Երևանի ավագանու արտահերթ նիստում այսօր փոխքաղաքապետեր նշանակվեցին և ընտրվեցին խմբակցությունների ղեկավարներ:
Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Փամբուխչյանը նշանակվեց Երևանի առաջին փոխքաղաքապետ, քաղաքապետի նախկին պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը՝ երկրորդ փոխքաղաքապետ:
Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը վերանշանակվեց իր պաշտոնին: Մինչև փոխքաղաքապետ նշանակվելը Գրիգորյանն արդարադատության փոխնախարար էր:
«Հանրապետություն» խմբակցությունից փոխքաղաքապետ նշանակվեց Սարգիս Մադաթյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայտնի են Երևանի քաղաքապետի տեղակալների թեկնածուներըԲոլոր փոխքաղաքապետերի նշանակմանը «Հանրային ձայն» խմբակցությունը դահլիճում ներկա իր 5 անդամով ձեռնպահ քվեարկեց:
Ընտրվեցին նաև ավագանի անցած խմբակցությունների ղեկավարներ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար ընտրվեց Արմեն Գալջյանը, քարտուղար՝ Նուարդ Վարդանյանը:
«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար ընտրվեց Արամ Թորոսյանը, քարտուղար՝ Իզաբելլա Աբգարյանը:
«Հանրապետություն» խմբակցության ղեկավար ընտրվեց Անի Խաչատրյանը, քարտուղար՝ Մհեր Բեջանյանը:
«Հանրային ձայն» խմբակցության ղեկավար ընտրվեց Վահան Ավագյանը, քարտուղար՝ Վահե Եսայանը:
«Ազգային առաջընթաց»-ը կոչ արեց «Հանրային ձայն»-ին չմասնակցել փոխքաղաքապետերի նշանակման քվեարկությանն ու լքեց դահլիճը: Հայկ Մարությանը ներկա չէր նիստին:
«Հանրային ձայն»-ից արձագանքեցին՝ «մեզ դասեր մի տվեք, ներկայացում եք սարքում ու դուրս գալիս դահլիճից»: Իզաբելլա Աբգարյանն ասաց՝ «քաղաքական փորձառությունն է քիչ, որ հասկանան՝ դահլիճը լքելը քաղաքական ակցիա է»:
Նիստին ներկա էին ավագանու 65 անդամներից 48-ը:
Ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունը նիստին չէր մասնակցում:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ երեկ նաև
վարչական շրջանների ղեկավարներ են վերանշանակվել՝ Արամ Ազատյանը, Կամսար Բաբինյանը և Հակոբ Բալայանը՝ համապատասխանաբար Արաբկիրում, Աջափնյակում և Էրեբունիում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փոխքաղաքապետերի նշանակման հարցը՝ Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգումՏիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