Վրաստանի նախագահի իմփիչմենթի գործընթացը հասավ խորհրդարան

Վրաստան - Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանում ներկա է իր իմփիչմենթի հարցի քննարկմանը, Թբիլիսի, 18-ը հոկտեմբերի, 2023թ.

Վրաստանի խորհրդարանում ընթանում է նախագահի իմփիչմենթի հարցի քննարկման գործընթացը, որին ընդդիմության մի մասը չի մասնակցում:

Նիստին նախորդել է Սահմանադրական դատարանի որոշումը, ըստ որի՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առանց կառավարության թույլտվության միջազգային այցեր ու տարբեր պետությունների ղեկավարների հետ հանդիպումներ իրականացնելով խախտել է երկրի Հիմնական օրենքը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի ՍԴ-ն բավարարեց երկրի նախագահին պաշտոնանկ անելու՝ պատգամավորների դիմումը

Վրաստանի նախագահին պաշտոնանկ անելու համար խորհրդարանում անհրաժեշտ է 100 ձայն։ «Վրացական երազանք» իշխող մեծամասնությունն ու «Ժողովրդի իշխանություն» իշխանամետ խմբակցությունը միասին ունեն 85 ձայն: «Եվրոպական սոցիալիստներից» ընդամենը չորս պատգամավոր է պատրաստակամություն հայտնել կողմ քվեարկել իշխանության նախաձեռնությանը, մյուս պատգամավորները մտադիր են դեմ քվեարկել նախագահի իմփիչմենթին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոբախիձե. «Զուրաբիշվիլիի իմփիչմենթը գործնականում բացառվում է, չկա 100 քվե»