Իրանի Իսլամական Հանրապետությունն անընդունելի է համարում Հարավային Կովկասում սահմանների փոփոխությունները: Fars իրանական լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին այսօր ասել է Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:
«Մենք դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխմանը և տարածաշրջանում [իրավիճակի] աշխարհաքաղաքական ճշգրտմանը։ Մենք համաձայն ենք տրանսպորտային ուղիների և տրանսպորտային ցանցերի զարգացմանն այնպես, որ դրանք ապահովեն տարածաշրջանի երկրների շահերը, նպաստեն զարգացմանը և մարդկանց բարեկեցությանը: Բայց մենք դեմ ենք աշխարհաքաղաքական փոփոխություններին, մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը:
Նա հիշեցրել է, որ Թեհրանը մշտապես կոչ է անում տարածաշրջանի երկրների միջև առաջացող վեճերը կարգավորել քաղաքական գործընթացի և երկկողմ բանակցությունների եղանակով և միայն տարածաշրջանային ներուժի ներգրավմամբ:
Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, Քանանին ասել է, թե Իրանը սատարում է «այդ հողերն Ադրբեջանին վերադարձնելուն», և միաժամանակ ավելացրել է, որ «Թեհրանն ունի ղարաբաղցի փախստականներին օգնություն ուղարկելու ծրագրեր»:
Սեպտեմբերի 26-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո Անկարայում ասել է, թե հույս ունի, որ «Զանգեզուրի միջանցքը» մոտ ապագայում արագ կբացվի:
Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, թե ցանկանում է ստեղծել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը պետք է անցնի Հայաստանի Սյունիքի մարզով և հասնի Նախիջևան ու կապի այդ ինքնավար տարածքն Ադրբեջանի հիմնական մասի հետ:
Այդպես կստեղծվի նաև Թուրքիայից Ադրբեջան և այնտեղից էլ՝ Կասպից ծովով Կենտրոնական Ասիա տանող ուղին:
Հայաստանն, իր հերթին, բազմից պատասխանել է, որ պատրաստ է տրամադրել ճանապարհներ, սակայն դրանց շահագործումը պետք է իրականացվի բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով:
Պաշտոնական Երևանը նաև նշել է, որ Հայաստանից այլ երկրներ՝ Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհներն էլ կգործեն ադրբեջանական օրենքներով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանի պնդմամբ՝ «Զանգեզուրյան միջանցքին դեմ է ոչ թե Հայաստանը, այլ՝ Իրանը»