Գյումրիի միասնական սոցիալական ծառայությունում այսօր սովորականից աղմկոտ էր, տնօրենի ընդունարանի հերթն էլ՝ ավելի երկար. տասնյակ քաղաքացիներ նախօրեին անակնկալ տեղեկացել էին, որ զրկվել են անապահովության նպաստից ու եկել էին բացատրություններ ստանալու:
74-ամյա Կարինե Մուրադյանը տխուր լուրը ուրբաթ օրն էր ստացել փոստից. «Գնացի, որ նպաստ ստանայի, չկար»:
Միայնակ ապրող կնոջ 18 հազար դրամ նպաստը կտրել էին, քանի որ թոշակը սեպտեմբեր ամսից 3 հազար դրամով ավելացել էր։
«3 հազար դրամն արդյոք սոցիալական վիճակս փոխվեց, որ օգուտի փոխարեն վնաս տվեցին», - հարցնում է տիկին Կարինեն. «Թոշակը ավելացրել են 3 հազարով, նպաստը 18 հազար կտրել են, իմ միջին զամբյուղը 68 հազար չէ, 43 էր, 3 էլ ավելացրել են, նպաստը ինչո՞ւ են կտրում, ես եղել եմ երկար տարվա մանկավարժ, ես մենակ, մինուճար տղաս մահացած 39 տարեկան... {Կենսաթոշակի ավելացումը-խմբ.}վնաս տվեց, ինձ պե՞տք էր»:
Ոչ միայն ծերության, այլ նաև հաշմանդամության թոշակ ստացած ընտանիքների 18 հազար դրամ նպաստն են կտրել։ Լյովա Թութխալյանը իշխանությունների մաթեմատիկան շատ անարդար է համարում:
«Հաշմանդամության թոշակի բարձրացման հետևանքով ընտանիքի նպաստը չեզոքացրել են, կասեցրել են: Հիմա թե էդ գործընթացը կապված է 3 հազար դրամ թոշակի հաշմանդամության նպաստի ավելացման հետ, ես ճիշտ քայլ չեմ համարում այն կառույցի կողմից, որն այս որոշումը կայացրել է, որովհետև եթե ընտանիքին տալիս ես հավելյալ 3 հազար դրամ թոշակին, նրանից գանձում ես 18 հազար դրամ, բնականաբար հիմնավորված անընդունելի փաստ է, այսինքն՝ ոչ թե դա կոչվում է ընտանիքին օգնել, ուղղակի դա կոչվում է ընտանիքից խլել», - ասաց նա:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ շուրջ 3 հազար ընտանիք է զրկվել 18 հազար դրամ նպաստից թոշակի բարձրացման արդյունքում։ Գերատեսչության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանն ասում է, որ առաջին անգամը չէ, որ թոշակի կամ աշխատավարձի բարձրացումից հետո մարդիկց զրկվում են անապահովության նպաստից, քանի որ փոխվում է նրանց կարիքի գնահատման միավորը։ Նպաստը կորցրած ընտանիքներին նախարարությունն այլընտանք է առաջարկում, որը կստանան հունվարին։
«Եթե կան քաղաքացիներ, ովքեր ունեն աջակցության կարիք, բայց իրենց անապահովության գնահատման համակարգի միավորները չեն բավարարում, որ իրենք օգտվեն ընտանեկան կամ սոցիալական նպաստից, քաղաքացիները միշտ ունեցել են այլընտրանք՝ դիմել և ստանալ հրատապ օգնություն, որի չափը հավասար է սոցիալական նպաստի չափին՝ ամսական 18 հազար դրամ», - նշեց նա:
Փաստացի եթե նույնսկ եռամյսա աջակցությունը տրամադրվի, ապա կարիքավոր ընտանիքը 2 ամիս կզրկվի 18 հազար դրամ նպաստից։ Իսկ եռամասյակային հրատապ օգնության համար կարիքավոր ընտանիքը տարվա ընթացքում քանի անգամ կարող է դիմել։
«Հրատապ օգնությունը եռամսյակային բնույթ ունի, բայց քաղաքացին կարող է մի քանի անգամ դիմել, կուզեմ շեշտել, որ անպայման իրականացվելու է կարիքի գնահատում, և եթե տարածքային կենտրոնի մեր գործընկերները գտնեն, որ քաղաքացին ունի դրա անհրաժեշտությունը, նոր կնշանակվի հրատապ օգնությունը», - ասաց խոսնակը:
Նպաստից զրկված կարիքավոր ընտանիքները նաև մտավախություն ունեին, որ կզրկվեն գազի, էլեկտրաէներգիայի ու ջրի պետական սուբսիդավորումից։ Զառա Մանուչարյանի փոխանցմամբ՝ թոշակի բարձրացումը կարիքավորության միավորի կտրուկ փոփոխության չի բերի, ու կառավարությունը կշարունակի ընտանիքների կոմունալ վարձերը զեղչել. «Բոլոր նշածս 3 հազար ընտանիքները շարունակելու են ստանալ կոմունալ զեղչերը»:
Պաշտոնական տվյալներով՝ աղքատության ցուցանիշն ամենաբարձը Շիրակի մարզում է՝ շուրջ 46 տոկոս։ Նպաստ ստացող ընտանիքների թիվն էլ ավելին է, քան մեկ միլիոն բնակչություն ունեցող Երևանում։