Սեպտեմբերյան իրադարձություններից հետո տարածաշրջանում առկա չկարգավորված հարցերի շուրջ Մոսկվայի ու Բաքվի դիրքորոշումներն այնքան են մոտեցել, որ Բաքուն հայտարարում է, թե հենց Մոսկվան է լավագույն միջնորդը հայ -ադրբեջանական բանակցություններում։
Ադրբեջանի նախագահն այսօր ԱՊՀ երկրների անվտանգության ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը նախ կոշտ քննադատել էր, իր խոսքով, Հայաստանի արևմտյան հովանավորներին, առաջին հերթին Ֆրանսիային, հետո էլ, ըստ էության, հայտարարել, որ Ռուսաստանի միջնորդական առաքելությանը այլընտրանք չկա:
«Մենք երախտագիտությամբ ենք ընդունում Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը, քանի որ Ռուսաստանը մեր հարևանն ու դաշնակիցն է, ինչպես նաև Հայաստանի դաշնակիցը, այս երկիրը գտնվում է մեր տարածաշրջանում, ի տարբերություն հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվողների», - ընդգծել է Իլհամ Ալիևը:
Միաժամանակ, Ալիևը այսօր պնդել է՝ եթե Հայաստանը հրաժարվի ռուսական միջնորդությունից, Ադրբեջանը պատրաստ է նաև Հայաստանի հետ երկկողմ ձևաչափով հանդիպել․ մի բան, որ շարունակ պնդում է Միացյալ Նահանգների ղեկավարությունը. «Եթե Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը մերժվի հայկական կողմից, կարծում եմ, որ այլընտրանք կարող են լինել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև ուղիղ բանակցությունները»։
Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, թե Մոսկվան որոշ գաղափարներ է ներկայացրել կողմերին և առաջարկում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով ևս մեկ հանդիպում անցկացնել վաղը՝ հոկտեմբերի12-ին Բիշքեկում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան «անհրաժեշտ է համարում խաղաղության համաձայնագրում արձանագրել Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության թեման»Հայաստանի արտգործնախարարությունից, սակայն, «Ազատությանը» փոխանցել էին, որ այդ հանդիպմանը Երևանը կմասնակցի փոխարտգործնախարարի մակարդակով։ Առայժմ հայտնի չէ՝ արդյոք Բաքուն Բիշքեկ է գործուղելու իր արտգործնախարարին և արդյոք այդտեղ նախատեսված է հանդիպում Ռուսաստանի արտգործնախարարի հետ։
Սրան զուգահեռ հաղորդվել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները պատրաստվում են մինչև այս ամսվա վերջ հանդիպել Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի ղեկավարի միջնորդությամբ։ Ադրբեջանի նախագահը այսօր չի բացառել Բաքվի մասնակցությունը արևմտյան հարթակներին, միաժամանակ հավելել՝ կվերլուծենք, հաշվի առնելով այն երկրների վերաբերմունքը, որոնք իրենց ծառայություններն են առաջարկում։
Ալիևը նաև խոսել է Ղարաբաղի դեմ վերջին ռազմական գործողությունից, պնդելով, թե իբր Բաքուն հարկադրված էր գնալ այդ քայլին՝ Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունների քայլերի պատճառով։ Ադրբեջանի նախագահի հավելել է, որ իրավիճակն ավելի է սրվել, երբ այս տարվա սեպտեմբերի 2-ին Հայաստանի վարչապետը շնորհավորական նամակ է հղել Լեռնային Ղարաբաղի հանրապետության ստեղծման տարեդարձի կապակցությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հիմնազուրկ են ԼՂ-ի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները. Փաշինյան«Սա կարմիր գծի հատում էր, որը Ադրբեջանը, բնականաբար, չէր կարող հանդուրժել։ Սա հստակ պահանջ էր մեր տարածքի նկատմամբ։ Իսկ սեպտեմբերի 9-ին, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի իշխանություններն անցկացրին ընտրություններ, չակերտներով ընտրեցին նոր ղեկավար, ինչը բացարձակ անտեսում էր առկա իրողություններին և Ադրբեջանին այլ ելք չթողեց, քան հակաահաբեկչական գործողություն իրականացնելը», - նշել է Իլհամ Ալիևը։
Խոսելով ապագա խաղաղության մասին՝ Ալիևը կրկին կարևորել է Պրահայում ձեռք բերված համաձայնությունը՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, սակայն, ի տարբերություն Հայաստանի վարչապետի, կրկին չի արտաբերել, որ սահմաններում է ճանաչում Հայաստանը տարածքային ամբողջականությունը։
Your browser doesn’t support HTML5