Մատչելիության հղումներ

Դեպուտատների տղու ջեբը երեսուն հազար ըլի, տնից դուս չի գա. թոշակառու


Հուլիսի 1-ից նվազագույն թոշակը կդառնա 36000 դրամ, նախկին 31600-ի փոխարեն։ 4400 դրամով կենսաթոշակի բարձրացումը կառավարությունը համարում է ձեռքբերում։

Գործադիրի երեկվա նիստի ժամանակ վարչապետը հատուկ ընդգծեց՝ վերջին 5 տարիների ընթացքում՝ 16000-ից 36000 են բարձրացրել նվազագույն թոշակը. - «Այսինքը՝ նվազագույն թոշակը մենք շուրջ երեք անգամ ավելացրել ենք»։

«Երեսուն հազար... երեսուն հազարն ի՞նչ ա։ Դեպուտատների տղու ջեբը երեսուն հազար ըլի, տնից դուս չեն գա։ Զամբյուղը ինչքան ա, այ էդքան ա պետք։ Ամենաքիչը», - ասում է թոշակառու մի տղամարդ։

Առողջապահության նախարարության հաշվարկով, պարենային զամբյուղի արժեքը այս տարվա առաջին եռամսյակում 43600 դրամ է, փաստացի միայն նվազագույն թոշակով՝ 36000-ով ապրող տարեց մարդը թերսնված կմնա։ «Ազատության» հետ զրույցում հենց իրենք՝ թոշակառուները հաստատեցին, որ աղքատությունից դուրս գալու հնարավորություն չկա, եթե եկամուտի միակ աղբյուրը թոշակն է։

«Դատավոր, դատախազ, քննիչները որ հարուր տարի չաշխատեն, ըստ պահանջի կապրեն։ Բայց մենք չենք կարում», - ասում է երևանցի թոշակառուն։

«Երեսունվեց հազար դրամը քանի՞ օրվա հացի փող ա... չի հերիքի։ Էլ ոնց ասենք՝ վայ, բարձրացրել ա», - հավելեց մեկ այլ թոշակառու։

Արդյո՞ք երեսունվեց հազար դրամը մենք բաժանեցինք երեքի՝ հասկանալու, թե արդյոք տասներկու հազար դրամը կբավարարի թոշակառուին տասն օրվա անհրաժեշտ մթերք գնելու համար։

Նվազագույն պարենային զամբյուղում11 խումբ սննդամթերք կա։ Վիճակագրական ծառայության աշխատակիցները հաշվել են՝ յուրաքանչյուր օր մարդ պետք է ստանա առնվազն 100 գրամ միս կամ 300 գրամ ձուկ, մոտ 200 գրամ կաթ, կաթնաշոռ, 1 ձու, 250 գրամ պանիր, 300 գրամ հացամթերք, 300 գրամ բանջարեղեն, 200 գրամ միրգ, նույնքան թեյ կամ սուրճ, հյութ և որոշ այլ կարևոր սննդամթերք:

Դրամարկղում պարզվեց, որ տասներկու հազար դրամը բավարար չէ անհրաժեշտ սննդամթերքը գնելու համար, սննդամթերքի մի մասից ստիպված էինք հրաժարվել, թեև հաշվարկել էին նվազագույն չափաբաժնով ու նվազագույն ապրանքով։

Ու սա դեռ ընդամենը առաջին անհրաժեշտության ապրանքերն էին։ Կա նաև նվազագույն սպառողական զամբյուղ, որը, ըստ վիճվարչության վերջին տվյալների, 80710 դրամ է։ 36000 դրամ նվազագույն թոշակով ապրողը, որի ապրանքների կեսը մնացին խանութի սայլակում, դեռ պետք է տրասպորտից օգտվի, երբեմն-երբեմն հագուստ, դեղորայք գնի։

Ծայրը-ծայրին չհասցնելուց հետո ավելորդ է խոսել հանգստանալու կամ մշակութային որևէ միջոցառմանը մասնակցելու հեռանկարի մասին, որը ևս ներառված է սպառողական զամբյուղում։ Սա թոշակառուի համար զուտ երազանք է:

Բաբկեն Պիպոյան
Բաբկեն Պիպոյան

«Հեռու ենք մնում նվազագույն պարենային զամբյուղից։ Այսինքն՝ այդուհանդերձ մեր թոշակառուները ունենալու են պրոբլեմ», - «Ազատության» հետ զրույցում ասում է Սպառողների շահերի պաշտպան Բաբկեն Պիպոյանը՝ նշելով, որ թոշակի բարձրացումն, իհարկե, դրական է, սակայն էական ազդեցություն կյանքի որակի վրա չի թողնում։

Ավելին ունենալու համար պետք է ավելի շատ հարկ հավաքել, իսկ դրա համար պետությունը հստակ մեխանիզմներ մշակի։ Արդյո՞ք եկամտահարկի համահարթեցումը բյուջեն չզրկեց հավելյալ մուտքերից, հարցնում է Պիպոյանը, արդյո՞ք պետությունը ճիիշտ մոդել ընտրեց կուտակային համակարգ ներառելով, երբ աշխատողն ինքնը սկսեց իր թոշակը հավաքել, իսկ սերունդների համերաշխությունն այս ամենի արդյունքում տուժեց. - «Երբ որ մենք էս փիլիսոփայությունները չունենք, մեր արածները ինչ-որ տարբեր կարկատաններ են։ Բնականաբար, ամեն նոր դրած կարկատանը ապրանքային տեսքը մի փոքր ավելի լավացնում ա, բայց դա վերջնարդյունքը լինել չի կարող»։

Մյուս կողմից, գնաճի բավականին բարձր մակարդակի պատճառով, թանկանում են հատկապես սպառողական նվազագույն զամբյուղի ապրանքները, այսինքն` գնաճը առավելապես հարվածում է խոցելի խմբերին։ Մասնագետներն ընդգծում են, որ գնաճն ու թոշակի բարձրացումը համաչափ չեն, ուստի նվազագույն եկամուտով մարդիկ չեն էլ զգա, թե ինչպես այդ մի քանի հազար դրամը եկավ ու ծախսվեց։

XS
SM
MD
LG