Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում, X-ում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը՝ նշելով, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ընդգծելով, որ Եվրամիությունն ավելացրել է իր մարդասիրական ֆինանսավորումը 5, 2 միլիոն եվրոյով՝ Ֆոն դեր Լայենը նաև տեղեկացրել է, որ Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով եվրահանձնակատարը ուրբաթ օրը կժամանի Հայաստան՝ հետագա կարիքները գնահատելու համար:
Ըստ հայկական կողմի՝ հեռախոսազրույցի ընթացքում՝ Փաշինյանն ու Ֆոն դեր Լայենը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային իրադրությունը և Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։
Նրանք պայմանավորվել են քննարկումները շարունակել այս շաբաթ Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:
Հոկտեմբերի 5-ին իսպանական քաղաքում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բանակցությունները Արևմուտքի միջնորդությամբ են. Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ կլոր սեղանի շուրջ կլինեն նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գրանադայի բանակցություններին ընդառաջ Երևանն ու Բաքուն հույս են հայտնում, որ խաղաղության պայմանագիրը մոտ է