Գազայի հատվածի հյուսիսում թեժ մարտերը չեն դադարում, խորանում է հումանիտար ճգնաժամը

Գազայի հատված - Իսրայելի զինուժի հարվածներից ավերակների վերածված շենքեր Գազա քաղաքում, 10-ը նոյեմբերի, 2023թ.

«Ալ-Շիֆա» հիվանդանոցային համալիրին իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է 13 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է «Համաս»-ի {ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն} կողմից վերահսկվող տեղական կառավարությունը:

Իսրայելը պնդում է, թե «Համաս»-ը հիվանդանոցի անձնակազմին և հիվանդներին օգտագործում է որպես կենդանի վահան: «Համաս»-ը բուժհաստատությունը վերածել է «օպերատիվ բազայի, պահեստի, էներգիայի աղբյուրի» և դրա տակ կառուցել «ստորգետնյա հրամանատարական բունկեր, որը միացված էր թունելներով «Համաս»-ի այլ դիրքերին», - ասել է Իսրայելի Պաշտպանության բանակը:

Գազայի հատվածի հյուսիսում թեժ մարտերը չեն դադարում, երեկ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել էր, թե իսրայելական բանակը վերահսկում է Գազայի հատվածի հյուսիսային շրջանները: Սրան զուգահեռ, սակայն, խորանում է հումանիտար ճգնաժամը:

Սպիտակ տան անվտանգության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին երեկ հայտարարել է, թե Իսրայելը համաձայնել է ամենօրյա հումանիտար դադարների:

Ըստ Քիրբիի, դադարները կտևեն չորս ժամ, դրանք սկսելուց մոտ երեք ժամ առաջ էլ բնակչությանը կտեղեկացնեն դադարի և հումանիտար միջանցքներից օգտվելու մասին:

Իսրայելն ամեն օր կոչ է անում Գազայի հյուսիսային հատվածի բնակիչներին տարհանվել հարավ, որտեղ համեմատաբար հանգիստ է, քանի դեռ իսրայելական բանակը ոչնչացնում է «Համաս»-ի զինյալներին, ղեկավարությանը, նրանց բունկերներն ու հենակետերը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էր հայտարարել, թե երեք օրով կամ ավելի երկար դադար է ակնկալում Իսրայելի վարչապետից:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուրբաթ օրն իր վրդովմունքն է արտահայտել Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մեծ թվի կապակցությամբ, ասելով, որ պետք է ավելին անել՝ «պաղեստինցի խաղաղ բնակիչներին վնասը նվազագույնի հասցնելու համար»:

Բլինքենը ողջունել է Իսրայելի կողմից ամենօրյա հումանիտար դադարների և երկու մարդասիրական միջանցքների մասին հայտարարելը, սակայն հավելել է, որ «կարելի է և պետք է ավելին անել»:

«Չափազանց շատ պաղեստինցիներ են սպանվել։ Չափազանց շատերն են տուժել վերջին շաբաթներին։ Մենք ցանկանում ենք անել ամեն ինչ, որպեսզի կանխենք վնասը և առավելագույնի հասցնենք այն օգնությունը, որը ստանում են պաղեստինցինները», - ասել է պետքարտուղարը՝ հավելելով. - «Մենք կշարունակենք Իսրայելի հետ քննարկել կոնկրետ քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն այդ նպատակներին հասնելու համար»։ Բլինքենը հրաժարվել է նկարագրել այդ քայլերի մանրամասները:

Իսրայելը չի համաձայնում դադարեցնել ռազմական գործողությունները երկար ժամանակով:

Վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտնում է, որ Գազայի հատվածի հյուսիսից հարավ հումանիտար միջանցքները սկսել են գործել դեռևս կիրակի օրը՝ նոյեմբերի 5-ին, դրանք բացվում են ամեն օր մի քանի ժամով: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ միայն նոյեմբերի 8-ին այդ միջանցքներից օգտվել է 50 հազար մարդ։

Ընդ որում՝ Նեթանյահուի գրասենյակը պաշտոնապես չի օգտագործում «մարդասիրական դադարներ» արտահայտությունը, միայն` «մարդասիրական միջանցքներ», և պնդում է, որ հրադադար չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ «Համաս»-ը ազատ չի արձակել բոլոր պատանդներին։

Գազայի հատվածում պատերազմի սկզբից ի վեր, ըստ «Համաս»-ի վերահսկողության տակ գտնվող առողջապահության նախարարության, սպանվել է 10 հազար 812 մարդ:

Նեթանյահուն երեկ հավաստիացրել է, թե Իսրայելը Գազան գրավելու նպատակ չունի, Իսրայելը չի ձգտում գրավել կամ կառավարել Գազայի հատվածը «Համաս»-ին հաղթելուց հետո:

«Մենք չենք ձգտում գրավել Գազան, մենք չենք ձգտում կառավարել Գազան։ Կարծում եմ՝ պարզ է, թե ինչպիսին պետք է լինի Գազայի ապագան. այս ճակատամարտի վերջում «Համաս» չի լինի, մենք կկործանենք «Համաս»-ը ոչ միայն մեր, այլև՝ հանուն բոլորի, հանուն քաղաքակրթության, հանուն պաղեստինցիների և իսրայելցիների: Մենք պետք է տեսնենք Գազայի ապառազմականացումը և վերակառուցումը», - հայտարարել է Իսրայելի վարչապետը:

Նեթանյահուի ավելի վաղ արված հայտարարությունն այն մասին, որ Իսրայելը պատասխանատու է լինելու Գազայի անվտանգության համար անորոշ ժամանակով, առաջացրել է Իսրայելի գլխավոր դաշնակից ԱՄՆ-ի քննադատությունը: Վաշինգտոնը դեմ է Գազայի հետպատերազմյան օկուպացմանը և հայտարարել է, որ անկլավը պետք է կառավարվի պաղեստինցիների կողմից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բենյամին Նեթանյահու. «Նոր Գազայում արմատականների համար տեղ չի լինի»