Իսրայելն ակտիվացրել է հարվածները Գազայի ուղղությամբ, մինչդեռ Վաշինգտոնը խորհուրդ է տալիս հետաձգել ցամաքային հարձակումը` «Համաս»-ի կողմից գերեվարվածներին ազատ արձակելու շուրջ բանակցությունների համար:
Անցած 24 ժամում իսրայելական բանակը Գազայում 320 թիրախների է հարվածել, պաշտպանության նախարարն էլ զգուշացրել է` պայքարը կշարունակվի մինչև «Համաս»-ի լիակատար ոչնչացումը:
«Ներում չկա: Միայն «Համաս»-ի լիակատար ոչնչացումը` ահաբեկչական ենթակառուցվածքներով, այն ամենով, ինչ կապ ունի ահաբեկիչների հետ: Դա կարող է տևել մեկ շաբաթ, մեկ ամիս, գուցեև երկու ամիս, մինչև մենք նրանց վերացնենք», - հայտարարել է Յոավ Գալանտը:
«Համաս»-ի կառավարությանը մաս կազմող Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ գիշերվա ռմբակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 436 մարդ, այդ թվում՝ 182 երեխա: Այս տեղեկությունը հաստատող անկախ աղբյուրներ չկան: Միջազգային կազմակերպությունները, այդուհանդերձ, փաստում են, որ տեղում իրավիճակն աղետալի է:
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ անգամ բժշկական ռեսուրսներն ամբողջությամբ սպառվել են: Պաղեստինը կոչ է անում միջազգային հանրությանը և տարբեր միջազգային կազմակերպություններին շտապ միջամտել և օգնություն ցուցաբերել Գազայի հիվանդանոցներում ծանր բժշկական պայմանները մեղմելու համար:
Նախօրեին Եգիպտոսի Կարմիր մահիկի կազմակերպությունը Գազայի հատված է հասցրել մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը` սնունդ, դեղամիջոցներ, Իսրայելը, սակայն, արգելել է վառելիքի մատակարարումը անկլավ, որը երկու շաբաթ է` զրկված է էլեկտրաէներգիայից:
Այս պահին թիվ մեկ խնդիրն է դադար առնել և մարդկանց օգնություն հասցնել, այսօր հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչը:
«Հիմա ամենակարևորն այն է, որ հումանիտար օգնությունը հասնի: Այսօր մենք Եվրամիության երկրների արտգործնախարարների հետ նաև այդ հարցն ենք քննարկում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է խնդրել», - ասել է Ժոզեպ Բորելը:
Իսրայելական կողմում, մինչդեռ, պատրաստվում են ցամաքային գործողության, որը, պաշտպանության նախարարի խոսքով, պետք է սկսվի շուտով, թե երբ` հստակ չէ:
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իսրայելի ցամաքային գործողությունը հետաձգվել է Միացյալ Նահանգների խնդրանքով, որպեսզի ժամանակ տրամադրվի «Համաս»-ի կողմից ըստ վերջին տվյալների 222 գերիների ազատ արձակման շուրջ բանակցությունների համար։
Թեև լայնածավալ ցամաքային գործողություն դեռ չի սկսվել, բայց իսրայելական բանակը հաստատել է, որ զինվորներն արդեն Գազայի հատված են մտնում` «գերիների մասին տեղեկություններ հավաքագրելու, ահաբեկչական ենթակառուցվածքներ ոչնչացնելու համար»:
Արդեն երրորդ շաբաթը շարունակվող պատերազմի հետևանքով Իսրայելում զոհվել է ավելի քան 1400 մարդ, Պաղեստինում` ավելի քան 4 հազար բնակիչ։ Սա Իսրայելի և «Համաս»-ի միջև վերջին 15 տարում տեղի ունեցած հինգ պատերազմներից ամենամահաբերն է: Ընդ որում, վերլուծաբանները չեն բացառում, որ հակամարտության աշխարհագրությունը կարող է ընդլայնվել. պարբերաբար փոխհրաձգություն է տեղի ունենում Իսրայելի և Լիբանանի սահմանին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ նախօրեին զգուշացրել է «Հեզբոլա»-ին՝ այս պատերազմի մեջ չմտնել:
«Եթե «Հեզբոլա»-ն որոշի մտնել պատերազմի մեջ, ապա դա կհանգեցնի Լիբանանի դեմ պատերազմի: Նրանք կանեն իրենց կյանքի ամենամեծ սխալը: Եվ մենք կհարվածենք նրանց աներևակայելի ուժով: Դա ավերածություններ կնշանակի նրանց և Լիբանանի պետության համար», - հայտարարել է Նեթանյահուն:
Մերձավոր Արևելքում խորացող այս հակամարտության ֆոնին վաղը Ֆրանսիայի նախագահն ու Նիդերլանդների վարչապետը կժամանեն Թել Ավիվ: