Բաքուն պատրաստ է մոտ ժամանակներս Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպումներին՝ ԵՄ-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով․ Հաջիև

Ադրբեջանը պատրաստ է մոտ ժամանակներս Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպումներին՝ Եվրամիություն-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով, X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա շեշտել է, որ Բաքուն աջակցում է բրյուսելյան եռակողմ ֆորմատին, որին օժանդակում է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Ֆրանսիայի կողմնակալ գործողություններն ու ռազմականացման քաղաքականությունը լրջորեն խաթարում են խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում և վտանգի տակ դնում Եվրամիության ընդհանուր քաղաքականությունը տարածաշրջանի նկատմամբ», - նշել է Հաջիև։

Հաջիևի խոսքով՝ քանի որ համաձայնություն չի տրվել Գրանադայի հնգակողմ հանդիպմանը Թուրքիայի մասնակցությանը, Ադրբեջանը որոշել է չմասնակցել դրան, բայց «չի հրաժարվել Հայաստանի հետ խաղաղության բանակցություններից, ինչպես միջազգային որոշ լրատվամիջոցներ են ներկայացրել»։

Հաջիևը նշել է, որ Ադրբեջանը աջակցում է ուղիղ և երկկողմ երկխոսությանը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի բանակցությունների շուրջ։

Այսօր Գրանադայում պետք է տեղի ունենար հնգակողմ հանդիպում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, սակայն հանդիպման նախօրեին Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հանդիպմանը չի մասնակցի։

Այսօր Եվրամիության բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ Գրանադայում քառակողմ հանդիպում կկայանա առանց Ալիևի, Փաշինյանի, Մակրոնի, Շոլցի և Միշելի մասնակցությամբ, կքննարկվեն հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարները, Եվրամիություն Հայաստան օրակարգի ընդյայնման հարցը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գրանադայում Փաշինյան-Շոլց-Մակրոն-Միշել հանդիպում կկայանա