«Որ ասեմ, լրիվ հերիքում է, չէ». հաջորդ տարի կենսաթոշակների ավելացում չի նախատեսվում

Հաջորդ տարի կենսաթոշակների ավելացում չի նախատեսվում։ Հայաստանի 476 հազար կենսաթոշակառուները պետք է բավարարվեն արդեն իսկ եղած բարձրացումով, որը թանկացումների բեռը այդպես էլ չչեզոքացրեց։ 2024 թվականի բյուջեի նախագծով որևէ փոփոխություն նրանց համար չկա։

Գործադիրը 2024-ին նախատեսում է 7.4 միլիարդ դոլար ծախսել, 1.8 միլիարդ կուղղվի սոցիալական պաշտպանությանը, սրա զգալի մասը հենց թոշակներն են:

Բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ են կենսաթոշակների ավելացումներին անդրադառնում. անձամբ վարչապետ Փաշինյանն է պարբերաբար հպարտանում՝ մի քանի անգամ բարձրացրել են։

Նախորդ անգամ կենսաթոշակներն ավելացան այս հուլիսին՝ 3000 դրամով։ Այդչափ բարձրացում նաև 2022-ի աշնանն էր եղել։ Իշխանություններն ավելացում են համարում նաև անկանխիկ կատարած առևտրի դիմաց գումարի վերադարձի ծրագիրը. արդյունքում հանրապետության ավելի քան կես միլիոն թոշակառուներն այժմ միջինը 50 հազար դրամ են ստանում, նվազագույն կենսաթոշակն էլ 36 հազար դրամ է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Այսօրվանից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ դառնալով 36 հազար դրամ

Ի՞նչ խնդիրներ են կարողանում լուծել տարեցներն այս գումարներով. «15 օրվա է: 36 հազար ստացել եմ, ծախսել եմ, մնացել է ձեռքիս 4000»:

«Որ ասեմ, լրիվ սննդամթերքին հերիքում է, չէ, դրանց մեջ կոմունալ ծախսեր և այլն, մնացած որևէ ավելորդ բաներից հնարավոր չի օգտվել», - ասաց քաղաքացիներից մեկը:

Տնտեսական ծանրագույն խնդիրներով ուղեկցված 2020 -ին միջին կենսաթոշակը 44 հազար դրամ էր։ Այդ տարի մեկ քաղաքացու ամսական ծախսը պաշտոնական վիճակագրությամբ միջինը 52 հազար դրամ էր կազմում։ Պարզ ասած՝ թոշակառուները 8000 դրամ պակաս էին ստանում, քան ծախսում էր միջին հայաստանցին։

Ծանր 2020-ից հետո մեկ այլ մարտահրավեր շեմը զգալիորեն գերազանցող գնաճը դարձավ. այն երկնիշ թվերի էր հասնում և միայն վերջին ամիսներին թանկացումների տեմպը նվազեց։ Այս տարիների ընթացքում թանկացումների ընդհանուր ծավալը Վիճակագրական կոմիտեի հաշվիչով 16.5 տոկոս է կազմել, այսինքն կյանքը Հայաստանում 2020-ի հունվարի համեմատ 16.5 տոկոսով թանկացել է։ Այժմ նույն ծավալի ապրանք գնելու կամ սպառելու համար քաղաքացիները 52 հազարի փոխարեն 60 հազար 500 դրամ պետք է ծախսեն։ Միջին կենսաթոշակն էլ հիմա 50 հազար դրամ է։

Գնաճի հետևանքով այս տարբերությունը մեծացել է։ Թոշակառուները 10 հազար 500 դրամ ավելի պակաս են ստանում, քան ծախսում է միջին վիճակագրական հայաստանցին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կենսաթոշակառուների անկանխիկ գործարքները 2022-ի հունիսի համեմատ աճել են մոտ 14 անգամ

Քեշբեքի մասին. կառավարությունը անկանխիկ կատարած վճարումների դիմաց ծախսած գումարի տասը տոկոսի չափով վերադարձը նույնպես կենսաթոշակի ավելացում է համարում։ Սակայն այս հնարավորությունից տարեցների մի մասն է օգտվում։

Գործադիրը նախատեսում է շարունակել ծրագիրը, բայց և կանխատեսում է՝ կօգտվեն 162 հազար քաղաքացիներ՝ թոշակառուների միայն 35 տոկոսը։ Բյուջե 2024-ի նախագիծն առաջիկայում խորհրդարանում են քննարկելու։

Սոցիալական ոլորտին հաջորդում են պաշտպանական ծախսերը, գործադիրը նախատեսում է շուրջ 1.4 միլիարդ դոլար տրամադրել։ Բյուջե 2023-ի համեմատ ավելացումը 7.3 տոկոս է՝ 93 միլիոն դոլար։ 22-23-ին, մինչդեռ, ռազմական ոլորտին հատկացվող միջոցների աճը շատ ավելի զգալի էր՝ 35 տոկոսով։