Իսրայելի և «Համաս»-ի միջև չորրորդ օրը շարունակվող պատերազմի հետևանքով հայերի շրջանում վիրավորներ ու զոհեր չկան։ Ըստ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, հայկական հաստատությունները նույնպես անվնաս են։ Հակամարտության էպիկենտրոնում, պաշտոնական տվյալներով, շուրջ 3000 հայ է բնակվում։
Գազայից մոտ 8 կմ հեռավորության վրա գտնվող՝ Իսրայելի հարավային Աշկելոն քաղաքը հրթիռակոծությունների է ենթարկվել, քաղաքում օդային տագնապի ազդանշաններն են միացել, ամենուր պայթյունի ձայներ են լսվում, մարդիկ, երեխաներն ու կանայք ապաստարաններում են, տեղից րոպեներ առաջ «Ազատությանը» պատմում էր Էլլա Մնջոյանը։
«Դրա կապակցությամբ մարդիկ, իհարկե, շատ են անհանգստացած, հուսով ենք ամեն բան լավ կավարտվի», - ասաց Մնջոյանը:
Ավելի վաղ Արևմուտքում ահաբեկչական համարվող «Համաս» խմբավորումը կոչ էր արել Աշկելոնի բնակիչներին լքել քաղաքը՝ սպառնալով հակառակ դեպքում թիրախավորել նրանց։ Իսրայելի կենտրոնում էլ չորրորդ օրն անընդմեջ պարբերաբար օդային տագնապի ազդանշաններ են միանում, պայթյունի ձայներ լսվում, հրթիռների մի մասը հակաօդային պաշտպանության համակարգերն են վնասազերծում։
Թել Ավիվից հարավ գտնվող Աշդոդ քաղաքից Սերոբ Անդրեասյանը պատմում է՝ մարդիկ տագնապած են, չնայած խուճապ չկա, սկսել են պահուստային գնումներ անել, քաղաքը շուրջ 30 կմ է հեռու Գազայից։
«Ժողովուրդը պահուստային առևտուր ա անում, որովհետև երեկ բանակը նախազգուշացրեց՝ ցանկալի է, որպեսզի 72 ժամվա պահուստային գնումներ անեք: Շատ տեղեր կար խուճապ, բայց մեր քաղաքում էդ խուճապը չեմ տեսնում: Ճիշտ ա, սովորականից ավելի շատ են գնումներ անում, մթնոլորտը հասարակ, նորմալ, ոչ մի խուճապ չեմ տեսնում», - ներկայացրեց Անդրեասյանը:
Թել Ավիվից արևելք գտնվող Բաթ Յամ քաղաքից Մարինա Կոզլիները պատմեց, որ Իսրայելի կենտրոնական հատվածներում հայերը հարավում բնակվողներին առաջարկում են իրենց մոտ տեղափոխվել։
«Մենք մեր հայ համայնքում իրար հետ կապի մեջ ենք, փորձում ենք իրար օգնել, օրինակ, այն հայերը, որոնք ապրում են հարավամերձ քաղաքներում, այն հայերը, որոնք ապրում են կենտրոնում և հյուսիսային քաղաքներում, առաջարկում են հայ ընտանիքներին, որպեսզի իրանք գան և հյուընկալվեն իրենց տներում, որովհետև հարավում վիճակը շատ ավելի լարված է», - նշեց Մարինա Կոզլիները:
Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնական տվյալների, Իսրայելում հայերի թիվն անցնում է 10- հազարից։ Իսրայելական բանակի թիրախում հայտնված Գազայում, ըստ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, հայկական համայնք չկա։