Երևանն ու Բաքուն միմյանց մեղադրում են 8 գյուղ օկուպացնելու մեջ։
Ի պատասխան օրերս Իլհամ Ալիևի հնչեցրած այն մտքին, թե Ադրբեջանի 8 գյուղեր դեռևս Հայաստանի «օկուպացիայի» տակ են և դրանք պետք է ազատագրել, վարչապետ Փաշինյանը երեկ Հանրայինին տված հարցազրույցում հակադարձեց. «Մենք էլ մեր հերթին ասում ենք, որ մենք էլ 8 գյուղերի խնդիր ունենք, որովհետև նույն Տավուշի մարզում մենք ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ Բերքաբեր գյուղում, Այգեհովիտ գյուղում, Վազաշեն գյուղում, Պառավաքար գյուղում, այլ տարածքներում նույնպես»:
Ադրբեջանի կողմից դեռ 90-ականներին օկուպացված տարածքների մասին խոսելով՝ Փաշինյանը միաժամանակ շեշտեց, որ Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ է մտնում նաև Արծվաշենը։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի այս գյուղը Ադրբեջանի կողմից օկուպացվել է 1992 -ին և ընդգրկվել ադրբեջանական Գետաբեկի շրջանում:
«Անկլավների թեմային անդրադառնալը անխուսափելի է մի պարզ պատճառով, որովհետև 29 հազար 800 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը: Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն և ներկայացուցիչ իրավունք չունի խաչ քաշել այդ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ անկլավների խնդրի լուծման տարբերակներից մեկը դրանց փոխանակումն է. «Սահմանից այն կողմ գտնվող անկլավները մնում են այն երկրների տարածքներում, որով նրանք պարփակված են, բայց նաև այս համատեքստում մենք պետք է իրավական նրբությունները, այս պրոցեսների հաշվի առնենք, հասկանանք, որտեղ են հիմնավորված, որն է հիմնավորված, որը՝ չհիմնավորված, որն՝ ապացուցելի, որն՝ անապացուցելի»:
Ո՞ր տարածքները նկատի ունի Ալիևը, երբ հայտարարում է, թե 8 ադրբեջանական գյուղեր գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ։ Նա առայժմ չի մանրամասնել։
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի համաձայն՝ ղարաբաղյան առաջին պատերազմից հետո հայկական կողմը օկուպացրել է «Ղազախի շրջանի յոթ գյուղերն ու մեկ գյուղ` Նախիջևանի Սադարակի շրջանում»:
Ըստ քարտեզագրի՝ անկալվների խնդրի լուծման ամենահեշտ տարբերակը կարող է լինել դրանց փոխանակումը
Քարտեզագիր Ռուբեն Գալչյանը նշում է՝ խոսքը 3 անկլավների՝ Ասկիպարի, Բարխուդարլուի և Տիգրանաշենի մասին է։ Մյուսները ադրբեջանական գյուղեր են, որ 1920-30 թվականներին տրվել են Հայաստանին։
Անդրադառնալով հայկական Արծվաշենին՝ քարտեզագետը նաև նշում է, որ Ադրբեջանն այն իր քարտեզներում արդեն ներկայացնում է որպես իր տարածք, հետևաբար անկալվների խնդրի լուծման ամենահեշտ տարբերակը կարող է լինել դրանց փոխանակումը՝ հաշվի առնելով, որ Հայաստանի տարածքում գտնվող 3 անկալավները և Արծվաշենը նույն քառակուսի կիլոմետր տարածքը ունեն։
«Հայաստանում գտնվող երեք անկլավների ընդհանուր տարածքը 45 քառակուսի կիլոմետրի շուրջ է, Արծվաշենը 44 քառակուսի կիլոմետրից ավելի է, որը հայկական անկլավ է Ադրբեջանի ներսում», - նշեց նա:
