Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ:
Հայաստանի կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է.
«Երեսուներեք տարի առաջ նշանակալի այս իրադարձությունը դարձել է գերմանացի ժողովրդի և համաեվրոպական միասնության ամրագրման խորհրդանիշը։
Գերմանիան Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է, մեր երկրում ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ընդլայնման ակտիվ աջակիցը:
Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ ընթացիկ տարում Հայաստանի և Գերմանիայի միջև միջպետական հարաբերությունները մեծապես ակտիվացել են, տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ:
Ջերմությամբ եմ հիշում այս տարվա գարնանը Գերմանիա կատարած աշխատանքային այցիս շրջանակներում մեր հանդիպումը, որի ընթացքում կառուցողական քննարկումներ ունեցանք քաղաքական, անվտանգային, առևտրատնտեսական, էներգետիկ, կրթամշակութային և երկկողմ հարաբերությունների այլ ոլորտներին առնչվող հարցերի շուրջ»:
Փաշինյանը մեծապես կարևորել է երկու պետությունների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և գնահատել Գերմանիայի ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ու ամրապնդման գործընթացում, ինչպես նաև անձամբ կանցլերի ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված հնգակողմ բանակցություններին։
«Լիահույս եմ, որ երկուստեք ջանքերով նոր հաջողություններ կունենանք երկկողմ և բազմակողմ համագործակցության շրջանակներում՝ ի շահ մեր ժողովուրդների», - ասված է ուղերձում։
Նիկոլ Փաշինյանն Օլաֆ Շոլցին հրավիրել է այցելելու Հայաստան՝ իրեն հարմար ժամանակ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Գերմանիայի կանցլերն ընդգծել է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունըՓաշինյանն ու Օլաֆ Շոլցը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը Փաշինյանը Մակրոնի և Շոլցի հետ զրույցներում Ալիևի հետ հրատապ քննարկումներ ունենալու պատրաստակամություն է հայտնել