Մատչելիության հղումներ

Ըստ Բլինքենի, «հումանիտար դադարը» կարող է կարևոր մեխանիզմ լինել Գազայի խաղաղ բնակչության պաշտպանության համար


ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թել Ավիվում բանակցել է Իսրայելի վարչապետի ու նախագահի, ինչպես նաև անվտանգության ուժերի ղեկավարների հետ։ Հանդիպումներից հետո նա մամուլի ասուլիս է տվել։ Բլինքենը միայնակ է հանդիպել լրագրողներին։ Նա վերահաստատել է Վաշինգտոնի աջակցությունը Իսրայելին, ասելով, որ Իսրայելը ինքնապաշտպանվելու իրավունք ու պարտավորություն ունի։

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ հակամարտության սկզբից Միացյալ Նահանգները հստակորեն ասել է, որ լի է վճռականությամբ կանխելու երկրորդ կամ երրորդ ճակատի բացումը ու մի քանի կոնկրետ գործողություններ նշել՝ ավիակիրների մոտեցումը հակամարտության գոտուն, ինչպես նաև Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռների ոչնչացումը և հավաստիացրել, որ ԱՄՆ-ն հանձնառու է զսպելու ցանկացած կողմից ագրեսիան։

Միաժամանակ Բլինքեն ասել է, թե ԱՄՆ-ն գտնում է, որ հումանիտար դադարը կարող է կարևոր մեխանիզմ լինել Գազայի հատվածի քաղաքացիական բնակչության պաշտպանության համար, բայց թույլ տալով, որ Իսրայելը պարտության մատնի «Համաս»-ին։

«Մենք կարիք ունենք ավելին անել պաղեստինցի բնակիչներին պաշտպանելու համար», - ասել է Բլինքենը, հավելելով, որ հումանիտար դադարը հնարավորության կտա մարդասիրական ավելի շատ օգնություն մատակարարել Գազային և օգնել հասնելու պատանդների ազատ արձակման նպատակին։ Նա նշել է, որ Իսրայելի առաջնորդների հետ կայացած հանդիպումներում դա քննարկումների կարևոր թեման էր։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր հանդես է եկել հեռուստաուղերձով և հայտարարել, որ Իսրայելը մերժում է ժամանակավոր հրադադարը, որը չի ենթադրի պատանդների ազատ արձակում։

Իսրայելը հայտնում է՝ «Համաս»-ը 241 պատանդ է պահում

Այսօր Թել Ավիվում ցույց է անցկացվել պատանդներին ազատ արձակելու պահանջով։ Փողոցներ դուրս եկած մարդիկ պաստառներ են պահել, որոնց վրա նաև գրված էր, թե չկա հրադադար առանց պատանդների վերադարձի։

Իսրայելը հայտնում է, որ «Համաս»-ը 241 պատանդ է պահում, նրանց ընտանիքները տեղեկացված են այդ մասին։ Պատանդների ընտանիքների անդամներին հաղորդագրություններ են ուղարկել նաև «Համաս»-ի զինյալները։ Ենթադրաբար նրանք պատանդներից վերցրել են հեռախոսների համարներ ու SMS ուղարկել, թե «մենք պատրաստ ենք ազատ արձակել ձեր հարազատներին, փոխանակել Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ, բայց ձեր կառավարությունը համաձայն չէ»։

Գերիներին ազատ արձակելու մասին ամերիկյան NBC հեռուստաընկերության հարցազրույցում ասել է նաև «Համաս»-ի ղեկավարներից Ղազի Համադը, դա ներկայացնելով որպես փոխզիջում Իսրայելի հետ։

«Մենք պատրաստ ենք ամբողջական փոխզիջման, որ ազատվեն բոլոր պատանդները և Իսրայելի կալանավայրում պահվող մեր բանտարկյալները», - ասել է նա։

Գազայի վրա ամերիկյան MQ-9 հետախուզական անօդաչու թռչող սարք է արձակվել՝ փորձելով հայտնաբերել «Համաս»-ի կողմից առևանգված պատանդներին։

Մեկ ամսից էլ կարճ ժամանակահատվածում սա Բլինքենի երկրորդ այցն է Մերձավոր Արևելք։ Վաղը նա բանակցությունները շարունակելու է Հորդանանում։

Լիբանանում հայտարարությամբ է հանդես եկել «Հեզբոլա» զինված խմբավորման ղեկավարը

Լիբանանում հայտարարությամբ հանդես է եկել «Հեզբոլա» զինված խմբավորման ղեկավար Հասան Նասրալին, որի ելույթին իսրայելական բանակը ուշադրությամբ հետևում էր, տեսնելու, թե Իրանի աջակցությունը վայելող այդ խմբավորումը ինչ ծրագրեր ունի «Համաս»-ի դեմ Իսրայելի պատերազմի հետ կապված։ Նրա ելույթից առաջ Իսրայելի բանակի մամուլի խոսնակը ասել էր, որ Լիբանանի հետ սահմանին իսրայելական ուժերը մարտական բարձր պատրաստվածության են բերվել։

Սա «Հեզբոլա»-ի ղեկավարի առաջին ելույթն էր «Համաս»-ի դեմ Իսրայելի պատերազմի բռնկումից ի վեր։ Լիբանանում հազարավոր մարդիկ դուրս էին եկել հրապարակ՝ դիտելու նրա 90 րոպե շարունակված հեռուստաուղերձը:

Նա ասել է, որ բոլոր սցենարները բաց են մնում, նշելով, որ Իսրայելի ու Լիբանանի սահմանին ռազմական գործողությունները չեն սահմանափակվի մինչ հիմա գրանցած մասշտաբներով։

«Հեզբոլա»-ն ԱՄՆ-ն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել 1997 թվականից։

Ինչ վերաբերում է ընթացիկ մարտական գործողություններին՝ իսրայելական ստորաբաժանումները Գազայի հատվածում շարունակում են ցամաքային ակտիվ գործողությունները։

«Իսրայելի պաշտպանության բանակը շրջափակել է Գազան օդից, ցամաքից և ծովից»

«Իսրայելի պաշտպանության բանակը շրջափակել է Գազան օդից, ցամաքից և ծովից։ Գազա քաղաքը իր արվարձաններով։ Զորքերը առաջ են շարժվում մարտերում ոչնչացնելով ահաբեկչական ենթակառուցվածքները գետնի վրա ու գետնի տակ ու ոչնչացնում ահաբեկիչներին»,- այսօրվա բրիֆինգում ասել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին։

Իսրայելի բանակը ևս զոհեր է տալիս, այսօր իսրայելական կողմը հաղորդեց, որ ցամաքային գործողության ընթացքում 23 զինծառայող է զոհվել։

Հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի հարձակման հետևանքով Իսրայելում զոհերի թիվը, ըստ իսրայելական մամուլի, ավելի քան 1500 է։ Գազայի հատվածի առողջապահական համակարգը հայտնում է, որ Իսրայելի ավիահարվածների ու հրետակոծությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը անցել է 9 հազարը։ Գազայի հատվածից հաղորդվող թվային տվյալները անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։

Իսրայելն այսօր ազատ է արձակել հակամարտության հետ առնչություն չունեցող պաղեստինցիների։ Իսրայելի ձեռնարկություններում հազարավոր պաղեստինցիներ են աշխատում։ «Համաս»-ի հարձակման օրը իշխանությունները նրանց մի մասին կալանավորել էին, ենթադրաբար անվտանգային նկատառումներից ելնելով։ Իրավապաշտպան խմբերը պնդում են, որ նրանք ձերբակալվել են առանց իրավական ընթացակարգերի պահպանման, առանց մեղադրանք ներկայացնելու։

Ձերբակալված հարյուրավոր պաղեստինցի աշխատողներին Իսրայելի իշխանությունները այսօր ազատ են արձակել, նրանց զրկել են Իսրայելում աշխատելու իրավունքից ու ավտոբուսներով տարել են Գազայի հատվածի հետ հարավային սահմանի անցակետի մոտ ու բաց թողել։

Իսկ Եգիպտոսի ու Գազայի հատվածի միջև սահմանային Ռաֆահ անցակետից այսօր ևս հարյուրավոր մարդիկ, մեծ մասը երկքաղաքացիներ, դուրս են եկել Գազայի հատվածից։

XS
SM
MD
LG