Ուկրաինա և Ղարաբաղ․ իսպանական Գրանադայում, որտեղ այսօր բացվել է Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովը, կապույտ գորգով անցնող առաջնորդներին ուղղվող հիմնական հարցերն են։
Արդյո՞ք Եվրամիությունը որևէ քայլ կձեռնարկի Ադրբեջանի դեմ իր ռազմական գործողութան համար, որը հանգեցրել է 100 հազար հայերի տեղահանությանը, հարց է հնչում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։
«Մենք անմիջապես՝ դեռ սեպտեմբերի վերջին, հայտարարություն տարածեցինք՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում և վճռական կոչ արեցինք վերսկսել երկխոսությունը խաղաղ հանգուցալուծման համար։ Սա է այն, ինչի վրա աշխատում ենք, և այժմ կարևոր է աջակցել Հայաստանին»,- հայտարարեց Ֆոն Դեր Լայենը՝ փաստացի ոչինչ չասելով Ադրբեջանի դեմ ձեռնարկվելիք հնարավոր միջոցների մասին։
Եվրահանձնաժողովի նախագահը նաև հայտարարել է, որ այսօր Գրանադայում քննարկումների ընթացքում ինքը առանձին հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Մենք վճռականորեն աջակցում ենք Հայաստանին և իր հումանիտար կարիքներին, մենք արդեն հատկացրել ենք 5,2 եվրո միլիոն աջակցություն, այսօր ես վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը կհայտարարեմ, որ մենք կկրկնապատկենք այդ աջակցությունը՝ դարձնելով 10,4 միլիոն եվրո։ Մենք տրամադրում ենք նաև 15 միլիոն եվրո որպես ուղիղ բյուջետային աջակցություն, և այսօր կքննարկենք, թե ուրիշ ինչ կարող ենք անել Հայաստանի համար այս դժվարին իրավիճակում», - ասել է Լայենը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բացակայությանը, հայտարարել է, որ դա նրա որոշումն է, որ ինքը չի ցանկանա հրապարակային մեկնաբանել։
Իսկ Ղարաբաղում ճգնաժամի մասին, Միշելը հայտարարել է․ - «Նախ և առաջ մենք ցնցված ենք Ադրբեջանի որոշումից՝ ռազմական ուժ կիրառել, երկրորդը՝ ես երկու օր առաջ հեռախոսազրույց ունեցա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, նա հստակ հայտարարեց, որ նրանք Հայաստանի դեմ տարածքային նկրտումներ ու պահանջներ չունեն։ Սա պետք է հստակ բարձրաձայնվի, կարծում եմ, որ երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ երրորդ՝ մենք կօգնենք Հայաստանին հաղթահարել Ադրբեջանի կողմից սկսած ռազմական գործողության հետևանքները։ Բազմաթիվ փախստականներ կան Հայաստանում, և մենք պետք է հումանիտար օգնություն տրամադրենք։ Մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Հայաստանը ցանկանում է ամրացնել կապերը Եվրամիության հետ։ Մենք երկու տարի առաջ խոստացել ենք Հայաստանին երկու միլիարդ եվրոյի ներդրումային փաթեթ, մենք պետք է կատարենք այդ խոստումը, և չենք կարող հապաղել։ Հայաստանը կարիք ունի մեր աջակցության»։
Գրանադայում պետք է տեղի ունենար հնգակողմ հանդիպում՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, սակայն հանդիպման նախօրեին Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հանդիպմանը չի մասնակցի։
Այսօր, սակայն, Եվրամիության բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ Գրանադայում քառակողմ հանդիպում կկայանա առանց Ալիևի, Փաշինյանի, Մակրոնի, Շոլցի և Միշելի մասնակցությամբ, քննարկվելու են հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարները, Եվրամիություն Հայաստան օրակարգի ընդյայնման հարցը։