Սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում զոհվել է 200-ից ավելի զինծառայող և քաղաքացիական անձ, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Ըստ Կոմիտեի՝ շուրջ 12 քաղաքացիական անձ և 30 զինծառայող համարվում է անհետ կորած:
Քննչականը նշում է, որ առկա են առնվազն 14 անձի խոշտանգման ենթարկելու դեպքեր, որոնցից 12-ը զինծառայող են, 2-ը՝ քաղաքացիական անձ։ Ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է 3 երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 231 զինծառայող և 80 քաղաքացիական անձ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Meydan TV․ «Ադրբեջանցի զոհված զինծառայողների թիվը հասել է 200-ի»
Ընդգծելով, որ սեպտեմբերի 19-20-ին իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում ԼՂ-ի գրեթե ողջ բնակչությունը՝ 100 հազարից ավելի անձ՝ բացառապես ֆիզիկապես փրկվելու անհրաժեշտությունից դրդված, բռնի տեղահանվել է՝ չունենալով ունեցվածքը, գույքը դուրս բերելու պատշաճ ժամանակ և հնարավորություն՝ Կոմիտեն նաև շեշտում է՝ բռնի տեղահանության ընթացքում և դրան անմիջապես հաջորդող ժամանակահատվածում արձանագրվել է 64 քաղաքացիական անձի մահ, որոնք ուղիղ պատճառական կապի մեջ են պաշարման ժամանակահատվածում, էթնիկ զտումների գործողությունների և տեղահանության ընթացքում կրած զրկանքների՝ սովի, դեղորայքային և բժշկական օգնության բացակայության և այլնի հետ։
Նշելով, որ վարույթն իրականացնող մարմինը քննում է նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների առևանգումների, զինծառայողների գերեվարումների դեպքերը՝ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ առկա են 16 անձի՝ 6 զինծառայողի գերեվարման և 10 քաղաքացիական անձի առևանգման մասին տվյալներ, իսկ Բաքուն 16 անձանցից միայն 9-ի մասով է հաստատել իր տիրապետության տակ վերջիններիս գտնվելու փաստը, մյուսների մասով կատարվում են համապատասխան գործողություններ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն ծանր մեղադրանքներ է ներկայացնում Արցախի նախկին ղեկավարներին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արցախի նախկին նախագահներին ու Ադրբեջանում պահվող մյուս անձանց