ուժերը, վստահեցնում ենք, որ անում ենք և կանենք», - ասել էր նա այդ օրը։

Ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին, թե արդյոք դա բռնության կոչ չի՞ դիտարկվի, Մամիջանյանը դեռ այդ ժամանակ պարզաբանել էր, որ նկատի ունի, եթե Փաշինյանն ինքը կրակ բացելու հրաման տա։
«Դե, էս իշխանությունները կարող են մի հատ էլ քրգործ իմ վրա հարուցել, բայց նորից կրկնեմ ասածս՝ եթե Փաշինյանն անմտություն անի և նորից, ինչպես անցած տարվա հունիսին խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառի հատուկ միջոցներ, այսինքն՝ կրակ բացի, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ», - ասաց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկ Մամիջանյանը հրավիրվել է ՔԿ հարցաքննության իր հայտարարությունների համար

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սա Հոկտեմբերի 27-ը չէ». «Երևանն արյունով վերցնելու մասին խոսողներին» Փաշինյանը հորդորեց բախտը չփորձել

Սեպտեմբերի 12 -ին այդ ճեպազրույցից հետո՝ հենց նույն օրը խորհրդարանական հայտարարությունների ժամին, Հայկ Մամիջանյանը երկրորդ անգամ էր պարզաբանել, թե ինչ է նկատի ունեցել. - «Ստիպված եմ խոսել այսօրվա ճեպազրույցի ժամանակ իմ ասածի վերաբերյալ, որից, իմիջիայլոց, հետ չեմ կանգնում և տեր եմ։ Ասածի իմաստը այն էր, որ եթե Նիկոլ Փաշինյանը որոշի կրակ բացել հայրենասերների վրա, ինչում, կարծում եմ, ոչ մեկը չի կասկածում, ապա հայրենասերների մեջ դրանից վախեցող չկա։

Դուք հարցնում էիք՝ ո՞ւմ արյամբ, թեկուզ իմ արյան, ազատության հաշվին։ Խնդիր չկա. դա ամենամեծ զոհողությունն է, որը կարելի է անել։ Հասկանո՞ւմ եք, ես բունկեր չունեմ, արտերկրում բնակարան չունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ արտերկրում ապրելու, այնպես որ դրա քննարկումն ավելորդ է»։

Այսօր էլ «Ազատության» հետ զրույցում ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ շարունակում է տեր լինել իր խոսքերին, և հայերենին տիրապետող ցանկացած անձ հասկացել է, որ ինքը նկատի է ունեցել իշխանությանը։

«Պարզ հայերենով ասվում է, մեկ անգամ էլ կարող եմ ասել՝ հաշվի առնելով, թե ով է եղել Մարտի մեկի արյան պատասխանատուներից մեկը առնվազն, ով է հրահրել բախումներ, հաշվի առնելով այն փաստը, որ հունիսի 3-ին անցյալ տարվա, այս տարվա սեպտեմբերին Փաշինյանը խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոց է կիրառել, ես կասկած չունեմ, որ Փաշինյանը իմ խմբակով խաղաղ ցուցարարների վրա կրակ է բացելու ու ամեն ինչ անելու է իշխանությունը ամեն կերպ պահելու համար։ Ես նորից կրկնում եմ, որ դրանից վախեցող չկա։ Դրա մասին էր իմ ելույթը», - ասաց նա։

«Ազատության» հարցին, թե այսինքն՝ արյան հետ կապված արտահայտությունը նկատի ունի, որ իշխանությունն է հղելու այդ արյունը, նա արձագանքեց. - «Այո, հայերենի իմացություն ունեցող ցանկացած մարդ այդպես է ընկալել ասածս»։

Պատգամավորը Քննչական կոմիտե հարցաքննության կգնա հաջորդ շաբաթվա վերջին

Հայկ Մամիջանյանն ասաց, որ առաջիկա օրերին մեկնելու է Բրյուսել Եվրանեսթի պատվիրակության շրջանակններում, այդ իսկ պատճառով Քննչական կոմիտե հարցաքննության կգնա հաջորդ շաբաթվա վերջին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր տարբեր պատճառաբանություններով հրաժարվեցին արձագանքել քաղաքական հետապնդման ենթարկվելու մասին Հայկ Մամիջանյանի պնդումներին։

Վերջին շրջանում հաճախակի են դարձել Քրեական օրենսգրքի 330 -րդ հոդվածի բռնության կոչերի համար քրեական վարույթները։
Այդ հոդվածով վերջերս մեղադրանք առաջադրվեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին, ապա օրերս կրկին նույն հոդվածով կալանավորեց նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քրեական վարույթ՝ կրկին ֆեյսբուքյան գրառման համար. իրավապաշտպանը հիշեցնում է վարչապետի կոշտ հայտարարությունները

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հելսինկյան կոմիտեի նախագահի ֆեյսբուքյան գրառման պատճառով ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել

Թե վերջին շրջանում բռնության կոչերի հոդվածով ընդհանուր քանի քրեական գործ է հարուցվել, դժվար է ասել։ Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ հատուկ վիճակագրություն չունեն, բայց միայն սեպտեմբերի 19 -ին և 20-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային հավաքների ու անկարգությունների ժամանակ այդ նույն հոդվածով մեղադրանք է ներկայացվել 7 քաղաքացու, մեկի գործ էլ արդեն ուղարկվել է դատարան: