Իսրայելի և «Համաս»-ի միջև նոր առճակատման զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 1800-ը

Գազան ենթարկվում է օդային հարվածների, 10 հոկտեմբերի, 2023թ.

Ազգային միասնության կառավարություն

Այսօր՝ Մերձավոր Արևելքում նոր պատերազմի չորրորդ օրն Իսրայելի քաղաքական վերնախավը կարևոր որոշում է կայացվել՝ իշխող կոալիցիայի մաս կազմող բոլոր կուսակցությունները վարչապետ Բենյամին Նեթանյահուին հանձնարարել են կազմել ազգային միասնության կառավարություն: Որոշումը միաձայն է ընդունվել:

Մինչդեռ, Գազայի հատվածի բնակիչների գլխավերևում ոռնոցով անցնում են իսրայելյան օդուժի մարտական ինքնաթիռները, ռումբերը և հրթիռներն ավերում են շենքերը: Իսրայելի հրամանատարներն ասել են, որ Գազայում լայնածավալ գործողություն են սկսել «Համաս»-ի դեմ: Արդեն ոչնչացվել են զենքի պահեստներ, հենակետ և Ջեբալիում հրամանատարական կենտրոն:

300 հազար զորակոչիկներ միանում են Իսրայելի բանակին

Ըստ վերջին տվյալների, իսրայելական կողմից մոտ 900 մարդ է զոհվել, պաղեստինցիների զոհերի թիվը մոտենում է 800-ի: Բացի այդ, ավելի քան 2740 իսրայելցի և ավելի քան 3750 պաղեստինցի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Անցած 48 ժամում Իսրայելում զորակոչվել են պահեստի 300 հազար զինծառայող: Նրանք հանդերձանք, զենք ու զինամթերք են ստանում և գործուղվում ռազմաճակատի տարբեր հատվածներ:

Ամենաթեժ ուղղությունը հարավարևմուտքում՝ Եգիպտոսի հյուսիսարևելյան շրջանի հետ սահմանակցող Գազայի հատվածն է, որտեղից անցած շաբաթ օրը վաղ առավոտյան պաղեստինցիները սկսել են հրթիռակոծել Իսրայելի տարածքը և ներխուժել են մոտակա ավաններ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եգիպտոսը միջնորդում է իսրայելցիների և պաղեստինցիների առճակատումը դադարեցնելու համար

«33 տարում այսպիսի բան չեմ տեսել»

Շաբաթ օրվա առաջին թիրախներից էր Բեերիմ անվամբ փոքր բնակավայրը, որտեղ երաժշտական փառատոն էր անցնում մի քանի հարյուր մարդկանց՝ հիմնականում երիտասարդների մասնակցությամբ: Այստեղ պաղեստինցի զինյալների կրակահերթերից ավելի քան 260 մարդ է սպանվել:

«Աներևակայելի է, ի՛նչ են արել այդ մարդկանց հետ, ընտանիքների, երեխաների: Ես 33 տարի է աշխատում եմ արտակարգ իրավիճակների ծառայությունում, այսպիսի բան չեմ տեսել, դիակներ, դիակներ»,- ասել է Հարավային Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայության պետ Յոսի Լանդաուն:

Իսրայելի քաղաքական և զինվորական ղեկավարները խոստացել են ամենակոշտ միջոցներով արձագանքել պաղեստինցիների հարձակմանը: «Ներում չի լինի, ահաբեկիչները կոչնչացվեն», - սա է Իսրայելի այսօրվա կարգախոսը:

Լիբանանի հետ սահմանին էլ լարվածություն է

Լարվածության մյուս շրջանն Իսրայելի հյուսիսի և Լիբանանի հարավի սահմանն է, այստեղ տասնամյակների ընթացքում լայնածավալ բախումներ են եղել, Իսրայելի բանակը բազմիցս է հատել սահմանը և հարվածներ հասցրել Լիբանանում դիրքավորված «Հըզբոլլահ» շիա մահմեդականների ռազմական հենակետերին:

Այդ կառույցն աջակցություն է ստանում Իրանից և մերժում է Իսրայելի գոյության իրավունքը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի բանակը հրետանային հարվածներ է հասցնում Լիբանանի տարածքին

«Իմ երեխաներն ի՞նչ են արել»

Գազայում իսրայելցիների հարվածներից նախևառաջ շարքային մարդիկ են տուժում:

Գազան շրջափակման մեջ է, կենսական անհրաժեշտության, այդ թվում՝ հոսանքի և խմելու ջրի մատակարարումները դադարեցվել են: Շատ ընտանիքներ խուճապահար հեռանում են:

«Մեր մեղքը ո՞րն է, իմ երեխաներն ի՞նչ են արել, հոսանք, ինտերնետ, սնունդ, ջուր չկա, փողոցում ենք մնացել, ո՞ւր գնանք»,- «Ռոյթերի» թղթակցին ասել է Գազայից մի կին՝ Ումմահ Թարիրը:

Օմանում ԵՄ արտակարգ նիստ է նախատեսվում

Շարունակվում են նաև խնդրի դիվանագիտական լուծմանն ուղղված փորձերը: Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն Իսրայելի և Պաղեստինի արտգործնախարարներին հրավիրել է Եվրամիության խորհրդի արտակարգ ժողովին, որը պետք է գումարվի Օմանում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաղը ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Իսրայելում ստեղծված վիճակը