Քանի դեռ Իսրայելի հարցը չի լուծվել, չի կարող լինել տևական խաղաղություն և ամբողջական միջազգային իրավակարգ՝ ո՛չ մեր տարածաշրջանում, ո՛չ ամբողջ աշխարհում, Ուզբեկստանից վերադառնալիս, լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ըստ Anadolu գործակալության՝ պետության ղեկավարը դիմել է Արևմուտքին կոչ անելով ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Գազայում հրադադար հաստատելու հարցով։
«Թուրքիան ջանքեր է գործադրում Գազայում արյունահոսող այս վերքը կասեցնելու համար։ Եթե Միացյալ Նահանգները կիսի այս մոտեցումը, ապա Իսրայելին կանգնեցնելը շատ ավելի հեշտ կլինի»,- ասել է Էրդողանը։
Ավելի քան մեկ ամիս շարունակվող պատերազմի ֆոնին՝ շուրջ ութ տասնյակ երկրների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ օրերս հավաքվել էին Փարիզում՝ քննարկելու՝ ինչպես կարող են մարդասիրական օգնություն հասցնել Գազա։ Իսրայելն այս համաժողովին չէր մասնակցում, սակայն Ֆրանսիայի նախագահը կապի մեջ էր Իսրայելի վարչապետի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ե՛վ Իսրայելը, և՛ «Համաս»-ը մերժում են մարտերը դադարեցնելու կոչերը