Մատչելիության հղումներ

Կենսաթոշակառուների անկանխիկ գործարքները 2022-ի հունիսի համեմատ աճել են մոտ 14 անգամ


Հայաստան, POS տերմինալ, արխիվ
Հայաստան, POS տերմինալ, արխիվ

Այս տարվա սկզբից 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում կենսաթոշակը տրամադրվում է անկանխիկ եղանակով՝ գումարը փոխանցվում է թոշակառուի քարտին։ Իսկ ինչպե՞ս են նրանք օգտագործում գումարը, երբ բանկոմատներ ու անկախիկ վճարման տերմինալներ գյուղերում գրեթե չկան։

Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ Լաուրա Մակարյանի ամուսինը հաշմանդամության թոշակ է ստանում, նրան ամեն ամիս ստիպված են տանել Հրազդան։

«Ինքը հիվանդ մարդ ա, երկրորդ կարգի հաշմանդամ, ոնց որ ստեղից քարշ տանք տանենք ընդեղ, ընդեղից նորից քարշ տանք բերենք ստեղ...», - «Ազատության» հետ զրույցում ասաց տիկին Լաուրան:

Կոտայքի մարզի 3 հազար բնակիչ ունեցող Լեռնանիստում էլ բանկոմատներ չկան, շատերը անձամբ չեն գնում քաղաք՝ ընտանիքի անդամներին են խնդրում թոշակը ստանալ։

«Դե մի կերպ... ես չեմ կարա, էրեխեքը էթան, մի օր կէթան՝ կլնի, մի օր կէթան՝ չի լնի, նորից կգան, նորից կէթան, էդքան տրանսպորտի փող կտան», - ասաց գյուղի բնակչուհի Եղիսա Մարգարյանը:

36 հազար դրամ նվազագույն թոշակ ստացող լեռնանիստցին Հրազդան հասնելու համար 20-25 րոպեանոց ճանապարհը կարող է համայնքային տրանսպորտով անցնել կամ օգտվել տաքսի ծառայությունից:

«Մարշուտնիներով են գնում, տրանսպորտով, 500 դրամ էլ ըտեղ են ծախսում օրեկան։ Էդ բողոքն ա ժողովրդի, որ հիվանդ են, տրանսպորտով չեն կարում, ամառ ա, շոգ ա, ասենք, չեն դիմանում, տաքսով պտի գնան, փողերը ստանան, գան: Ասում ա՝ «էթում ենք, 2 հազար դրամ էլ ծախս ենք լնում, որ տաքսին տանի-բերի», - ասաց Մնաց Խաչատրյանը:

Մելինե Հարությունյանը գոհ է կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակից: Ամուսնու հետ ամեն ամսվա 2-3-ին գնում են քաղաք՝ Հրազդան, երկուսի թոշակը ստանում, ամսվա համար առևտուր անում ու վերադառնում գյուղ․ - «Էս անկանխիկով և՛ ամսական 10 տոկոս հավելավճարն է ավելանում, և՛ ամեն տարվա մեջ մեկ անգամ էլ թեկուզ էդ փոքր 3600 դրամը որ մեզ ավելանում է, դա ահագին մեծ օգուտ է մեզ համար»:

Նախորդ տարվանից թոշակառուները անկախիկ վճարում կատարելու դեպքում հաջորդ ամիս 10 տոկոսի չափով հետվճար են ստանում, բայց՝ առավելագույնը 5 հազար դրամ։

«Հետվճարային համակարգ է կիրառվելու: Այսինքն՝ առևտուրը արվեց այդպես, առևտրի որոշակի տոկոսով գումար հետ է փոխանցվելու կրկին թոշակառուի քարտին, որով ինքը էլի կկարողանա, բնականաբար, նույն սկզբունքներով առևտուր անի», - հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի նշած հետվճարի համար թոշակառուն պետք է անկանխիկ վճարում կատարի։ Կենտրոնական բանկից վստահեցնում են, որ 1000 և ավելի բնակչություն ունեցող բոլոր 406 գյուղերում առկա է առնվազն մեկ անկանխիկ վճարման POS տերմինալ, այդուհանդերձ, ո՛չ Լեռնանիստի, ո՛չ Սոլակի մթերային խանութներում նման սարքեր չկան։

«Դրա համար ես պտի ամեն անգամ առևտուր անելուց գնամ միկրոռայոն կամ ինչ-որ մի տեղ, որ կարենամ էդ քարտից օգտվեմ։ Գյուղում չկա տենց, էս էլ ինչ ստացել եմ, չեմ էլ օգտվել», - ասաց Վլադիկ Մովսիսյանը:

Լեռնանիստի խանութներից մեկի տերը վերջերս դիմել է բանկերից մեկին՝ իր խանութի մոտ բանկոմատ տեղադրելու համար, բայց մերժում է ստացել, ասել էին՝ գյուղի բնակչությունը քիչ է։ Իսկ անկանխիկ վճարում ընդունելու սարքը խանութի տերը խոստանում է ունենալ առաջիկայում։

Կենտրոնական բանկի փոխանցմամբ՝ բանկերը բնակավայրերում բանկոմատ տեղադրելու պարտավորություն չունեն, իսկ իրենց քաղաքականությունն առավելապես ուղղված է անկանխիկ վճարումների զարգացմանը՝ նաև դրա համար անհրաժեշտ սարքերի տեղադրմամբ:

Կենտրոնական բանկի տվյալներով՝ կենսաթոշակառուների կողմից անկանխիկ գործարքների ծավալը նախորդ տարվա հունիսի համեմատ 1.8 տոկոսից հասել է 25 տոկոսի։

Ժաննա Բեքիրյան

XS
SM
MD
LG