Տավուշի սահմանամերձ Բերդ համայնքում քաղաքական խմորումներից հետո իշխանության եկած Աստղիկ Հակոբյանն ասում է՝ անցած մեկ տարում իր առաջնային խնդիրը եղել է ընդդիմության հետ լարված հարաբերությունները կարգավորելն ու համագործակցության մթնոլորտ ստեղծելը։
«Ընդհանուր իմ տեսլականը, իմ ամբողջ ուժն ու կարողությունները ներդրած է նրան, որ հնարավորին չափ համախմբում իրականացնենք, կապ չունի, թե ինչ սկզբունքի մարդ ենք», - «Ազատությանն» ասաց նա՝ հավելելով, որ այս պահին դա ստացվում է։
Մինչդեռ Բերդում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Վահրամ Սուքիասյանը հակադարձում է՝ ոչ մի համագործակցություն էլ տեղի չի ունենում, իրենց առաջարկները չեն ընդունվում, համայնքում էլ գործերը տեղից չեն շարժվում։
«Գնահատական չունեմ, որովհետև զրոյական է, ընդհանրապես ոչ մի առաջարկ մեր կողմից հավանության չի արժանանում», - նշեց նա։
Անցած տարի Բերդի 10 տարվա ղեկավար Հարություն Մանուչարյանը «Զորավոր համայնք» դաշինքի ցուցակով բանտից մասնակցել էր համայնքային ընտրություններին ու 1400 ձայնի առավելությամբ հաղթել իշխանական «Քաղաքացիական պայմանագրին։ Զորավոր համայնքն ակնհայտ առավելություն ուներ ու կարող էր միանձնյա իշխանություն ձևավորել։ Մինչդեռ կոռուպցիոն մի քանի մեղադրանքներով մեկ տարի կալանքի տակ գտնված Հարություն Մանուչարյանը համայնքի ղեկավարի ընտրության նախօրեին անսպասելիորեն հրաժարվեց մանդատից ու կալանքից ազատ արձակվեց։ Այդպես էլ օդում կախված մնացին պնդումները, թե Մանուչարյանն ազատ արձակվեց քաղաքական առևտրի արդյունքում՝ մանդատից ու համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարվելու դիմաց։ Բայց փաստ է՝ հակակոռուպցիոն դատարանը դեռ քննում է Բերդի 10 տարվա ղեկավարի ու նրա ևս երկու թիմակիցների նկատմամբ հարուցված մի քանի քրեական գործեր, իսկ նրանք ազատության մեջ են։
Մանուչարյանի մանդատից հրաժարվելուց հետո «Զորավոր համայնք» դաշինքն ավագանիում պահպանեց իր 11 մանդատն ու համայնքի ղեկավար ընտրեց իրենց ցուցակի մեկ այլ անդամի՝ Աստղիկ Հակոբյանին։ Վերջինս շեշտում է՝ համերաշխ մթնոլորտ ստեղծելու համար իր երեք տեղակալներից մեկի՝ ընդ որում առաջին տեղակալի, ինչպես նաև 16 գյուղերից 4-ի վարչական ղեկավարի պաշտոնները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն են տվել, բայց հրաժարվում է փակագծեր բացել՝ արդյոք թիմակիցներին կալանքից ազատելու դիմաց են տրվել պաշտոնները։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.
Your browser doesn’t support HTML5