Մատչելիության հղումներ

Քրեական վարույթ՝ կրկին ֆեյսբուքյան գրառման համար. իրավապաշտպանը հիշեցնում է վարչապետի կոշտ հայտարարությունները


Կալանավորված Արագած Ախոյանը, արխիվ
Կալանավորված Արագած Ախոյանը, արխիվ

ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանը կալանավորվել է Ֆեյսբուքում բռնություն գործադրելու հրապարակային կոչերի մեղադրանքով։ Քննչական կոմիտեի նշած լատինատառ Արագած Ախոյան անվանումով ֆեյսբուքյան էջն արդեն գոյություն չունի, իրավապահները, սակայն, հրապարակել են 61-ամյա Ախոյանի գրառման բովանդակությունը, ըստ որի՝ նա կոչ է արել ցուցակագրել այն մարդկանց, որոնց, իր նկարագրամբ, «սատկացնելու են» վարչապետի հեռացումից հետո: Կոնկրետ անուններ այդ գրառման մեջ չկան։

«Քաղաքական հայացքներով պայմանավորված՝ նա հնչեցրել է բռնություն», - «Ազատությանն» ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Հարցին, թե միայն քաղաքական ենթատեքստով գրառումնե՞րն են ՔԿ-ի ուշադրության կենտրոնում հայտնվում, նա պատասխանեց. - «Բնականաբար, ոչ, բայց այս դեպքում դա մեղադրանքի մաս է կազմում։ Քննչական կոմիտեն ստացել է հաղորդում, քրեական վարույթ է նախաձեռնվել ու նախաքննություն իրականացվել»։

Կալանավորված Արագած Ախոյանն իրեն առաջադրված մեղադրանքի մասին դիրքորոշում չի հայտնել. փոխանցեց նրա փաստաբան Գոռ Վարդանյանը: Չնայած «սատկացնելու» կոչին, փաստաբանը պնդում է, թե այդ գրառման մեջ բռնություն չկա:

«Բռնության կոչի մասին առհասարակ բան չկա, ցուցակներ կան, թե ոչ, կամ այլ անձինք ինչ-որ բռնության ենթարկվել են, հաղորդում ներկայացվել է, թե ոչ, վերացական հայտարարություն է նշված։ Վարույթ իրականացնող մարմինը բոլոր հարցադրումներին պատասխանում է՝ միջնորդության կից ներկայացված նյութերը խնդրում են հիմք ընդունել»։

Օրերս էլ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էր իր ֆեյսբուքյան էջում գրել, որ իր նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ֆեյսբուքյան գրառման համար: ՔԿ-ից ընդգծել էին՝ այդ գրառումը ևս բռնության կոչ է պարունակել, որը քրեական օրենսգրքով արգելվում է, առավելագույն պատիժն էլ երկու տարվա ազատազրկումն է։

Այս կալանավորումներին ֆոնին իրավապաշտպան Վարդան Հարությունյանը հիշեցնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից վերջինը ընդդիմախոսներին «գետնին պառկեցնելու ու ասֆալտ լիզելու» մասին։

«Ասֆալտին փռելու կամ բորդյուրներին խփելու, պատերին ծեփելու սպառնալիքը, դրանք նույնպես բռնության կոչեր են և շատ ավելի լուրջ բռնության կոչեր են, որովհետև արվում են իշխանավորների կողմից, որոնք ունեն այդ հնարավորությունը։ Եթե մարդը մեր այս լարված իրավիճակի թելադրանքից դրդված սոցիալական կայքերում, սրճարաններում, իր խոհանոցում իր ընկերների հետ ինչ-ինչ զրույցներ է ունենում կամ ընդունելի կամ անընդունելի գրառումներ է անում, դա այնքան լուրջ չպետք է ընդունվի, որքան իշխանությունների սպառնալիքները», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա։

«Ինչո՞ւ իշխանականների ու հենց վարչապետի այս հայտարարություններից հետո քրգործեր չկան»,- հարցնում է իրավապաշտպանը:

«Որովհետև իշխանության ոչ մի ներկայացուցիչ մարդկանց տներից հավաքելու, սատկացնելու կամ սպանելու կոչեր չի հնչեցրել»,- իրավապաշտպանին հակադարձում է վարչապետի թիմակից, պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ վարչապետ Փաշինյանի հայտարարությունները որակելով որպես քաղաքական խոսք՝ համեմված գեղարվեստական, քաղաքական պատկերավոր բառերով:

«Ի՞նչ է նշանակում ասֆալտ լիզել. երբ ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանում և աշխարհի բոլոր երկրներում ինչ-որ գործողություն է իրականացնում, օրինակ՝ հանցագործներին են վնասազերծում, ի՞նչ են անում, այդ մարդկանց գետնին են պառկեցնում, ձերբակալում են, այդպես է կարգը հիմնականում։ Կամ միգուցե չեն պառկեցնում, այսինքն՝ դա ընդամենը այդ պրոցեսի որոշակի քաղաքական խոսքով համեմված, որոշակի գեղարվեստական ոճով համեմված նկարագրություն է, բայց երբ քաղաքական գործիչն ուղիղ հայտարարում է, որ տների հասցեները իմացեք, ցուցակագրեք այս մարդկանց, էս արեք, էն արեք, դա ոչ միայն բռնության կոչ է, այլ նաև կարող է ենթադրել անգամ որաշակի նախապատրաստական աշխատանք», - ասաց նա։

Ավելի վաղ էլ խորհրդարանի նիստերից մեկում իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էր սպառնացել ընդդիմախոսի լեզուն ու ականջը կտրել, սակայն նրա այս հայտարարությունը իրավական որևէ հետևանք չունեցավ։

Ու մինչ քննադատություններ են հնչում, որ իրավապահները ընտրովի արդարադատություն են իրականացնում՝ աչք փակելով իշխանականների հայտարարությունների վրա, Քննչական կոմիտեից շարունակում են պնդել՝ ամեն ինչ արվում է օրենքով։ Օրերս ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը պնդել էր, թե ընտրովի արդարադատության պրակտիկան վաղուց անցյալում է։


Քննչական կոմիտեից ասացին՝ հատուկ վիճակագրություն չեն վարում, թե այս նոր հոդվածով քանի քաղաքացու նկատմամբ է քրեական գործ հարուցվել, քանիսն են անազատության մեջ։ Խոսնակը միայն վերջին տվյալները ներկայացրեց՝ սեպտեմբերի 19 և 20-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային հավաքների ու անկարգությունների ժամանակ բռնության կոչ հնչեցնելու հոդվածով մեղադրանք է ներկայացվել 7 քաղաքացու, մեկ քաղաքացու գործ արդեն ուղարկվել է դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG