Վագիֆ Խաչատրյանը պնդում է, որ չի ճանաչում ադրբեջանական կողմի մեղադրանքում նշված մարդկանց

«Արմայիս, Էռնեստ և Կոլյա անուններով մարդկանց ես չեմ ճանաչել», - մեղադրողի հարցերին ի պատասխան՝ այսօր Բաքվի դատարանում ասաց Վագիֆ Խաչատրյանը, որ մենակ է մնացել Ադրբեջանի պետական համակարգի դեմ։ Նրա կողքին փաստաբան չկա։

Անցած ամռանը Հակարիի կամրջից առևանգված տարեց արցախցին արդեն որերորդ անգամ է հայտարարում՝ մեղավոր չէ։ Ադրբեջանի կողմի տուժող ճանաչվածներն, իրենց հերթին, արդեն քանի անգամ է՝ նույն երեք մարդու անունն են տալիս ու պնդում, որ Վագիֆ Խաչատրյանը 90-ականներին «նրանց հետ Մեշալի գյուղում 25 ադրբեջանցու է սպանել»։ Այսօր վկայություն տալու էր եկել մեկը, որ այդ դեպքերի ժամանակ 7 տարեկան է եղել։

«Չէ, ինքը չի մասնակցել, դա լրիվ աբսուրդ է, ինքն ընդհանրապես չի մասնակցել այդ դեպքերին», - «Ազատության» հետ զրույցում նշեց Խաչատրյանի դուստր՝ Վեներա Խաչատրյանը։

Երեկվա նիստից հետո ադրբեջանական լրատվամիջոցնեը տարածեցին, թե Խաչատրյանը ներողություն է խնդրել ադրբեջանցի ժողովրդի դեմ կատարվածի համար։ Մինչդեռ տարեց արցախցին պնդել էր՝ ինքը Մեշալիի դեպքերին չէր կարող մասնակցել, քանի որ այդ օրերին գտնվում էր Շուշիի բանտում։ Դուստրը՝ Վեներա Խաչատրյանը, հաստատում է հոր խոսքերը՝ ադրբեջանական ՕՄՈՆ-ն էր նրան ձերբակալել։

«Ինքը աշխատանքի էր գնում, ինչպես բոլոր մարդիկ, առավոտ դուրս է եկել, կարող է հիշեք՝ «Կալցո օղակը»…ՕՄՈՆ-ները, որ շրջապատել են, այդ տարիներին ինքը աշխատանքի էր գնում, սովորական մարդ, առավոտ գնում էր աշխատանքի, ու իրեն ճանապարհին բռնել են, ու ինչքան հիշում եմ՝ տրանսպորտով էր գնում, ՕՄՈՆ-ը բռնել է, հանձնել թուրքերին ու տարել Շուշի», - ասաց դուստրը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ես չեմ մասնակցել այդ կռվին». Վագիֆ Խաչատրյանը հերքում է իրեն առաջադրված ծանր մեղադրանքները

Աղջիկներն արդեն մեկ ամիս է՝ հոր հետ խոսելու հնարավորություն չեն ունեցել։ Մի քանի րոպեանոց կադրերում են միայն տեսնում հորը, որին բժիշկները դեռ ամռանն էին խորհուրդ տվել սրտի շտապ վիրահատություն անցնել։ Հիվանդանոցի փոխարեն, սակայն, նա հայտնվեց ադրբեջանական բանտում։

«Կապ չունենք, ինչ դատը սկսվել է, ոչ մի անգամ կապ չենք հաստատել։ Կարմիր խաչը մինչև դատն էր. այցելությունները լինում են գերիներին հիմնականում ամիսը մեկ անգամ, դատից հետո այդ այցելությունը դեռևս չի եղել», - ասաց նա։

«Խախտված է իրավահավասարության սկզբունքը»

Արդեն հինգերորդ դատական նիստն է, բայց մինչև օրս որևէ տուժող այդպես էլ կոնկրետ չի մատնանշել, որ Վագիֆ Խաչատրյանն է մեղավոր իրեն խոշտանգելու համար։ Ադրբեջանական լրատվամիջոցները, մինչդեռ, շարունակում են խախտել նրա անմեղության կանխավարկածն ու պնդել՝ Խաչատրյանը կարող է ցմահ ազատազրկման դատապարտվել։ Այս պայմաններում Խաչատրյանին կարելի է համարել քաղբանտարկյալ, ասում է փաստաբան Արա Ղազարյանը, որ բազմաթիվ հայցեր է ներկայացրել Եվրոպական դատարան։

Այն, որ նա առանց փաստաբանի է, որի հետ կարող էր առանձնազրույց ունենալ նիստերի ընթացքում, դատավարության մյուս մասնակիցներից առանձնացված է ապակեպատ խցով, խախտված է իրավահավասարության սկզբունքը. - «Դատաքննության փուլում, երբ բոլոր ապացույցները հետազոտված են, զրկել արտաքին աշխարհի հետ կապից, նշանակում է՝ նա ենթարկվում է քաղաքական հետապնդման, որովհետև ադրբեջանցիները չեն ուզում նրան օժտեն այդ հնարավորությամբ, քանի որ գաղտնիքները կբացահայտվեն։ Թե ինչ գաղտնիքներ, մենք չգիտենք, բայց պետք է, որ ուզենար գուցե Հայաստանում փաստաբան ունենալ, հարազատների հետ շփվեր, հարազատները կուզենային նրա փաստաբանի հետ շփվել։

Առաջին հերթին վստահ եմ՝ ադրբեջանցի փաստաբանը կաշկանդված կլինի Հայաստանի հետ շփվելու, երկրում տիրող ընդհանուր իրավիճակից դա կարելի է եզրակացնել»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նա՝ մեզ, մենք իրեն ենք հուսադրում». Վագիֆ Խաչատրյանը նամակ է ուղարկել ընտանիքին

Եվրադատարանում հայ ռազմագերիների փաստաբան Սիրանուշ Սահակյանն էլ հավելում է՝ այս խախտումներով, երբ գործը հասնի Եվրադատարան, մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը տանուլ տա։

«Եթե ուսումնասիրենք նաև «տուժողների» վկայությունները, նաև կտեսնենք, թե որքան մակերեսային են, և որևէ կոնկրետ դեպքի նկարագրություն չեն պարունակում։ Կարծում եմ՝ այս և մյուս գործերով հնարավոր է հասնել արդար դատաքննության իրավունքի խախտումների արձանագրման, այս խախտումները պետք է պատշաճ ձևով փաստաթղթավորվեն և հիմնավոր կերպով ներկայացվեն դատարանին», - ասաց նա։

Բաքվի դատարանում նախօրեին հրապարակվել էին ավելի քան երեք տասնյակ այլ հայերի անուններ, որոնք, ըստ Բաքվի, ևս մասնակցել են այս դեպքերին։ Թե ինչպես կարող է Բաքուն նրանց կանչել պատասխանատվության, չի հստակեցվում։