Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում արդար և հարատև խաղաղության հասնելուն, Դուբլինում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
ԱԺ խոսնակը հույս է հայտնել, որ հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ առաջնորդների հանդիպումը մեկ քայլ առաջ կլինի:
«Հայաստանը վճռականորեն աջակցում է վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի կողմից համաձայնեցված և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից ձևակերպված խաղաղության մոտեցմանը», - հայտարարել է Սիմոնյանը՝ շեշտելով Երևանը ողջունում է ապագա տրանսպորտային համաձայնագրերը, որոնք հարգում են ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները:
ԱԺ խոսնակը կոչ է արել միջազգային հանրությանը, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդին, աջակցել այս գործընթացին:
«Այսօր որոշ երկրներ հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ: Նպատակները երկակի են՝ տապալել ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը և վարկաբեկել «ներկայացուցչական ժողովրդավարություն» հասկացությունը», - հայտարարել է Սիմոնյանը՝ չհստակեցնելով, թե որ երկրների մասին է խոսքը:
«Միասին, և գուցե միայն միասին, մենք կարող ենք հաղթահարել մեր ժամանակի դժվարությունները: Կենտրոնը պետք է կանգուն մնա», - եզրափակել է Սիմոնյանը:
Եվրամիության առաջնորդների հավաքին երկրորդ անգամ բանակցությունների նույն սեղանի շուրջ են նստելու Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպայի խորհրդի ղեկավարները։