Ի դեպ, Ռուբեն Գալչյանը շեշտում է՝ Հայաստանում գտնվող ադրբեջանական անկլավները հենց Հայաստանի մայրուղիների վրա են, հետևաբար դրանք Ադրբեջանին հանձնելու դեպքում լուրջ խնդիրներ են առաջանալու։ Տիգրանաշենի դեպքում վտանգվելու է Երևանից դեպի Սյունիքի մարզ տանող ճանապարհ, Բարխուդարլուն խնդիրներ է առաջացնելու Իջևանի գյուղերի համար։ Իսկ Ոսկեպարի փոխանցման դեպքում վտանգում է դեպի Վրաստան տանող մայրուղիներից մեկը։ Ընդորում, այդ անկալավներից միայն մեկը ճանապարհ ունի դեպի Ադրբեջան՝ Բարխուդարալուն։
«Վաղն էլ գալու են ասեն՝ մենք միջանցք ենք պահանջում, որ միանանք անկլավին, քանի որ եթե այդ միջանցքը չունենան, իրենք չեն կարող իրենց անկլավ հասնել», - ասաց քարտեզագիրը:
Փաշինյանը նշում է՝ անկլավների հարցին չանդրադառնալ չեն կարող
Անկալվների հասանելիության հետ կապված այս խնդրին երեկ Փաշինյանը նույնպես անդրադարձավ՝ ասելով, որ դա պարզ հարց չէ և եթե նույնիսկ այդ խնդրի գոյությունը փոխադարձաբար ընդունվի Հայաստանի և Ադրբեջանի կողմից, այն իր հետ բերելու մի շարք այլ բարդ հարցեր, սկսած նրանից, թե ինչպես է լուծվելու անկլավներ մուտք գործելու հարցը։
«Էս անկլավների սահմանների դելիմիտացիայի հարց կա, էս անկլավների նկատմամբ հասանելիության հարց կա, էս սահմանների պաշտպանության հարց կա, էս տարածքներում զինված ուժերի ներկայության և չներկայության հարց կա, անցման կանոնները, որովհետև անկլավ ի՞նչ է նշանակում, որ այնտեղ հասնելու համար դու պիտի ուրիշի տարածքով անցնես, ո՞նց պիտի անցնես ուրիշի տարածքով», - նշեց վարչապետը:
Այդուհանդերձ Փաշինյանը Հանրայինին տված հարցազրույցում հստակ ընդգծեց՝ անկլավների հարցին չանդրադառնալ չեն կարող, Ադրբեջանի կողմից առաջ քաշվող ցանկացած հարց պետք է քննարկման առարկա դառնա՝ էսկալացիայից խուսափելու համար։
«Մեր խնդիրը այսօր անվտանգային առումով հետևյալն է՝ թույլ չտալ, որ որևէ հարց դառնա հետագա էսկալացիայի հիմնավորում այն պատճառաբանությամբ, որ Հայաստանը հրաժարվում է քննարկել, խուսափում է լուծումներից: Սա ամենակարևոր խնդիրն է: Ո՞րն է մեր խնդիրը, թույլ չտալ էսկալացիա», - ընդգծեց Հայաստանի կառավարության ղեկավարը:
Փաշինյանը խոսելով՝ Ադրբեջանի կողմից դեռ 90-ականներին Բերքաբերում, Այգեհովտում, Վազաշենում, Պառավաքարում և այլ հատվածներում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներին, չէր ասել, թե խոսքը կոնկրետ քանի քառակուսի կիլոմետր տարածքի մասին է։ Տավուշի մարզի Պառավաքարի գյուղի համայնքապետ Ռոլանդ Մարգարյանն ասում է, որ միայն իրենց գյուղից ադրբեջանցիները 1992-93 թվականներին 1400 հեկտար տարածք են օկուպացրել, գյուղացիները շուրջ 20 տարի է զրկված են իրենց այգիներից և վարելահողերից։ Մարգարյան ասում է, որ հարևան Վազաշենն էլ 100 հեկտարից ավելի տարածք է կորցրել։
Պաշտոնական Բաքուն այսօր հակադարձել է վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանն էլ իր հերթին է հայկական 8 գյուղ օկուպացրել։ Այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդել է, թե Երևանը ցանկանում է արդարացնել ադրբեջանական 8 գյուղերի օկուպացումը։