Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ այսօր Գրանադայում քննարկումների ընթացքում անդրադարձ կլինի Հայաստանին, բացի այդ՝ ինքը առանձին հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Մենք վճռականորեն աջակցում ենք Հայաստանին և իր հումանիտար կարիքներին, մենք արդեն հատկացրել ենք 5,2 եվրո միլիոն աջակցություն, այսօր ես վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը կհայտարարեմ, որ մենք կկրկնապատկենք այդ աջակցությունը՝ դարձնելով 10,4 միլիոն եվրո։ Մենք տրամադրում ենք նաև 15 միլիոն եվրո որպես ուղիղ բյուջետային աջակցություն, և այսօր կքննարկենք, թե ուրիշ ինչ կարող ենք անել Հայաստանի համար այս դժվարին իրավիճակում», - հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Հարցին՝ արդյոք Եվրամիությունը որևէ գործողություն կձեռնարկի՞ Ադրբեջանի դեմ իր ռազմական գործողության համար, որը հանգեցրել է 100 հազար հայերի տեղահանությանը, ֆոն դեր Լայնը պատասխանել է․ - «Մենք անմիջապես, դեռ սեպտեմբերի վերջին, հայտարարություն տարածեցինք՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում, և վճռական կոչ արեցինք վերսկսել երկխոսությունը խաղաղ հանգուցալուծման համար։ Սա է այն, ինչի վրա աշխատում ենք, և այժմ կարևոր է աջակցել Հայաստանին»։
Եվրահանձնաժողովի նախագահը փաստացի ոչինչ չի ասել Ադրբեջանի դեմ ձեռնարկվելիք հնարավոր միջոցների մասին։
Տե՛ս նաև այստեղ