Մոսկվան չի քննարկել ռուս խաղաղապահներին Հայաստան տեղափոխելու հարցը․ Պեսկով

Ռուս խաղաղապահներն Արցախում՝ հայ բնակչության հեռանալուց հետո, հոկտեմբեր, 2023թ․

Մոսկվան չի քննարկել Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին Հայաստան տեղափոխելու հարցը, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Երեկ Հայաստանի վարչապետն ասել էր, թե ռուս խաղաղապահները Ղարաբաղից դուրս գալուց հետո պետք է վերադառնան իրենց հայրենիք և ոչ թե մնան Հայաստանի տարածքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան․ Եթե ռուս խաղաղապահները դուրս են գալիս Լեռնային Ղարաբաղից, ուրեմն պետք է գնան Ռուսաստան

«Այդ հարցը չի քննարկվել։ Այսօր իսկապես ռուս խաղաղապահները և՛ դե ֆակտո, և՛ դե յուրե գտնվում են Ադրբեջանի տարածքում, ինչը հաստատում է նաև Հայաստանի վարչապետը։ Ինչ վերաբերում է նրանց այնտեղ հետագայում մնալու հարցին՝ ինչ ռեժիմով և ինչ մոդելով, Մոսկվան, իհարկե, քննարկում է Բաքվի հետ։ Եվ իհարկե շարունակվում են նաև շփումները մեր հայ բարեկամների հետ», - ասել է Դմիտրի Պեսկովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկով

Մոսկվան, սակայն, Հարավային Կովկասից հեռանալու մտադրություն ցույց չի տալիս՝ շարունակելով ակտիվ շփումները տարածաշրջանի բոլոր երկրների հետ։ Երեկ հեռախոսազրույց է կայացել Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների միջև։ Ռուսական կողմի հաղորդմամբ՝ երկու դեպքում էլ կողմերը արաբա - իսրայելական՝ այս օրերին չափազանց սրված հակարմարտությունից բացի քննարկել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Ըստ իրանական կողմի, Լավրովն ու Աբդոլահիանը խոսել են Հարավային Կովկասի համար «3+3» ձևաչափով աշխատանքներն արագ վերսկսելու օգտին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են «3+3» ձևաչափը Պուտինը և Էրդողանը հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքի հակամարտությունը

Այս ձևաչափում ներգրավված պետություններից միակը Վրաստանն է, որ դեռ այդ հարթակին մասնակցելու համաձայնություն չի տվել՝ Ռուսաստանի հետ խնդիրների պատճառով։ Մյուսները կողմ են արտահայտվել։

«3+3» հարթակի մասին քննարկումներն ակտիվացան սեպտեմբերյան իրադարձություններից հետո, երբ մի քանի օրում Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց, և օրակարգ եկավ հայաթափված Արցախում ռուսաստանյան խաղաղապահների ապագայի հարցը։

Մոսկվան բոլոր ամբիոններից հայտարարում է, թե տարածաշրջանային
հարցերը պետք կարգավորեն բացառապես տարածաշրջանի պետությունները։ Ադրբեջանի նախագահը երեկ Բաքվում ընդունել էր Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին։ Ռուսական կողմի հաղորդագրության համաձայն՝ «քննարկվել է տարբեր ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցության հարցերի լայն շրջանակ, շեշտը դրվել է տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության ապահովմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցերի վրա»։

Ադրբեջանի նախագահականի համաձայն էլ՝ Պատրուշևի հետ հանդիպմանը Ալիևը կարևորել է տարածաշրջանային խնդիրների լուծումը տարածաշրջանի երկրների մասնակցությամբ «3+3» ձևաչափով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը կարևորում է հարցերի լուծումը «3+3» ձևաչափով

Հայաստանի վարչապետը երեկ հայտարարեց, որ Երևանը ևս պատրաստ է շարունակել քննարկումներն այս հարթակում․ - «3+3» ֆորմատի վերաբերյալ, երբ որ տեղի է ունեցել հիմնադիր հանդիպումը, այնտեղ նաև որոշակի սկզբունքներ են պայմանավորվել և պայմանավորվածություն ձեռք բերել: Մենք պատրաստ ենք աշխատել այդ ֆորմատում, աշխատանքը, և, իմիջիայլոց, ասեմ ձեզ՝ նաև կարևորում ենք»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պատրաստ է «3+3» ձևաչափով հանդիպումներին․ Փաշինյան

Թերևս պարզ չէ, թե արդյոք այս «3+3» ձևաչափում քննարկվում է նույն օրակարգը, ինչ Բրյուսելում։