Իսրայելը մերժում է հրադադարը առանց պատանդների ազատ արձակման

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ

Իսրայելը պատրաստ է դիտարկել Գազայի հատվածում մարտերի ընթացքում «փոքր մարտավարական դադարների» հնարավորությունը, սակայն մերժում է զինադադարը՝ առանց «Համաս»-ի կողմից պատանդներին ազատ արձակելու։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ամերիկյան ABC News հեռուստաալիքի եթերում։

«Առանց մեր պատանդների ազատ արձակման Գազայում հրադադար չի լինի: Ինչ վերաբերում է տակտիկական, փոքր դադարներին՝ մենք դրանք նախկինում էլ ունեցել ենք: Ենթադրում եմ, որ մենք կքննարկենք պայմաններ, որոնք թույլ կտան, որ մարդասիրական ապրանքները մտնեն Գազա, և թույլ կտան առանձին պատանդներին դուրս գալ այնտեղից», - ասել է Նեթանյահուն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ոչ մի հրադադար՝ առանց պատանդների ազատ արձակման»․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետի խոսքով՝ հրադադարը կխանգարի այն ռազմական գործողություններին, որոնք իսրայելական բանակը վարում է ջիհադիստների դեմ։ «Միակ բանը, որն աշխատում է «Համաս»-ի այս հանցագործների դեմ, ռազմական ճնշումն է, որը մենք կիրառում ենք», - պնդել է նա:

Ընդ որում, Նեթանյահուն հայտարարել է նաև, որ մարտերի ավարտից հետո էլ Իսրայելն «անորոշ ժամանակով» կրելու է Գազայի հատվածի «անվտանգության ընդհանուր պատասխանատվությունը»։ Ինչ է սա գործնականում նշանակում՝ Իսրայելի վարչապետը չի մանրամասնել, միայն շեշտել է. - «Մենք տեսել ենք, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք պատասխանատվություն չենք կրում անվտանգության համար»:

Հարցին, թե ով է կառավարելու Գազայի հատվածը ռազմական գործողությունների ավարտից հետո, Նեթանյահուն արձագանքել է, թե պետք է լինեն նրանք, ովքեր չեն գնա «Համաս»-ի ճանապարհով:

Այս պահին իսրայելական բանակը շրջապատել է Գազա քաղաքը և Գազայի հատվածն ըստ էության կիսել երկու մասի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի բանակը հայտարարել է, որ ամբողջությամբ շրջափակել է Գազան․ Reuters

Իսրայելի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ ցամաքային գործողությունը Գազայում կավարտվի, երբ «Համաս»-ն ամբողջությամբ վերանա։

Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծությունների և հարձակման հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվն ավելանում է, ինչպես նաև ավելանում են հրադադարի կոչերն ամբողջ աշխարհում:

Միացյալ Նահանգները, չնայած չի աջակցում «Համաս»-ի դեմ Իսրայելի գործողությունների դադարեցմանը, հանդես է գալիս ռազմական գործողությունների հումանիտար դադարի օգտին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կրկին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Գազայում, որպեսզի մարդասիրական օգնությունը հասնի խաղաղ բնակչությանը, հավելելով, որ Գազայի հատվածը վերածվում է մանկական գերեզմանոցի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Դադարեցրեք այս անմարդկային տառապանքը և արագորեն ընդլայնեք մարդասիրական օգնությունը»․ Գուտերեշ

ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակն ասել է՝ Միացյալ Նահանգները գիտի, որ Գազայում հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել, բայց չի նշել, թե քանիսը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետը քննարկել են Գազայի հատվածում մարտերի ընթացքում մարդասիրական «մարտավարական դադարների» հնարավորությունը։ Սակայն, ըստ երևույթին, համաձայնություն ձեռք չի բերվել, քանի որ Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ Բայդենը և Նեթանյահուն պայմանավորվել են մոտ օրերս վերադառնալ բանակցություններին:

Միաժամանակ, իսրայելական կողմը հայտարարում է, թե պաղեստինցիները կարող են դուրս գալ Գազայի հյուսիսային հատվածից դեպի հարավայինը, որտեղ համեմատաբար անվտանգ է, և որ նման միջանցքներ արդեն երկրորդ օրն է գործում են:

Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչը Twitter-ում հրապարակել է կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է սպիտակ դրոշներով պաղեստինցիների շարասյունը շարժվում Գազայի հատվածում։ Թե քանի մարդ է կարողացել անցնել Գազայի հարավային հատված, չի նշվում։ Իսրայելի բանակի խոսնակն արաբերենով ուղերձում կոչ է արել Գազայի բնակիչներին օգտագործել այս միջանցքը:

Այսօր լրանում է պաղեստինյան արմատական «Համաս» խմբավորման՝ Իսրայելի վրա հարձակման մեկ ամիսը, այդ հարձակումից հետո իսրայելական բանակը լայնածավալ գործողություն է սկսել՝ «Համաս»-ն ամբողջովին վերացնելու նպատակով։

«Համաս»-ի կողմից վերահսկվող Գազայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Գազայի գոտում զոհվել է ավելի քան 10 հազար մարդ, որոնցից 4 հազար 800-ը երեխաներ են։

Իսրայելական կողմի կորուստները գերազանցում են 1400-ը։ 241 իսրայելցի գերության մեջ է:

Your browser doesn’t support HTML5

Իսրայելը մերժում է հրադադարն առանց պատանդների ազատ արձակման